Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց
ПОЛИТИКАՌուսաստանում առաջարկում են ստեղծել «Պուտինի ճանապարհ» դեպի Հայաստան։ Մոսկվայում կայացած «Ռուսաստանը և աշխարհը․ երկխոսություններ — 2026» համաժողովի ընթացքում Կոմունիկացիաների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը հայտարարել է, որ եթե տարածաշրջանում քննարկվում է «Թրամփի երթուղին», ապա կարող է լինել նաև Ռուսաստանը Հայաստանին կապող «Պուտինի ճանապարհը»՝ Աբխազիայի և Վրաստանի միջոցով։
Այս հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր «Թրամփի երթուղու» նախագծի ֆինանսավորման մասին՝ խոստանալով Հայաստանին տրամադրել 145 միլիոն դոլար։ Վաշինգտոնը նաև հայտնել էր, որ պատրաստվում է ներդրումներ կատարել տարածաշրջանային ենթակառուցվածքների և առևտրային նախագծերի զարգացման մեջ։
Թեմային անդրադարձել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ կոմունիկացիաների դիվերսիֆիկացիան ինքնին ողջունելի է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով և ինչ պայմաններով են իրականացվելու նման նախագծերը։
«Եթե «Թրամփի ճանապարհը» ենթադրում է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմանափակում, ապա ռուսական առաջարկի դեպքում խոսքը Ռուսաստանը, Աբխազիան, Վրաստանն ու Հայաստանը երկաթուղային ճանապարհով կապելու գաղափարի մասին է», — նշել է Սուրենյանցը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ խնդրի հիմնական հանգույցը Աբխազիայի չկարգավորված կարգավիճակն է, սակայն նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կարող է զգալի տնտեսական օգուտներ ստանալ։
«Այդ տարբերակը կթուլացնի Վերին Լարսի անցակետի եղանակային խոչընդոտներից կախվածությունը, իսկ երկաթուղին բեռնափոխադրումների ամենահուսալի միջոցներից մեկն է», — ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին առևտրի գերակշիռ մասը կապված է ռուսական շուկայի հետ։
Սուրենյանցի խոսքով՝ նման նախագիծը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական և արտաքին կապերի զարգացման լուրջ խթան։
«Ես միայն կողմ կլինեմ, եթե Հայաստան–Ռուսաստան–Վրաստան եռանկյունում բանակցությունների և օպտիմալ լուծումների միջոցով այս խնդիրը լուծում ստանա», — նշել է նա։
Միաժամանակ Սուրենյանցը կարծիք է հայտնել, որ գործող իշխանությունները կարող են չգնալ նման նախագծի իրականացմանը՝ հաշվի առնելով իրենց հարաբերությունները Ադրբեջանի և Արևմուտքի հետ։
«Գուցե նրանք Ադրբեջանից Հայաստանի կախվածությունը մեծացնելու նպատակով չգնան նման լուծումների», — հայտարարել է նա։
Թեմային անդրադարձել է նաև ԲՀԿ պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող ճանապարհը վերաբերում է դեռևս Խորհրդային Միության տարիներին գործող հաղորդակցային ուղիներին, որոնք կապում էին ոչ միայն Հայաստանը Խորհրդային Միության, այլև Մերձավոր Արևելքի հետ։
«Հաշվի առնելով Իրանի հատուկ դիրքը ԵԱՏՄ-ում, դա, իհարկե, հատկապես տրանզիտային առումով, մեզ համար 1000 անգամ ավելի խոստումնալից է, քան Զանգեզուրի միջանցքը՝ այսպես կոչված «թրիփը», — նշել է Աբովյանը։
Նրա խոսքով՝ ռուսական առաջարկի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն չի ենթադրում որևէ երրորդ կողմի ներգրավվածություն։
«Այսինքն՝ «թրիփը» միջանցք է, իսկ այս տարբերակը ճանապարհ է, որը, ըստ էության, բացում է շատ մեծ և անհամեմատ ավելի ձեռնտու ու անվտանգ տրանզիտային հնարավորություններ՝ դեպի Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Իրան, ի վերջո՝ և՛ Ռուսաստան, և՛ Ասիա», — ասել է նա։
Աբովյանը նաև ընդգծել է, որ նախագծերը միմյանց չեն հակասում միայն այն դեպքում, եթե «թրիփը» ամբողջությամբ գտնվի Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։
«Բայց մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ենթակառուցվածքի էական՝ 70 տոկոսից ավելի բաժնեմասը պատկանում է այլ պետության՝ տվյալ դեպքում Միացյալ Նահանգներին, իսկ միջնորդավորված՝ Թուրքիային և Ադրբեջանին», — հայտարարել է նա։
Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Ռուսաստանը վերջին տարիներին զգալիորեն թուլացրել է տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ և այժմ փորձում է ամրապնդել կապերը Արևելքի, արաբական աշխարհի, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։
«Ռուսաստանին անհրաժեշտ էր ճանապարհ, որը շատ ավելի կարճ կլիներ, քան այն տարբերակը, երբ ապրանքները դեպի Իրան կամ Հնդկաստան տեղափոխվում են Թուրքիայի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ապա՝ Սուեզի ջրանցքով», — նշել է Նահապետյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը այդ լուծումը տեսնում է Հյուսիս-հարավ միջանցքում, որի ճյուղերից մեկը անցնում է Հայաստանով՝ Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան ուղղությամբ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի համար խիստ կենսական է, որպեսզի Հայաստանը և Վրաստանը դառնան այն կապող օղակը, որով Ռուսաստանը կարող է Հյուսիս-հարավ միջանցքը կենսունակ դարձնել նաև այդ երկու երկրների միջոցով», — ասել է նա։
Նահապետյանը չի բացառել նաև աբխազական երկաթուղու կամ Հարավային Օսեթիայով անցնող ավտոմոբիլային ճանապարհի վերագործարկման հնարավորությունը։
«Այս առումով Հայաստանը ամբողջովին կշահի՝ հաշվի առնելով, որ այսօր մենք կարող ենք դառնալ բազմաբևեռ աշխարհի երկու կարևորագույն պետությունների կապող տրանզիտային երկիրը», — նշել է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ էական չէ, թե նախագծին ինչ անվանում կտրվի՝ «Թրամփի ուղի» թե «Պուտինի ուղի», քանի որ դրանք ավելի շատ քարոզչական ձևակերպումներ են։
«Սա այլընտրանք չէ, այլ կոնկրետ ճանապարհ, որը կապում է Ռուսաստանին և Իրանին՝ Վրաստանի և Հայաստանի միջոցով», — ընդգծել է Նահապետյանը։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ նման նախագիծը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային տեսանկյունից։
«Եթե Իրանը և Ռուսաստանը միմյանց հետ կապվում են նաև Հայաստանի միջոցով, ապա պատերազմի հավանականությունը տարածաշրջանում կտրուկ նվազում է», — եզրափակել է նա։
Այսպիսով, թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում նախաձեռնությունն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել․ մասնագետների գնահատմամբ՝ այն կարող է նպաստել տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, երկրի տարանցիկ և ռազմավարական դերի բարձրացմանը, ինչպես նաև նոր տնտեսական ու հաղորդակցային հնարավորությունների ձևավորմանը։



