Ձեռքի գնդակ՝ «Ոդիսականից» մինչև «հազենա». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Հանդբոլը (անգլերենից թարգմանաբար` «ձեռքի գնդակ») ամբողջ աշխարհով տարածված թիմային խաղ է։ Այն խաղալու համար անհրաժեշտ է պարզապես դաշտ, դարպասներ և գնդակ: Թիմերը պետք է իրենց ձեռքերով հնարավորինս շատ գնդակներ նետեն հակառակորդի դարպասը: Հանդբոլի նման խաղերը հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ Նման խաղ նկարագրված է Հոմերոսի «Ոդիսականում», նաև հին հռոմեացի բժիշկ Գալենի կողմից: Սակայն ենթադրվում է, որ ժամանակակից հանդբոլը հայտնագործվել է դանիացի ֆուտբոլիստների կողմից 19-րդ դարի վերջում: Բանն այն է, որ այդ ժամանակներում դահլիճներում դեռ ֆուտբոլ չէին խաղում, իսկ ֆուտբոլիստների մարզավիճակը պահպանելու համար անհրաժեշտ էր մարզվել նաև ձմռանը։ Արդյունքում հորինվել է մի խաղ, որտեղ գնդակը մի խաղացողից մյուսին էր փոխանցվում ձեռքերի, այլ ոչ թե ոտքերի օգնությամբ, ինչպես ֆուտբոլում է։
Այդ մարզումներում խաղացող թիմերից յուրաքանչյուրը բաղկացած է եղել վեց խաղացողից և մեկ դարպասապահից։ 1898 թվականին Հոլգեր Նիլսենը՝ Դանիայի մարզադահլիճներից մեկի մարզիչը, աղջիկների ֆիզիկական դաստիարակության դասի ժամանակ սկսել է նրանց զբաղեցնել ձեռքի գնդակի նոր խաղով։ Այդ ամսաթիվն էլ պաշտոնապես համարվում է թիմային նոր խաղի՝ հանդբոլի ծննդյան օրը: Որոշ պատմաբաններ պնդում են, որ հանդբոլը հայտնվել է մի փոքր ավելի վաղ՝ 1890-ականներին, և որ «հազենա» (թարգմանաբար՝ «նետում») խաղն է եղել դրա հիմքը, որը շատ տարածված է եղել Չեխիայում: Այդ խաղում միասնական կանոններ չեն եղել, խաղի իմաստը եղել է խաղային գործիքը երկու թիմերի միջև միմյանց նետելը՝ առանց միմյանց դիպչելու: Հետագայում՝ 1917 թվականին, գերմանացի Մաքս Հեյզերը, հիմնվելով «ձեռքի գնդակ» խաղի 2 տարբերակի վրա (դանիական և չեխական), ստեղծել է կանանց թիմերի համար բոլորովին նոր խաղ, որը կոչվել է «հանդբոլ»՝ ձեռքի գնդակ:
Շուտով Բեռլինում կայացել է հանդբոլի գերմանական թիմերի առաջին առաջնությունն ու գավաթի խաղարկությունը։ 1923 թվականին հրապարակվել է խաղի նոր կանոնակարգը։ Նվազեցվել են դաշտի չափերը, մտցվել են կանոններ, որոնց համաձայն, մեկ խաղացողը չի կարող գնդակը պահել 3 վայրկյանից ավելի և կատարել 3 քայլ՝ առանց դրիբլինգի։ 20-ականների երկրորդ կեսին հանդբոլը համաշխարհային ճանաչում է ստացել։ Դա հսկայական խթան է հանդիսացել նրա զարգացման համար: Սկսել են հայտնվել առաջին ակումբները։ 1936 թվականին ձեռքի գնդակ մարզաձևը առաջին անգամ ընդգրկվել է Բեռլինի օլիմպիական խաղերի ծրագրում։ Հաղթանակը տարել է Գերմանիայի հավաքականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, հիմնադրվել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիան։
Նրա որոշմամբ էլ սկսել են անցկացվել 11 խաղացողից բաղկացած աշխարհի առաջնությունները տղամարդկանց և կանանց հավաքականների միջև։ Այդ ձևաչափով 1966 թվականին անցկացվել է աշխարհի 7 առաջնություններից վերջինը։ Այնուհետև 7 խաղացողից բաղկացած թիմերն են սկսել հանդբոլ խաղալ։ Կանանց թիմերի միջև օլիմպիական մրցանակները առաջին անգամ խաղացվել են 1976 թվականին Մոնրեալի Օլիմպիական խաղերի ժամանակ։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում