100 օրվա հարցերն ու հանրահավաքային. մոտեցումները. «Փաստ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության գործունեության 100 օրն ամփոփվեց հանրահավաքով: Թե ինչու ընտրվեց նման ձևաչափ, ներկայումս այլևս հարկ չկա քննարկել, սակայն հանրահավաքից հետո էլ մի շարք հարցեր բաց մնացին: Ինչ խոսք, իր ելույթում վարչապետն անդրադարձավ մի շարք կարևոր գաղափարների՝ ուղիղ ժողովրդավարություն, հանրաքվեներ, սահմանադրական փոփոխություններ և այլն: Ելույթի այս հատվածը կարելի էր համարել ոչ այնքան ամփոփիչ, ինչքան ծրագրային: Սա նույնպես նորմալ է, կարելի է ասել՝ դրական: Սակայն հանրահավաքի ընթացքում գործունեության 100 օրվա ամփոփման փոխարեն հանրահավաքը զարգացավ իր՝ հանրահավաքային տրամաբանությամբ:
Սա էլ, ըստ էության՝ նորմալ է, որովհետև, խոստովանենք, նման միջոցառումների ժամանակ հնարավոր էլ չէ պրագմատիկ ու չոր ամփոփում ներկայացնել, խոսել հստակ խնդիրների ու հստակ տեսլականների մասին: Արդյունքում հանրահավաքն ավարտվեց՝ թեկուզ ոգևորությամբ, թեկուզ բարձր տրամադրությամբ, սակայն այդպես էլ չտալով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Նախ՝ վարչապետն իր խոսքում չանդրադարձավ տնտեսության տեսլականներին ու սպասվող փոփոխություններին՝ խոստանալով այլ հարմար առիթով ներկայացնել դրանք: Սա, թերևս, կառավարության գործունեության առանցքային կետերից մեկն է: Ինչ խոսք, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 100 օրում հնարավոր չէ հասնել տնտեսության մեջ մեծ ձեռքբերումների՝ առավել ևս իշխանափոխությունից հետո, սակայն առնվազն, 100 օրը բավական է հստակ տեսլական ներկայացնելու, սկզբունքներ ձևակերպելու համար:
Ըստ էության՝ այս սկզբունքների և տեսլականի ձևակերպումն իր կարևորությամբ որևէ կերպ չի զիջում իշխանության կողմից այնքան սիրելի «կոռուպցիայի դեմ պայքարին»: Ի վերջո, միայն կոռուպցիայի դեմ պայքարելով ու բացահայտումներով երկրի տնտեսությունը չի կարող առողջանալ, առավել ևս, որ ներկայումս, ինչպես երկրի կյանքի բոլոր բնագավառներում, այնպես էլ տնտեսության մեջ սպասողական իրավիճակ է: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել, և, ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը շարունակվելու է մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտ: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք տնտեսությունն այդքան համբերել, ի վերջո, ցանկացած երկրի տնտեսություն կենդանի օրգանիզմ է, որին հարկավոր է շարժում, հակառակ դեպքում սկսվում է «ճահճացման» գործընթաց: Այս առումով հուսանք, որ առաջիկայում կլսենք նաև Հայաստանի տնտեսության ապագայի մասին ոչ թե ամփոփում, այլ առաջարկվող սկզբունքների ու հայեցակարգի մասին:
Մեկ այլ խնդիր էր հանրահավաքում հերթական անգամ ԱԱԾ–ի հիշատակությունները: Հասկանալի է, հանրահավաքի տրամաբանության մեջ կարելի է դիմել սուր տպավորություններ առաջացնող հնարքների և հռետորական խոսքի, սակայն, ինչպես տեսանք հանրահավաքի արձագանքներից, շատերը ԱԱԾ–ի մասին հիշատակություններն ընկալել էին որպես սպառնալ իք և ճնշում:
Թերևս նման երկիմաստություններից խուսափելու համար պարզապես կարելի է թողնել, որ ԱԱԾ–ն ու մյուս այսօրինակ մարմինները լռել յայն իրենց գործով զբաղվեն: Վերջապես պետք է նշել, որ վարչապետի ելույթի առաջին մասում հիշատակված մի շարք կարևոր գաղափարներ, ինչպես ասվեց արդեն՝ ուղիղ ժողովրդավարություն, անցումային արդարադատություն և այլն, պարզապես հասու չեն հանրային լայն զանգվածներին, ինչն իր հերթին բերում է նրան, որ այդ գաղափարները մի կողմից պարզունակ են ընկալվում, մյուս կողմից տարբեր շրջանակներ պարզապես մանիպուլ յացնում են: Այս առումով պետք է շեշտել, որ կարիք կա լայնորեն լուսաբանել ու պարզաբանել վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված այս գաղափարները, հակառակ դեպքում մենք գործ ենք ունենալու զանգվածային թյուրըմբռնումների հետ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում