Երկրի այցեքարտը՝ ոչ պրոֆեսիոնալների միջոցով. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ոլորտներ են, որոնց մասին շատ չեն խոսում. իհարկե, կան և միշտ էլ կլինեն տարբեր լուրջ և անլուրջ վերլուծաբաններ, քաղաքագետներ, որոնք հազար ու մի տեսություն առաջ կքաշեն, սակայն, որպես կանոն, նման տեսությունները միշտ էլ մնում են ենթադրությունների և սուբյեկտիվ վերլուծության չափումներում՝ անկախ դրանց ճշմարտամոտ կամ ճշմարտանման լինելուց: Մեծ հաշվով դիվանագիտությունը բավական փակ ոլորտ է, և սա նորմալ է անվտանգության բազմաթիվ նկատառումներից ելնելով:
Սակայն, անկախ սրանից, կան իրավիճակներ, երբ պետք է սկզբունքային խնդիրների մասին բարձրաձայնել: Ըստ էության՝ ոչ միայն Հայաստանում, այև միջազգայնորեն ընդունված պրակտիկա է եղել դեսպաններ կամ դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակել անձանց, որոնց նկատմամբ որոշում է կայացվել հեռացնել ակտիվ քաղաքական ասպարեզից: Խոսքն ավելի շատ Հայաստանի տիպի վարչակարգ ունեցող երկրների և ինչ–որ տեղ հետխորհրդային տարածքի մասին է: Իհարկե, սա որևէ հատուկ օրենքով ու կարգով չէր կարող կանոնակարգվել, բայց դե փորձը հենց դա է ցույց տալիս:
Այսօր, ըստ էության, Հայաստանում գլոբալ առումով ընթանում է վարչակարգի վերակազմավորման և վերաձևակերպման գործընթաց, և այս տեսանկյունից ոչ միայն հետաքրքիր, այլև շատ կարևոր է, թե ինչպիսի սկզբունքներ են նոր իշխանությունները որդեգրելու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ընտրության հարցում: Նախկինում ամեն ինչ առավել քան պարզ էր՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար դեսպանի պաշտոնը շատ հարմար և պատվաբեր թոշակառուի կարգավիճակ էր: Անշուշտ, սա համատարած մոտեցում չէր, սակայն նման միտումներն ակնհայտ էին:
Այստեղ, սակայն, խնդիրն այն էր, որ փաստացի դեսպան կամ ներկայացուցիչ էին դառնում գործիչներ, ովքեր պարզապես որևէ աղերս չունեին դիվանագիտության հետ: Եթե մի շարք երկրների դեպքում, որոնց հետ Հայաստանը չուներ շատ սերտ հարաբերություններ, կարելի էր մեծ դժվարությամբ աչք փակել նման նշանակումների վրա, ապա խնդիրը շատ ավելի լուրջ էր դառնում, երբ խոսքը հարևան և գործընկեր երկրների մասին էր:
Դիցուք, Վրաստանի օրինակը, երբ այստեղ ժամանակին դեսպան նշանակվեց անվանի սպորտսմենը: Թե ինչպիսի դժգոհությունների տեղիք տվեց Հայաստանի դեսպանի և դեսպանատան գործունեությունը, գուցե թե պետք էլ չէ կրկին հիշեցնել:
Այսօր Հայաստանի նոր իշխանությունների առաջ այս խնդիրն առկա է, քանի որ եթե մենք խոսում ենք նոր տեսքով, նոր իշխանությամբ ու վարքագծով աշխարհին ներկայանալու մասին, ապա դա պետք է առաջին հերթին անենք հենց մեր ներկայացուցիչների միջոցով: Ի վերջո, ուզենք, թե չուզենք, Հայաստանի դեսպանատները որոշակի այցեքարտ են, որոնք պետք է լավագույնս ի ցույց դնեն երկիրը:
Սա իշխանափոխությունից հետո քիչ քննարկվող, սակայն առավել կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ դիվանագիտական առաքելություններում ընդգրկված պատահական անձանց փոխարինելու պետք է գան զուտ պրոֆեսիոնալներն ու իրենց գործի գիտակները: Ներկայումս, սակայն, դժվար է ասել, թե դիվանագիտության մասնագետներ պատրաստող մեր հիմնարկներն ունե՞ն բավարար ռեսուրս՝ ամբողջ ապարատը արմատական փոփոխությունների ենթարկելու համար, թե՞ ոչ, սակայն բոլոր դեպքերում այդ փոփոխությունները հրատապ են, իսկ եթե անգամ չկա համապատասխան ռեսուրսը, ապա օր առաջ պետք է ձեռնամուխ լինել այն ձևավորելուն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում