Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
ОБЩЕСТВОԱվտոմեքենայի 2026 թվականի գույքահարկը պետք է վճարել մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկը հաշվարկվում է շարժիչի հզորությունից. մինչև 10 նստատեղ ունեցող 120 ձիաուժ նոր մարդատար ավտոմեքենայի համար այն 24 000 դրամ է, իսկ 121 ձիաուժի համար՝ արդեն 36 300 դրամ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 243-րդ, 244-րդ, 248-րդ և 251-րդ հոդվածներով, իսկ էլեկտրամոբիլների հզորության որոշման կարգը՝ կառավարության որոշմամբ։
Ինչպե՞ս է հաշվարկվում գույքահարկը
Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար տարեկան դրույքաչափերն են (հոդված 244, մաս 1).
- 1-ից 120 ձիաուժ (ներառյալ)՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 200 դրամ,
- 121-ից 250 ձիաուժ (ներառյալ)՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 300 դրամ և 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1 000 դրամ,
- 251 և ավելի ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի համար 500 դրամ և 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար՝ լրացուցիչ 1 000 դրամ։
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է այս դրույքաչափերը բարձրացնել մինչև 10 տոկոսով (մաս 8)։
Օրինակներ՝ նոր մեքենայի համար, առանց համայնքային բարձրացման. 150 ձիաուժ՝ 45 000 դրամ, 200 ձիաուժ՝ 110 000 դրամ, 251 ձիաուժ՝ 226 500 դրամ։
Ինչպե՞ս է ազդում թողարկման տարեթիվը
Թողարկման ամսաթիվը ներառող տարվա և դրան հաջորդող երկու տարիների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով։ Թողարկման տարվան հաջորդող երրորդ և հետագա յուրաքանչյուր տարվա համար այն պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան գույքահարկի գումարի 50 տոկոսը (մասեր 4–5)։
Օրինակ՝ 2023 թ. թողարկված մեքենայի համար 2023–2025 թթ. գույքահարկը հաշվարկվել է 100 տոկոսով, իսկ 2026 թ. համար այն պակասեցվում է 10 տոկոսով։
Իսկ եթե էլեկտրամոբիլ ունեք
2026 թ.-ի ապրիլի 1-ից էլեկտրամոբիլի պետական գրանցման ժամանակ նշվող շարժիչի հզորությունը, եթե այն մուտքագրված չէ էլեկտրոնային անձնագրերի շտեմարան, որոշվում է այսպես. մինչև 250 ձիաուժ (ներառյալ) առավելագույն հզորությունը բաժանվում է 1,5-ի, իսկ ավելի մեծ հզորության դեպքում 250 ձիաուժը բաժանվում է 1,5-ի, 250-ը գերազանցող ձիաուժերը՝ 2,5-ի, և արդյունքները գումարվում են (ՀՀ կառավարության 2010 թ.-ի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշում՝ լրացված 2026 թ.-ի մարտի 5-ի N 249-Ն որոշմամբ)։
Մինչև 2026 թ.-ի հունվարի 1-ը գրանցված էլեկտրամոբիլների տվյալներն ինքնաշխատ փոփոխվում են 2026 թ.-ի հունվարի 1-ից, իսկ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը գրանցվածներինը՝ գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Որոշումը գործում է մինչև 2028 թ.-ի դեկտեմբերի 31-ը։
Օրինակ՝ եթե շտեմարանում տվյալ չկա, 225 ձիաուժ առավելագույն հզորությամբ նոր էլեկտրամոբիլի համար կնշվի 150 ձիաուժ, և առանց համայնքային բարձրացման գույքահարկը կլինի 45 000 դրամ։ Առավելագույն հզորությամբ հաշվարկի դեպքում այն կկազմեր 142 500 դրամ։
Ի՞նչ է կարևոր իմանալ
- Հաշվառող մարմինները ծանուցագիրը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, սակայն ծանուցագիր չներկայացվելը չի ազատում հարկն ամբողջությամբ վճարելու պարտականությունից (հոդված 248, մասեր 3–4)։
- Ֆիզիկական անձինք նախորդ տարիների գույքահարկը պետք է ամբողջությամբ վճարեն մինչև մեքենան տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը (հոդված 251, մաս 2)։
Երևանում հաշվառված մեքենայի գույքահարկի չափը կարող եք ստուգել Երևանի քաղաքապետարանի առցանց ծառայությամբ։
«Ամփոփելով՝ ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարել մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ դրա չափը կախված է շարժիչի հզորությունից և մեքենայի թողարկման տարեթվից», – տեղեկացնում է կայքը։



