Հունաստանի ՊՆ-ը մեղադրել է Էրդողանին երկու սահմանախախտ հույն զինվորականներին «պատանդ» պահելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսը հայտարարել է, որ թուրքական սահմանը հատած երկու հույն զինվորականներին ձերբակալելու հրամանն անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է տվել, ըստ Կամմենոսի՝ Թուրքիայի իշխանությունները հույն զինվորականներին պատանդ են պահում քաղաքական նպատակներով, գրում է diken.com.tr կայքը։
«Մեր զինվորները ձերբակալվել են Հունաստան փախած 8 ապստամբ թուրք զինվորականների հետ փոխանակվելու նպատակով», - ասել է հույն նախարարը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել երկու հույն զինվորականներին, որոնք ամիսներ առաջ մոլորվել ու սխալմամբ անցել էին թուրք-հունական սահմանը։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ էր արել Թուրքիային ազատ արձակել հույն զինվորականներին։
Հունաստանի կառավարության խոսնակ Դիմիտրիս Ցանակոպուլոսն էլ հայտարարել էր, որ Թուրքիան այլևս «հատում է թույլատրելի գիծը»՝ շարունակելով հրաժարվել վերադարձնել թուրք-հունական սահմանը հատած երկու հույն զինվորներին։