Ամոթ մեզ, որ հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտված չէ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վազգեն Սարգսյանի տարիներ առաջ ասած խոսքը, որ «Մեղրին մի օր պայթելու է Երևանում», չգիտեմ մարգարեական ասեմ, թե՝ արդիական, բայց հիմա հասկանում ենք ավելի առարկայական։ Թե՛ Սպարապետը և թե՛ Կարեն Դեմիրճյանն ակնհայտ ինչ որ ծրագրերի խանգարում էին։ Դա էր պատճառը, որ նրանք պետք է հեռացվեին ասպարեզից։ Այդ ահաբեկչական ակտը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ էր։ Տրամաբանորեն մտածելով, որ եթե այդ ահաբեկչությունը դեմ էր մեր պետականության շահերին, ապա նրանք երկուսն էլ պետականամետ քաղաքական գործիչներ էին»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է հասարակական գործիչ Արմինե Հայրապետյանը։
Մեր զրուցակիցը մեջբերում է նաև Վազգեն Սարգսյանի վերաբերմունքն Արցախի հարցի, այդ տարիներին վիճելի խոսույթ դարձած Սյունիքի մարզի ճանապարհների հանդեպ։
«Ես չեմ կարող ասել, եթե հիմա ողջ լինեին Սարգսյանն ու Դեմիրճյանը, ինչպիսի՞ լուծում կտրվեր Արցախի կորստի ու ՀՀ զիջվող տարածքների հարցին։ Քանի դեռ բացահայտված չէ ահաբեկչությունը, թե ովքե՞ր էին կանգնած Հունանյան եղբայրների թիկունքում, ի վերջո ո՞ր երկրի ծրագիրն էր դա, ես դեռ շարունակում եմ մտածել, որ այդ մարդիկ նույնիսկ հետմահու, դեռևս շարունակում են խոչընդոտել որոշ ծրագրերի, որոնք դեմ են ՀՀ պետական շահին»,-ընդգծում է նա։
1999 թվականին ազատամարտիկ Սերոբ Բունիաթյանը 30 տարեկան էր։ Նոր էր ամուսնացել։ Իր խոսքով՝ շատ նպատակներ ուներ հայրենիքի հետ։ Ահաբեկչությունը փոխեց ամեն ինչ։
«Կնոջս հետ որոշում կայացրեցինք՝ պսակադրվել ազատագրված Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքում։ Ամուսնացանք ու սկսեցինք ապրել Երևանում։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ոչ միայն քաղաքական կյանքը փոխեց, այլ այդ օրվանից սկսվեց մեր երկրի հետընթացը, գլխատվեց Հայաստանի Հանրապետոթյունը և սկսվեց գահավիժման փուլը։ Այսօրվա պես եմ հիշում այդ օրը։ Այն ժամանակ էլ կային իրավիճակին անտարբեր մարդիկ։ Բայց մենք ազատամարտիկներով խումբ էինք կազմել, հասել Ազգային ժողովի շենք։ Իմանալով, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը չկան, դա ինձ համար թիկունքից հարված էր։ Առաջին բանը, որ անցել է մտքովս՝ սահման մեկնելն էր»,-ասում է ազատամարտիկը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանի թուլացումը և Արցախի հանձնման ծրագրի հիմքը դրվել է այդ օրը։
«Անկեղծ, ես էլ չգիտեմ, թե ո՞ր երկրի պատվերը կարող էր լինել, բայց ամոթ մեզ, որ հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտված չէ։ Հիմա ի՞նչ ունենք։ Արցախը մեր տան դուռն էր, մեկ տարի է արդեն, որ մեր տունը դուռ չունի, իսկ երկրի հոգևոր-մշակութային արժեքները փոխարինվել են ստամոքսային արժեքներով ու մենք շարունակում ենք գահավիժել»,-եզրափակեց նա։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live