«Ցանկալի չէ, որ էյֆորիան անցնի». «Փաստ»
ИНТЕРВЬЮ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը, անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ կուսակցությունը ձեռքերը ծալած նստած չէ: Հակառակը՝ բավականին ակտիվ է: Անգամ օրերս հայտարարություն է տարածել այն մասին, թե ճգնաժամից դուրս գալու ինչ ելք են տեսնում: Խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությանը իրենց կուսակցության մասնակցության մասին՝ Ա. Բալոյանն ասաց, որ անպայման մասնակցելու են, պարզապես դեռ չգիտեն, թե ինչ ձևաչափով:
«Օրենսդիր և գործադիր իշխանություններում տարբեր քաղաքական ուժերի մեծամասնություն լինելու հանգամանքը, մեր կարծիքով, քաղաքական ճգնաժամ է, և դրա հաղթահարման միակ տարբերակը մենք տեսնում ենք հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեջ: Մենք ռիսկային ենք համարում այս պահին վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանի լուծարմանը հասնելու տարբերակը և կարծում ենք, որ դրան հասնելու ամենաարդյունավետ ուղին հանրաքվեի միջոցով Ազգային ժողովին անվստահություն հայտնելն է»,– ասաց Ա. Բալոյանը:
Ընտրություններին միայնակ կամ դաշինքով մասնակցելու հարցը Ա. Բալոյանը դեռ վաղ է համարում: Երբ ընտրությունների ժամկետներն ավելի մոտ լինեն, պարզ լինի նաև, թե կուսակցություններից ով ինչ ձևաչափով է մասնակցելու, իրենց քայլերն էլ ավելի պարզ կլինեն:
«Արդարությունը» հիմնադրվել է 1999 թվականին: Լինելով սոցիալ–դեմոկրատական ուղղվածություն ունեցող քաղաքական կուսակցություն՝ ներկայում ունի մոտ 3000 անդամ: Գրասենյակներ ունեն բոլոր մարզկենտրոններում և Երևանում: Առաջիկա ընտրությունների ժամանակ հավանաբար դաշինք կկազմեն ձախ ուժերի հետ:
Բայց, ընդհանրապես, այս փուլում ընտրությունները, կուսակցության ղեկավարի խոսքով, իրենց համար սեփական գաղափարները և մոտեցումները ներկայացնելու հնարավորություն են:
«Թեև այս փուլում չեմ կարող ասել, թե ինչ ձևաչափով հանդես կգանք, բայց կարծում եմ, որ ներկայացված կլինենք ապագա Ազգային ժողովում: Երևանի արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքները նույնպես քաղաքական ճգնաժամի հետևանք են: Հուսով ենք, որ առաջիկա ընտրությունների ժամանակ այդ բևեռացումը կթուլանա և կսկսվի գաղափարական, ծրագրային պայքար, իսկ ընտրողները ընտրություն կկատարեն ոչ թե հեղափոխության և հակահեղափոխության միջև, ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ եղավ, այլ այս անգամ գաղափարների և ծրագրերի ընտրություն կլինի»,– ասաց Ա. Բալոյանը:
Նա նշեց նաև, որ նման կանխատեսում անելու հիմք է տալիս հույսը, որ մինչև խորհրդարանական ընտրությունների սկիզբը կավարտվի հեղափոխություն–հակահեղափոխություն կոչվող իրավիճակային խաղը, ինչի շնորհիվ էլ մարդիկ կկարողանան նորմալ պայմաններում և սթափ ընտրություն կատարել:
«Մենք կողմնակից ենք, որ ընտրություններն ավելի շուտ անցկացվեին՝ նույնիսկ այս ամռանը լինեին, որպեսզի քաղաքական ճգնաժամն օր առաջ հանգուցալուծվեր: Ինչ վերաբերում է ժողովրդի էյֆորիկ վիճակին, ապա պետք է ձգտենք ամեն ինչ անել, որպեսզի մարդկանց մոտ այն չանցնի: Ժողովուրդը մշտապես պետք է համարի, որ ինքն է իշխանության տերը և անընդհատ պետք է մասնակցի պետական կառավարմանը իր վերահսկողությամբ, իր գործողություններով, իր վերաբերմունքով: Այդ իսկ պատճառով էլ ցանկալի չէ, որ ժողովրդի էյֆորիան նվազի: Ընդհակառակը՝ ցանկալի է, որ ժողովուրդը միշտ պահանջատեր լինի և տեր կանգնի իր իրավունքներին, իր ձայներին, իր երկրին»,– ասաց Ա. Բալոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում