Բյուջեից 19.6 մլրդ դրամ` տրանսպորտին
ЭКОНОМИКА2016 թվականի առաջին կիսամյակում տրանսպորտի բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 19.6 մլրդ դրամ՝ 74.9%-ով ապահովելով ծրագրի կատարումը, որը հիմնականում պայմանավորված է ճանապարհային տրանսպորտի դասի ծախսերի՝ 77.7% ու խողովակաշարային և այլ տրանսպորտի դասի ծախսերի 55.7% կատարողականով: Խմբի ծախսերի 89.1%-ը կամ շուրջ 17.5 մլրդ դրամը կազմել են ճանապարհային, 1.6%ը կամ 312.8 մլն դրամը` երկաթուղային, 0.9%ը կամ 168 մլն դրամը` օդային և 8.4%-ը կամ շուրջ 1.7 մլրդ դրամը` խողովակաշարային և այլ տրանսպորտի ծախսերը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսպորտի խմբի ծախսերն աճել են 35.4%-ով կամ 5.1 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված ճանապարհային տրանսպորտի բնագավառի ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային տրանսպորտի դասում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 17.5 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 77.7%-ը:
Ճանապարհային տրանսպորտի ոլորտին կատարված հատկացումների հաշվին իրականացվել են 15 ծրագրեր, այդ թվում` արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել են յոթ վարկային և մեկ դրամաշնորհային ծրագրեր: Հաշվետու ժամանակահատվածում հատկացված միջոցներից շուրջ 2.7 մլրդ դրամն ուղղվել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների ֆինանսավորմանը՝ կազմելով ծրագրի 97.4%-ը: Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղային տրանսպորտի դասի շրջանակներում կատարվել են 312.8 մլն դրամի ծախսեր՝ կազմելով ծրագրի 85.6%-ը: Նշված միջոցներն ուղղվել են ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրմանը` 89.4%-ով ապահովելով ծրագրի կատարումը: 2016 թվականի առաջին կիսամյակում օդային տրանսպորտի գծով պետական բյուջեի ծախսերում արձանագրվել է 46.3% կատարողական, որը կազմել է ավելի քան 168 մլն դրամ և ուղղվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պահպանմանը, որից շուրջ 95.5 մլն դրամը կատարվել է բյուջետային միջոցների հաշվին, 72.6 մլն դրամը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին: Խողովակաշարային և այլ տրանսպորտի գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 1.7 մլրդ դրամ` 55.7%-ով ապահովելով ծրագրի կատարումը:
Համաձայն բյուջետային ամփոփ տեղեկատվության՝ հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ իրականացվել են Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորումը և համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրումը, որոնց շրջանակում օգտագործվել է համապատասխանաբար 1.3 մլրդ դրամ և 319.2 մլն դրամ: Հավելենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսպորտի ոլորտին ուղղվող ծախսերը հիմնականում չեն փոփոխվել:
Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան