Ճապոնիայում անձրեւների քարտեզ կազմելու համակարգ են մշակել ապակեմաքրիչների տվյալների հիման վրա
МЕЖДУНАРОДНОЕՃապոնական խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն եւ եղանակի մասին Weathernews մասնավոր պորտալը սկսել են համակարգի թեստավորումը, որը թույլ է տալիս ռեալ ժամանակում անձրեւների քարտեզը կազմել երկրի այս կամ այն շրջանում ավտոմեքենաների ապակեմաքրիչների աշխատանքի մասին տվյալների հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը համացանցի հետ կապ ունեցող մեքենաների մասին է: Համակարգիչը հաշվարկում է միացված «մաքրիչների», ինչպես նաեւ դրանց աշխատանքի ինտենսիվության մասին տվյալները: Ստացած տեղեկությունները փոխանցվում են Weathernews-ի սերվերներին եւ գործնականում անմիջապես հասանելի դառնում օգտատերերին:
Նոր համակարգն առայժմ փորձարկվում է Տոկիոյում, Օսակայում եւ Այտի պրեֆեկտուրայում: Ներկայումս Toyota-ի միայն մի քանի մոդելներ ունեն համացանցին մշտական հասանելիություն, սակայն շուկա նոր մոդելներ բաց թողնելիս ընկերությունն այս տեխնոլոգիան կօգտագործի նաեւ դրանց վրա:
Ճապոնիայում եղանակի կանխատեսմանը մեծ ուշադրություն են դարձնում: Խանութների մի քանի խոշոր ցանցեր հատուկ այս տեղեկությունը գնում են մասնավոր ծառայություններից: Սա նրանց թույլ է տալիս գնահատել վաճառքի ծավալները, ինչպես նաեւ ժամանակին վաճառադարակներին դնել հովանոցները եւ անձրեւանոցները: