Որքա՞ն կարող է սուզվել... սովորական սուզանավը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Սուզանավերը կարող են իջնել ջրի հատակը կիլոմետրերով, և այստեղ կարևորն այն է, որ սուզանավի կորպուսը դիմանա արտաքին ճնշմանը։
Իրականում այնքան էլ այդպես չէ։
Բանն այն է, որ սովորաբար սուզանավերը շատ չեն խորանում ջրի հատակ։ Փաստացի դա նրանց այնքան էլ պետք չէ՝ սուզանավի համար կարևորն այն է, որ ընդամենը աննկատ դառնա։ Ամենաառաջին սուզանավերը բավականին պրիմիտիվ էին։ Օրինակ՝ 17-րդ դարի վերջին Անգլիայի թագավորի համար ստեղծված՝ հոլանդացի Կոռնելի վան Դրեբելլեի սարքը ջրի մեջ էր իջնում ընդամենը մի քանի մետր։ Տարբեր գյուտարարների կողմից ավելի ուշ ստեղծված սուզանավերը ևս նույն կարողությունն ունեին։ Իհարկե, ժամանակի ընթացքում այդ ցուցանիշը բարելավվում էր, բայց անգամ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում սուզանավերը ընկղմվում էին ջրի մեջ մոտավորապես միայն 10 մետրի չափով։ Իրականում սա լրիվ բավարար էր, որ նրանք անտեսանելի դառնան։ Ժամանակակից սուզանավերը շատ հեռու են գնացել իրենց առաջին նախատիպերից։ Այնուամենայնիվ, անգամ ներկայիս փոքր և միջին չափերի սուզանավերը ունակ են իջնել ջրի մեջ ընդամենը մի քանի տասնյակ մետր, և միայն ատոմային սուզանավերն են ունակ իջնել մի քանի հարյուր մետր և մնալ այդ վիճակում մի քանի ամիս։
Ատոմային սուզանավերի սուզման առավելագույն խորությունը մոտավորապես 600 մետր է։ Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե 100 մետրն այնքան էլ մեծ խորություն չէ, բայց փաստ է, որ անգամ նման խորության սուզանավերը շատ դժվարությամբ են իջնում։ Բանն այն է, որ ջրի մեջ ճնշումը շատ արագ է աճում՝ յուրաքանչյուր 10 մետր իջնելու դեպքում ճնշումը աճում է մեկ մթնոլորտով։ Այսինքն, 100 մետրի դեպքում առկա է 10 մթնոլորտ ճնշում, իսկ կես կիլոմետրի դեպքում՝ 50 մթնոլորտ։ Արդյունքում սուզանավի կորպուսը չի կարողանում դիմանալ այդ ճնշմանը և սեղմվում է։ Բայց այստեղ ավելի կարևորը դա չէ, այլ այն, որ նման խորություններում դժվարանում է նավի սուզվելը և վեր բարձրանալը։ Բանն այն է, որ սուզվելու համար սուզանավի՝ հատուկ այդ նպատակի համար նախատեսված բալաստային տարողությունները լցվում են ջրով և սարքը ծանրության ուժի ազդեցությամբ սուզվում է, իսկ վեր բարձրանալու համար պոմպերով այդ նույն ջուրը դուրս է մղվում։ Իսկ եթե արտաքին ճնշումը մեծ է, անհնար է դառնում տարողություններից ջուրը արտամղել և ստիպել սարքին ջրի երես դուրս գալ։ Ներկայումս սուզանավերից ավելի խորը սուզվում են բատիսկաֆները, բատիսֆերաները և այլ խորջրային սարքերը, որոնք կարող են դիմանալ անգամ 1000 մթնոլորտ ճնշմանը։ Իհարկե, այս սարքերը ռազմական նշանակության չեն, սրանք ընդամենը հետազոտական կամ փրկարարական սարքեր են։ Ամենահայտնի բատիսկաֆը «Տրիեստան» է։
Այն ստեղծել է ֆիզիկայի պրոֆեսոր, շվեյցարացի Օգյուստ Պիկկարը։ 1953 թվականին այս բատիսկաֆի նախատիպը Նեապոլիտանական ծոցում իջել է օվկիանոսի խորքը 3 կիլոմետր։ 1958 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը գնել են Պիկկարի սարքի երկրորդ օրինակը 250 000 դոլարով։ Այս սարքը Մարիանյան իջվածքում իջել է մինչև 10 991 մետր։ Բացի այդ ընկղմումը, բատիսկաֆը օգտագործվել է ևս երկու անգամ. 1963 թվականին դրա օգնությամբ հայտնաբերվել և հետազոտվել են 2,5 կիլոմետր խորության տակ գտնվող խորտակված «Ֆրեշեր» ատոմային սուզանավի մնացորդները, իսկ 5 տարի անց՝ խորտակված «Սկորպիոն» նավի մնացորդները։
Ներկայումս համարվում է, որ ճապոնացիները առաջ են անցել բոլորից և ստեղծել են աշխարհի ամենախորասուզվող ստորջրային սարքը. դա «Շինկայն» է, որն ունի երեք հոգանոց անձնակազմ։ Այն ստեղծվել է Ճապոնիայի ծովային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը