Գագիկ Ծառուկյանը դրեց վերջակետը.գնդակն իշխանության դաշտում է
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտնի հրապարակային գրությանը։ ԲՀԿ առաջնորդի պատասխանը բազմաշերտ է ու, ըստ էության, տալիս է բարձրացված բոլոր հարցերի պատասխանները՝ փակելով շահարկումների, քաղաքական ու քարոզչական մանիպուլ յացիաների ճանապարհը։
Ծառուկյանը նշում է, որ պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման։ Թերևս շահարկումներից խուսափելու համար ԲՀԿ առաջնորդը հատուկ շեշտում է, որ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին ստանալու իրավունքը:
ԲՀԿ առաջնորդը հանգամանալից ներկայացնում է, որ իր գործունեությունը միտված է երկրում հռչակված տնտեսական հեղափոխության օրակարգի իրականացմանը՝ անուղղակի ակնարկելով, որ իր դեմ կամպանիա իրականացնողները հետապնդում են ոչ այնքան հասկանալի նպատակներ։ «Ներդրումային քաղաքականությունը հայտարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հայտարարել է ներդրումային քաղաքականության իրականացմանը հնարավորինս նպաստելու և աջակցելու պատրաստակամության մասին»,- անձամբ իր ու ԲՀԿ-ի գործունեությունն այսպես է ներկայացրել Գագիկ Ծառուկյանը։ Նա, ի դեպ, հանդես է եկել շատ կարևոր ու առանցքային մի դիտարկումով. «...շատ ներդրողներ հենց ինձ են տեսնում որպես իրենց ներդրումների վստահելի երաշխավոր, իսկ նման վստահությունը ձեռք է բերվել տարիների ազնիվ ու հաջողված գործունեության շնորհիվ»:
ԲՀԿ առաջնորդն, ըստ էության, ակնարկում է, որ անցած մեկ տարվա ընթացում Նիկոլ Փաշինյանի թիմին չի հաջողվել ստեղծել ներդրումային ինստիտուցիոնալ միջավայր, ինչը միանգամայն համարժեք ու տեղին դիտարկում է։
Հիմնավոր փաստերը շարադրելուց հետո Գագիկ Ծառուկյանը դիմում է Արարատ Միրզոյանին՝ պնդելով. «...անհամաձայնությունս եմ հայտնում բարձրացված խնդրի առնչությամբ «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ» ձևակերպմամբ տրված Ձեր գնահատականներին, ինչպես նաև՝ հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկությունը «քողարկված մեխանիզմներով» փաստացի անմիջական կառավարելու Ձեր ակնարկին»:
Միով բանիվ՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե կիսում է ապագայում քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությունների տարանջատման իրավական մեխանիզմները որոշակիացնելու և հստակեցնելու մասին խորհրդարանի նախագահի կարծիքը: «Ինչպես անձամբ ես, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել համաշխարհային փորձն ուսումնասիրելու և համապատասխան օրենսդրական փաթեթ մշակելու գործում»,նշել է ԲՀԿ առաջնորդը։
Թեև Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ իր կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները, սակայն, ըստ իս, խնդիրը շարունակվելու է շահարկվել, ինչի մասին խոսում է թեկուզև ՔՈ ՍԴԿ կուսակցության նոր նախաձեռնությունը, ինչպես նաև այդ կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի, մեղմ ասած, անհասկանալի նոր հայտարարությունը, որը մատուցվել է որպես անձնական կարծիք։ Կուսակցությունը դիմել է Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում նախաձեռնելու առաջարկով: Ինչքան էլ տարօրինակ է՝ խորհդարանական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ, չնայած Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ուղղակի կամ անուղղակի պաշտպանում են քաղաքական լուսանցքում հայտնված փոքր կուսակցության առաջարկությունը։ Միանգամայն բնական է, որ ՔՈ-ն կարող է նպատակ ունենալ՝ ապալեգիտիմացնել խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները, սակայն տարօրինակ է, որ դրան նպաստում են նաև իշխանությանը մաս կազմող որոշ պատգամավորներ՝ ըստ էության, հակադրվելով Նիկոլ Փաշինյանի օրակարգին։
Ենթադրում եմ, որ գործող իշխանությունը որոշակիորեն կորցրել է իր քաղաքական միասնականությունը ու փորձում է կոնսոլիդացվել՝ «թշնամու» նոր կերպարներ ստեղծելով։ Սակայն սա էժան քաղաքական տրյուկ է, որը հաստատապես հեռանկար չունի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հեղափոխության թիմի վարկանիշն աստիճանաբար անկում է ապրում՝ չիրականացված խոստումների հետևանքով, իսկ Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի հեղինակությունն աճում է։ Մյուս կողմից՝ ակնհայտորեն Ծառուկյանի դեմ նման դեմարշները պայմանավորված են հունիսի 9-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրություններով, որտեղ իշխանության թեկնածուն մրցակցային ընտրություններում հաստատապես չի կարող հաղթել գործող քաղաքապետին, որին սատարում են Ծառուկյանն ու նրա կուսակցությունը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թիմն ընտրել է սխալ մարտավարություն, որը բնորոշ է հին համակարգին։ Հակաօլիգարխիկ մտացածին կարգախոսներով ընդդիմադիր հիմնական ուժին լռեցնելու մարտավարությունը դատապարտված է ձախողման, որովհետև միայն խորացնելու է Հայաստանի քաղաքական կյանքում նկատվող ճգնաժամը։
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ