Վարուժան Հոկտանյան. «Եթե ստիպել են հաղորդում տալ, ապա այս ամենից 37 թվականի հոտ է գալիս»
ПОЛИТИКАԱյսօր ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկա պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին տվել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք` ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին փոխանցելու համար, որից հետո իրեն նշանակել են վերոնշյալ պաշտոնին:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի համար սակայն, հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «… ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ-ն հաղորդում է տվել այն մասին, որ …» ձևակերպումը, քանի որ դրանից պարզ չի դառնում, թե իրականում հաղորդում տված Պ.Մ.-ն իր կամքո՞վ է հաղորդում տվել կաշառք տալու մասին, թե՝ զինվորական ոստիկանության կողմից ներկայացված ապացույցների ճնշման տակ է նման քայլի դիմել:
«Եթե նրան ստիպել են հաղորդում տալ, ապա պարզ է, որ այս ամենից 37 թվականի հոտ է գալիս, իսկ եթե կամավոր հաղորդում տալը եղել է կապիտանի ցանկությունը, ապա այստեղ նույնպես հարց է ծագում, թե ինչու է նա նման հաղորդում տալիս դեպքից ամիսներ անց: Ստացվում է, որ դեպքից 6 ամիս հետո ինքը հանկարծ հիշել է, որ կաշառք է տվել: Դա նույնպես տարօրինակ է»,- past.am-ին ասաց Վ. Հոկտանյանը:
Կազմակերպության ղեկավարը նշեց, որ սովետական տարիներից եղել են դեպքեր, երբ կաշառք տալուց, աշխատանքի ընդունվելուց հետո, տված գումարը դեռ «հետ չբերած» տվյալ անձին հանել են աշխատանքից, որից հետո, աշխատանքից զրկվածը որոշել է կաշառք տալու մասին հաղորդում տալ:
«Խորհրդային տարիներին, եղել են դեպքեր, որ նման մարդիկ ընդհուպ մինչև Լենինի դամբարան են դիմել: Եվ չի բացառվում, որ ՊՆ կապիտանին աշխատանքից ազատել են և այդ պատճառով է նա հիմա որոշել կաշառք տալու մասին հաղորդում տալ: Այսինքն, դա արդեն 37 թիվ չի և այստեղ արդեն ամենայն հավանականությամբ այլ շարժառիթներ կարող են լինել, որոնք նույնպես պետք է ուսումնասիրել»,- ասաց Վ. Հոկտանյանը:
Անդրադառնալով հարցին, թե դեպքը կարելի է ազդարարություն համարել, նա նշեց, որ եթե հայտարարությունում կա «օպերատիվ տեղեկություններ իրացնելիս» արտահայտությունը, ապա ազդարարության մասին խոսելն այս դեպքում հնարավոր չէ:
«Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, բայց ամեն դեպքում ասվածից կարելի է ենթադրել, որ կապիտանի դեպքում ստալինյան ձեռգրով են առաջնորդվել: Եվ եթե այդպես է, ապա դա ազդարարություն չի: Սա նաև լավ օրինակ է հասկանալու, թե «գործ տալը» ինչով է տարբերվում ազդարարությունից: Այսինքն, ստալինյան մեթոդը՝ գործ տալն է, իսկ կամավոր հաղորդում ներկայացնելը՝ ազդարարություն: Չի բացառվում, որ ցանկություն է եղել այդ գնդապետից ազատվել և այդ պատճառով էլ գործ են սարքել, իսկ եթե կապիտանն իր կամքով է հաղորդում տվել, ապա կրկնում եմ՝ հարց է ծագում, թե ինչու է այդքան ուշ որոշել այդ մասին հայտարարել»,- ասաց Վ. Հոկտանյանը:
Արմինե Գրիգորյան