Թղթերով ամեն ինչ նորմալ է.երբ սիրելի «կռուտիտն» օրենքն է
АНАЛИТИКАՆախօրեին ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ինքնապարգևատրումների հայտնի թեմային, նշել է, թե մարզպետները գործել են օրենքի շրջանակներում: Ընդհանրապես, իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում էին տարբեր ձևաչափերով համոզել հանրությանը, որ պարգևատրումներում որևէ խնդիր չկա, ամեն ինչ օրինական է: Կային այնպիսինները, որոնք նույնիսկ քննադատելով պարգևատրումների հանգամանքը՝ չէին մոռանում հավելել, որ ամեն ինչ, միևնույն է, օրենքի շրջանակներում է:
Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ, օրինակ, գնաց ավելի հեռուն և հայտարարեց, որ ամեն ինչ ոչ միայն օրինական է, այլև մարզպետները իներցիայով են պարգևավճարներ տվել: Այսինքն, ևս մեկ փաստարկ ավելացրեց պարգևավճարներն արդարացնելու համար: Իմիջիայլոց, տիկին Նազարյանը նաև ԱԺ–ում լրագրողներին հորդորել էր իրենից հեռախոսով հարցազրույց չվերցնել: Տողատակը պարզ է՝ հարցազրույց պետք է վերցնել միայն մեծ և պրոֆեսիոնալ տեսախցիկով, ինչպես հարիր է «նորմալ» ԶԼՄ–ներին: Առաջին հայացքից հեռախոսով հարցազրույց վերցնելու թեման որևէ կապ չունի պարգևավճարների թեմայի հետ, սակայն՝ միայն առաջին հայացքից: Իրականում գործ ունենք նույն խնդրի տարբեր դրսևորումների հետ:
Իշխանությունները փաստացի չափից շուտ ու չափից շատ դարձել են ֆորմալիստական մոտեցման երկրպագու, սկսել են նախընտրել ձևը բովանդակությունից: Անվերջ մեջբերումներն օրենքի մասին դրա վկայությունն են: Ի՞նչ է նշանակում մարզպետներն օրենքի շրջանակներում են գործել: Սերժ Սարգսյանն էլ էր օրենքի շրջանակում գործում, երբ, օրինակ, առաջադրվում էր վարչապետի պաշտոնում: Նույն օրենքի շրջանակներում նա նախաձեռնում էր Սահմանադրության փոփոխություն, որպեսզի շարունակի երրորդ ժամկետով կառավարել: Կամ նույն օրենքին, ֆորմալիստական տրամաբանությանը հղում անելով էր Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում ԵԼՔ խմբակցության հավաքած տոկոսների մասին հայտնի երկխոսության ժամանակ:
Նույն Սերժ Սարգսյանը ժամանակին նշում էր, թե թղթերով ամեն ինչ նորմալ է ՀՀԿ– ական գործարարների հետ: Այսինքն, զուտ ձևական, օրենքի մակարդակում ամեն ինչ կարգին էր: Նախորդ համակարգի խնդիրն էլ հենց դա էր, որ թղթով և օրենքով ամեն ինչ կարգին էր, բայց բովանդակության հետ, ընդհակառակը, կային լրջագույն խնդիրներ:
Եվ այս իմաստով հատկանշական է, որ պարգևավճարներով հասարակության մտահոգությունը ոչ թե օրենքի, այլ բարոյականության և քաղաքականության դաշտում է: Հենց այս դաշտում պետք է հիմնավորեն իշխանությունները ինքնապարգևատրման դրսևորումները: Իսկ օրենքին հղում անել նշանակում է չունենալ ասելիք: Նույնկերպ իշխանական երիտասարդ պատգամավորները հիմնավորում էին, որ օրենքը թույլ է տալիս նրանց երիտասարդ տարիքում լինել պատգամավոր: Այսինքն, իրենց պատգամավոր լինելու շուրջ կասկածները, որոնց հիմքում նրանց անփորձությունն է, նրանք հերքում էին ոչ թե քաղաքական հիմնավորումներով, այլ պարզապես մեջբերում էին օրենքը, թղթի վրա գրվածը:
Այս կոնտեքստում է նաև Լենա Նազարյանի վերոնշյալ միտքն առ այն, որ իրենից հեռախոսով հարցազրույց չվերցնեն: Այսինքն՝ հեռախոսները, համացանցը, արագ և մոբիլ ինֆորմացիայի հոսքը հեղափոխության օրերին կենսական նշանակություն ունեին, հատկապես ԶԼՄ–ների ահռելի մասի վերահսկելիության պայմաններում, բայց հիմա հանկարծ հեռախոսները դարձան անընդունելի՞:
Օրենքն, անշուշտ, կարևորագույն գործառույթ ունի պետության կյանքում: Բայց նախ օրենքն է մարդու համար, հետո՝ մարդը օրենքի: Երկրորդ՝ հեղափոխություն չէր լինի, եթե քաղաքական գիտակցությունը մնար օրենքի, թղթի վրա գրվածի մակարդակին: Հեղափոխությունը խախտում է այդ թղթի վրա գրվածը ու սահմանում նորը, սահմանում բովանդակայինի գերակայությունը ձևի նկատմամբ, ավելի ստույգ՝ համադրում դրանք: Ցավոք հիմա հեղափոխականները սկսել են նորից ձևը գերադասել բովանդակությանը և առիթ–անառիթ կրկնում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ