Առաջադրվեց «ոչ լեգիտիմ» նախագահի կողմից
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին: Այս առաջադրումն ուշագրավ է մի քանի տեսանկյունից: Նախագահը չորս անգամ առաջադրել է այլ թեկնածուների, որոնք, ըստ ոլորտի ներկայացուցիչներից շատերի, իրենց մասնագիտական հատկանիշներով եթե չեն էլ գերազանցել, ապա, մեղմ ասած, հաստատ չեն զիջել Գրիգորյանին: Սակայն Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունը չորս անգամն էլ տապալել է ընտրությունը՝ հստակ հասկացնելով, որ կընտրեն միայն «սվոյ» թեկնածուի: Այսինքն, գործ ունենք ամենուր յուրային ունենալու իշխանական պարզ ձգտման հետ՝ անտեսելով անկախ դատական համակարգ ունենալու մասին իրենց իսկ խոսքերը:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մինչև մի քանի ամիս առաջ էլ նույն Վահե Գրիգորյանը պնդում էր, որ Արմեն Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացի է և, ըստ այդմ, լեգիտիմ նախագահ չէ: Իսկ ավելի վաղ նախագահի մասին խոսելիս ասել էր՝ «հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող»: Հիմա նա առաջադրվում է այդ նույն «ոչ լեգիտիմ» նախագահի կողմից: Սակայն արդեն իսկ իրավաբանները նշում են, թե առաջադրումը եղել է օրենքի խախտումներով:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ հաջորդ «սերիաներում» Հրայր Թովմասյանին ստիպելու են հրաժարական տալ, որպեսզի Վահե Գրիգորյանին կարողանան «կարգել» ՍԴ նախագահ: