ՀՀ Նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանը պատրաստակամ է աշխատել «Ելք»-ի հետ
АНАЛИТИКАՀանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը բավարարված է զգում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տեղի է ունեցել կառուցողական և բաց հանդիպում:
«Շատ բաց, պրոֆեսիոնալ քննարկում ենք ունեցել, միմյանց հարցեր ենք ուղարկել: Ես ինքս ինձ բավարարված եմ զգում այս հանդիպումից: Եվ ասեմ, որ սա միակ հանդիպումը չի լինի: Մենք արդեն պայմանավորվել ենք հետագայում նոր հանդիպումների վերաբերյալ»,- նշել է Սարգսյանը:
Նա հավելել է նաև, որ մինչև «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը արդեն գիտեր, որ նրանք իր թեկնածությանը դեմ են քվեարկելու, բայց հարգում է նրանց որոշումը:
«Դա չի նշանակում, որ նախագահ ընտրվելու դեպքում ես նրանց հետ չեմ աշխատելու: Նրանք ընդդիմադիր քաղաքական ուժ են, ներկայացնում են հասարակության որոշ հատվածի կարծիքը, ուստի ես առաջ եմ նայում նրանց հետ համագործակցության առումով»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտների, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Սփյուռքում:
Փաստորեն, մարտի 2-ից, այսինքն, նախագահի ընտրություններից առաջ մինչ օրս տեղի ունեցած հանդիպումների շարքում Ա. Սարգսյանն առաջին անգամ է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում:
Ուշագրավ է, որ նախագահի թեկնածուն նաև նշել է, որ առաջ է նայելու և առաջիկայում «Ելքի» հետ նորից է հանդիպելու: Բայց նկատենք, որ «Ելքն» էլ Արմեն Սարգսյանի նման առաջ է նայելով է նրա թեկնածությանը դեմ քվեարկելու:
Մնում է հասկանալ, թե ով ումից ավելի հեռատես կգտնվի և այս քվեարկությունից ո՞վ ինչքան կշահի և կամ՝ կկորցնի:
Արմինե Գրիգորյան