Եթե Արևմուտքը կորցնի Վրաստանը, կկորցնի նաև Հայաստանը. վրացագետ
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե այժմ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի «Վրացական երազանքի» առաջնորդների նկատմամբ, ապա բելառուսական սցենարը կարող է կրկնվել։ Արևմուտքում դա ոչ ոք չի ուզում, քանի որ այս դեպքում Վրաստանն իսկապես կվերադառնա Ռուսաստանի գիրկը։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։
«Վրաստանի իշխանություններն արդեն ցույց են տվել, որ չեն վախենում պատժամիջոցներից և բողոքի ցույցերից։ Ի՞նչ պետք է անի Արևմուտքը հաջորդիվ։ Մեկուսացնի՞ Վրաստանը։ Սա կհանգեցնի նրան, որ Արևմուտքը կկորցնի ողջ Հարավային Կովկասը, քանի որ Վրաստանը աշխարհագրորեն տարածաշրջանի բանալին է։
Վրաստանի իշխանությունները սրա վրա շատ լավ են խաղում, քանի որ Հայաստանը երեսը թեքել է դեպի Արևմուտք։ Եթե Արեւմուտքը կորցնի Վրաստանը, կկորցնի նաեւ Հայաստանը, Երեւանը նույնպես կթեքվի դեպի Ռուսաստան։ Վրաստանի իշխանությունները խաղում են դրա վրա՝ կոչ անելով Արևմուտքին շարունակել վրացական եվրաինտեգրումը Թբիլիսիի պայմաններով»,- ընդգծել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար հնարավորությունների պատուհան է բացվել Ուկրաինայի շնորհիվ։
«Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո ԵՄ-ն նախ պետք է ընդունի Ուկրաինան, ապա նոր քննարկի Վրաստանը։ Բայց ոչ ոք չգիտի, թե դա երբ կլինի։
Քանի դեռ մեր տարածքում կա ռուսական ռազմաբազա, այսպես կոչված, Հարավային Օսիայի տարածքում, Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է։ Այնտեղ ռուսական զորքերի առկայությունը Վրաստանի համար ամենակարևոր խոչընդոտն է դեպի ՆԱՏՕ, այլ ոչ թե ժողովրդավարությունը։ Երբ Թուրքիան, Ալբանիան և շատ ուրիշներ ընդունվեցին, նրանք հաստատ դեմոկրատական երկրներ չէին։
Վրաստանին ուզում են ընդունել ՆԱՏՕ, սա ձեռնտու է, բայց դժվար, քանի որ կա ռուսական զորքերի գործոնը»,- նշեց քաղաքագետը։
Շարաշենիձեի օսերից ներողություն խնդրելու մասին Իվանիշվիլիի՝ Գորիում հայտարարությունը լուրջ սխալ է անվանել, ինչը, նրա գնահատմամբ, դուր չի եկել անգամ նրանց ընտրողներին։
«Երևի նա հույս ունի, որ Մոսկվան թույլ կտա Թբիլիսիին և Ցխինվալին ոչ պաշտոնական մակարդակով կապ հաստատել։ Եթե ստացվում է, ապա ինչու ոչ: Բայց ես հույս ունեմ, որ մենք սրա համար սարսափելի գին չենք վճարի»,- հավելեց քաղաքագետը։
Միաժամանակ նա բացառեց, որ վրացական իշխանությունները լուրջ երկխոսության կգնան Մոսկվայի հետ, քանի որ նրանց ընտրողները նույնպես դեմ կլինեն դրան, ուստի քանի դեռ Ռուսաստանը զիջումների չի գնում Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում, Թբիլիսին Մոսկվայի հետ լուրջ երկխոսություն չի ունենա։
«Ամենայն հավանականությամբ, վրացական իշխանություններն այժմ կզրոյացնեն հարաբերություններն Արևմուտքի հետ, քանի որ նրանք հաստատ չեն ցանկանում մենակ մնալ Ռուսաստանի հետ»,- եզրափակեց փորձագետը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live