Մենք ենք, Լյուքսեմբուրգը, մեկ էլ՝ Չինաստանը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՌուսաստա՞ն, թե՞ Եվրոպա։ Մի շարք երկրների առջև հարց է ծառացել՝ ու՞մ հարել, ու՞մ հետ զարգացնել առևտուրը, քաղաքական ո՞ր համակարգով կողմնորոշվել։ Սեփական մոդելը քարոզելու համար ԵՄ-ն 10 տարի առաջ նախաձեռնեց «Արևել յան հարևանություն» նախագիծը։ ԵՄ-ն մտադիր է բարելավել հարաբերությունները 6 պետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Բրյուսելում նշում են ծրագրի 10-ամյակը։ Արևել յան հարևանների ու Կովկասի երկրների կայունությունը վիթխարի նշանակություն ունի ոչ միայն անվտանգության քաղաքականության տեսակետից, այլև եվրոպական էներգամատակարարման: Այս 6 երկրները ԵՄ անդամակցության թեկնածուներ են։
Օրինակ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի՝ միանշանակ եվրոպամետ երկրների հետ կնքվել են ասոցացման, ազատ առևտրի և առանց վիզայի ռեժիմի համաձայնագրեր։ Հայաստանի հետ, որ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, ստորագրվել է գործընկերության համաձայնագիր։ Շուտով նոր համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի հետ, որ դիրքավորվում է ո՛չ ռուսամետ, ո՛չ արևմտամետ։ Առավել ծանր են հարաբերությունները Բելառուսի հետ:
2009-ի մայիսին Պրագայում կայացավ Արևել յան գործընկերության հիմնադիր հանդիպումը: Այդ ժամանակից Եվրոպական կենտրոնական բանկից տարածաշրջան է փոխանցվել 8,7 միլիարդ եվրո: Ընթացիկ ապրիլի վերջին գործում է 95 նախագիծ։ Գումարի մեծ մասը հատկացվել է Ուկրաինային (5,5 միլիարդ եվրո), ապա՝ Վրաստանին (1,84 միլիարդ եվրո)։ Ամենից քիչ (96,3 միլիոն եվրո) ներդրվել է Ադրբեջանում:
Երբ ԵՄ-ն խոսում է համընդհանուր խաղաղության մասին, ապա մեր տարածաշրջանում դա ինքնին ենթադրելի չէ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես թշնամիներ են ու հարաբերություններ չունեն։ Հարաբերությունները Վրաստանի հետ հաճախ վեճեր են հարուցում ԵՄ-ում։ Ինչպես Արևել յան Բալկանների դեպքում՝ ԵՄ-ն ռազմավարական հետաքրքրություն ունի, որ երկիրն իրեն մոտ պահի և սահմանափակի այլ ուժերի ազդեցությունը։ Բայց միևնույն ժամանակ դա խնդրահարույց է՝ անկայուն երկրների ինտեգրումը կարող է ապակայունացնել ԵՄն։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ անորոշությունը, կարելի է դիտարկել Մոլդովայի օրինակով։
Նախնական շրջանում այդ փոքրիկ, գյուղատնտեսական երկրի հետ մեծ հույսեր էին կապում Արևել յան հարևանության ծրագրում: Սակայն 2015թ.-ից Մոլդովան վերածվեց մշտական հոգսերի առարկայի։ Այդ ժամանակ մոլդովական հաշվեհամարներից անհետացավ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի գումար, 3 բանկ սնանկացավ, եվրոպամետ կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, տնտեսական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով 3,5 միլիոնից հարյուր հազարավոր քաղաքացիներ հեռացան երկրից։ Նոր կառավարությունը երկիրը հեռացրեց ԵՄ արժեքներից։ Անհանգստությունը, որ պատմությունը կկրկնվի Վրաստանի հետ, մեծ է. շատ են խոսակցությունները, որ Վրաստանի կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ հեռանկարներ, որպեսզի առավել նպատակամետ բարեփոխումներ արվեն և երբեք ԵՄ-ից երես չթեքեն։ Նշենք, որ անգամ ԵՄ-ի բարեհաճության պայմաններում Վրաստանի անդամակցության մասին խոսք կարող է լինել 25 տարի հետո: Բրյուսելի անվճռականությունը Մոսկվային բավարար ժամանակ է տալիս՝ խարխլել ԵՄ-ի տարածաշրջանային ազդեցությունը։ Ապատեղեկատվությունը պրոբլեմ է Արևել յան հարևանության երկրներում: ԵՄ-ն արդեն հատուկ խումբ է ստեղծել տեղական մեդիատարածքի դիտարկման համար։ Բացի այդ, փաստը, որ սահմանների շուրջ վեճեր ունեցող ոչ մի երկիր չի կարող ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, խթանում է Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը։ Պատահական չէ, որ ի դեմս Վրաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ են ԵՄ-ի անդամակցության առավել հավանական 2 թեկնածուները։
Բրյուսելի հանդիպմանը նախատեսվում էր Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ տնտեսական հարցերը լուծված են, խանգարողը քաղաքական է՝ Բաքուն պահանջում է, որ համաձայնագրում արձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, Բրյուսելն առարկում է, որ իր փաստաթղթերում չեն կարող տարընթերցումներ լինել Հայաստանի հետ կնքված համագործակցության համաձայնագրի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող դրույթից։ Մինչև բրյուսել յան հանդիպումը իրարամերժ տեղեկություններ էին տարածվում համաձայնագրի կնքման պայմանների ու ժամկետների մասին:
Ամփոփելով նշենք, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Նա ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։ Այս պայմաններում առաջանում է անխուսափելի հարց՝ ի՞նչն էր այդպես Փաշինյանին վանում Բրյուսելից, որ ամեն ինչ արեց հնարավորինս քիչ մնալու համար՝ նախ թռավ Լյուքսեմբուրգ, հետո շտապեց Պեկին։ Մեղմ ասած՝ դա անթաքույց արհամարհանք է ԵՄ-ի նկատմամբ: Նույնիսկ նման աշխատանքային այցերի դեպքում հանդիպումներ են նախատեսվում ԵՄ ղեկավարության հետ. Փաշինյանի օրակարգում ո՛չ Տուսկը կար, ո՛չ Մոգերինին: Մի խոսքով՝ ոչ ոք: Միանգամից հարց է առաջանում՝ արդյո՞ք Պեկին մեկնելը պատրվակ չէր. ի վերջո, Սի Ձին Պինը կամ Լի Քեց Յանն այնքան փորձառու են, որ կհասկանային՝ ինչու՞ է Հայաստանի վարչապետը մի քանի ժամ ավելի մնում Բրյուսելում։ Ընդամենը 5 ժամանոց այցը ԵՄ մայրաքաղաք որպես քաղաքական դիրքորոշում է որակվելու՝ որ կողմից էլ նայես:
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ