Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան
Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի։ Փաշինյանը հիմա ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն իր ուղերձում։
«Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում, հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամենին զոհաբերել հանուն Հայաստանի։ Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի, հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն՝ նոր գործարաններով, 300 հազար նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով, Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության, արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։
Մենք այլևս թույլ չենք լինելու, մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում։
Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհը։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։ Մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը, ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։
Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա, փոփոխությունների ժամանակի եկել է, շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք, արդարությունը հաղթելու է»,– ասել է նա։



