Գիրանալն իրո՞ք վտանգավոր է և պե՞տք է արդյոք պայքարել դրա դեմ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Մարդու քաշի նորմայից ավելի յուրաքանչյուր կիլոգրամը իրենից վտանգ է ներկայացնում, և պետք է այն բերել նորմայի:
Իրականում այնքան էլ այդպես չէ:
Ամբողջ հարցն այն է, որ անհայտ է, թե որն է մարդու նորմալ քաշը: Իհարկե, կա ընդունված բանաձև՝ «տղամարդու նորմալ քաշը պետք է լինի հասակի թվից հանած 100, հանած 10 տոկոս», «կնոջ նորմալ քաշը պետք է լինի հասակի թվից հանած 100, հանած 15 տոկոս»: Սակայն ներկայումս այս բանաձևը չի օգտագործվում, քանի որ, հասակից և սեռից բացի, կան նաև մի շարք այլ գործոններ, օրինակ՝ տարիքը, նյութափոխանակության առանձնահատկությունները, ժառանգականությունը և այլն: Այս գործոնները այնքան շատ են, որ, օրինակ, 158 սանտիմետր հասակ ունեցող կնոջ համար իդեալական քաշը կարող է տատանվել 51-ից 67 կիլոգրամի սահմաններում: Այսինքն, «իդեալական քաշ» հասկացությունը ստանում է հարաբերական իմաստ: Նշենք, որ վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ամերիկյան բժիշկների, այդ հասկացությունը աճել է մի քանի կիլոգրամով: Բանն այն է, որ վերջնական իմաստով «իդեալական քաշ» հասկացության տակ մենք հասկանում ենք ավելի շուտ այն քաշը, որի դեպքում մաքսիմալ ավելանում է կոնկրետ մարդու կյանքի տևողությունը: Կարելի է բազմաթիվ հրապարակումներ գտնել այն մասին, որ ավելորդ քաշը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, արթրիտի, դիաբետի, հիպերտոնիայի, քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացմանը: Բայց այս ամենից չի կարելի եզրակացություն անել, որ այս բոլոր հիվանդությունների առաջացման պատճառը ավելորդ քաշն է: Բանն այն է, որ ավելի հաճախ լինում է հակառակը՝ ինչ-որ հիվանդություն է հանգեցնում քաշի ավելացմանը: Ցանկացած հետազոտության դեմ այն մասին, որ ավելորդ քաշ ունեցողները ավելի կարճ են ապրում և ավելի հաճախ հիվանդանում, կարելի է բերել այդ ամենը հերքող այլ հետազոտություն: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս, որ գեր մարդիկ ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի խոցով և մի շարք այլ հիվանդություններով, բացի այդ, նրանք ավելի քիչ են ինքնասպանություն գործում: Անգամ հաստատվել է, որ, այսպես կոչված, իդեալական քաշից 10 կիլոգրամ ավելի քաշ ունեցողները ավելի երկար են ապրում, քան իդեալական քաշ ունեցողները: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կան երկու տեսակի ճարպային բջիջներ: Կան պաթոլոգիկ համարվող ճարպային բջիջներ, որոնց քանակի պակասեցումը անկասկած դրական է ազդում առողջության վրա: Բայց կան նաև նորմալ ճարպային բջիջներ, որոնց դեմ պայքարել ոչ միայն պետք չէ, այլ նաև վտանգավոր է առողջության համար: Համարվում է, որ գեր մարդկանց միայն 5 տոկոսի դեպքում է, որ պետք է հեռացնել ավելորդ ճարպային բջիջները: Այս ամենից միանգամայն պարզ է դառնում, որ գիրացման դեմ պայքարող տարբեր մարդկանց և կազմակերպություններին հետաքրքրում է ոչ թե անհատի առողջությունը, այլ, ինչպես միշտ, այդ անհատի դրամապանակը: Իրականում բացարձակապես ապացուցված չէ, որ մի քանի ավելի կիլոգրամ ունենալը վտանգ է ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար:
Այն, որ քաշն այնքան էլ կապ չունի առողջության հետ, կարելի է ցուցադրել հետևյալ օրինակով: Համարվում է, որ ճաղատները ավելի շատ են փող վաստակում, բայց դա չի նշանակում, որ ճաղատներն ավելի խելացի են, կարելի է քաչալանալ և փող վաստակել: Ուղղակի ճաղատանալը նշան է, որ մարդն արդեն հասունացել է՝ տարիքի հետ կապված: Այսինքն, հարստանալուն նպաստում է ոչ թե ճաղատությունը, այլ ուրիշ գործոն, այս դեպքում՝ տարիները, փորձառությունը: Նույն կերպ գեր մարդու մոտ հիվանդության զարգացմանը կարող է նպաստել ոչ թե գիրությունը, այլ ցանկացած այլ գործոն: Իհարկե, խոսքը աննորմալ, երեք չորս անգամ ավելի քաշ ունենալու մասին չէ, ինչը ոչ միայն հիվանդությունների աղբյուր է, այլ ինքնին հիվանդություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը