Կարծում եք՝ ստրկությունը վերացե՞լ է. եթե այո, ապա սխալվում եք
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Հին ժամանակներում աշխարհում տարածված է եղել ստրկությունը, իսկ ներկայումս նման բան չկա։
Իրականում այդպես չէ։
Պարզվում է, որ ներկայումս աշխարհում ավելի շատ ստրուկներ կան, քան եղել են նախկինում։ Ըստ վերջին տվյալների, այժմ կա մոտ 27 միլիոն ստրուկ, որոնցից 13 միլիոնը՝ երեխաներ: Իսկ ահա հին ժամանակներում երկրագնդի բնակչությունը քիչ էր, և չէր կարող այդ քանակի ստրուկ լինել (համեմատության համար ասենք, որ դարերի ընթացքում Աֆրիկայից Ամերիկա մայրցամաք է տեղափոխվել ընդամենը 12 միլիոն ստրուկ)։
Ներկայիս ստրուկների 80%-ը նախատեսված է սեքս-ինդուստրիայի համար, 19%-ը՝ աշխատանքային շահագործման համար , իսկ մնացած 1%-ը՝ այլ նպատակների համար (մասնավորապես, մարդկանց օգտագործելը օրգաններ ձեռք բերելու նպատակով)։ Ստրկության հաշվին հանցագործ արտազգային կորպորացիաները տարեկան ստանում են մոտավորապես 19 միլիարդ դոլար եկամուտ։ Ըստ Ազգերի լիգայի կողմից 1926 թվականին ընդունված «Ստրկության մասին» հռչակագրի, ստրկություն արտահայտության ներքո հասկանում ենք անձի կացությունը կամ վիճակը, ում հանդեպ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշ լիազորություններ, իսկ ստրկավաճառության տակ հասկանում ենք այն բոլոր գործողությունները, որոնք կապված են առևանգման, ինչ-որ անձի գնման կամ նրան ստրուկի վերածելու հետ։ Մարդկանց առք ու վաճառքով զբաղվողները սովորաբար օգտագործում են սուդանյան արտահայտությունն այն մասին, որ պետք է օգտագործել ստրուկին, որպեսզի ունենաս այլ ստրուկներ, այսինքն՝ նրանք ուղարկում են «կոտրված աղջիկներին» սեքս-առևտրի համար նոր երիտասարդ աղջիկներ հավաքագրելու։ Նշենք նաև, որ սեքս-առևտուրը մեծ ազդեցություն ունի աշխարհում ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի տարածման գործում։ Չինաստան փախչող հյուսիսկորեացիների 80%-ը կանայք են։ Նրանց մեջ ամեն 10-ից 9-ը դառնում է մարդկանց վաճառքով զբաղվողների զոհ՝ մեծամասամբ սեքսառևտրի համար։ Եթե կանայք բողոքում են՝ նրանց հետ են ուղարկում Հյուսիսային Կորեա, որտեղ նրանց սպասում է բանտ ու մահապատիժ։ Ըստ վերջին տվյալների, ամեն տարի մոտ 30 000 ստրուկ է մահանում հիվանդությունների, կտտանքների և ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։ Սեքսստրկության մեջ գտնվողների 80%-ը մինչև 24 տարեկան է, կան անգամ մինչև 6 տարեկաններ։ Ըստ մարդկանց առևտրի համար դատապարտված Լյուդվիգ Ֆայնբերգի («Տարզան»), կարելի է 10 000 դոլարով գնել կին և մեկ շաբաթից այդ ամբողջ գումարը հետ ստանալ, եթե նա լինի երիտասարդ և սիրունատես, իսկ արդեն նրա հետագա աշխատանքը քո մաքուր շահույթն է։ 2003 թվականին Հոլանդիայում իրականացված մի հետազոտությամբ պարզվել է, որ միջինը մեկ սեռական ստրուկը իր կավատի համար տարեկան բերում է 250 000 դոլար եկամուտ։ Չնայած նրան, որ մարդկանց առևտուրը գաղտնի է, համարվում է հանցագործություն ու ճշգրիտ վիճակագրական տվյալներ չկան, բայց հետազոտողների և մասնագետների կարծիքով, մարդկանց առևտրի զոհերի ավելի քան 80%-ը կանայք են, ընդ որում՝ 50% դեպքերում դրանք երեխաներ են։ Ներկայումս աշխարհում սառը պատերազմի ավարտը նշանավորվել է տարբեր տարածաշրջանային հակամարտությունների առատությամբ։ Մեծ թվով հակամարտող խմբեր ռազմական գործողությունների ֆինանսավորման և զինվորների հավաքագրման համար գումար են ձեռք բերում մարդկանց վաճառքով։ Օրինակ, Թալիբան շարժումը գնում է 7 տարեկան երեխաներ և նրանցից պատրաստում մահապարտներ։ Այդ երեխաների գինը տատանվում է 7 000-ից 14 000 դոլարի սահմաններում։
Կարելի է նշել նաև, որ հին ժամանակներում երբեմն ստրուկների վիճակը ավելի լավ էր, քան ներկայիս ստրուկներինն է։ Օրինակ, Հին Հունաստանում կային, այսպես կոչված, հասարակական ստրուկներ. սրանք պատկանում էին քաղաքին և ոչ թե կոնկրետ մեկ անձնավորությանը։ Նրանք սեփականության իրավունք ունեին, ավելին՝ նրանց մեջ անգամ մեծահարուստներ կային։ Բացի իրենց պարտականությունները կատարելը, մնացած դեպքերում նրանք ունեին այն բոլոր իրավունքները , ինչ ազատ մարդիկ։ Հենց նման ստրուկներից էր կազմավորվում քաղաքի ոստիկանությունը, նման ստրուկները աշխատում էին նաև որպես բանտապահներ, դահիճներ, գրագիրներ և անգամ հաճույքի ծառաներ՝ հասարակաց տների աշխատողներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը