Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աղավնի Գրիգորյան. Պատը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

КУЛЬТУРА

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՊԱ­ՏԸ

Լինում է, չէ՞, որ նստում ես համակարգչի առաջ, կիսատ գործեր ունես, որ պիտի մշակվեն, հղկվեն, ու մեկ էլ քեզնից անկախ սկսում ես հավաքել բոլորովին այլ տեքստ, որ գալիս է սկզբում մեկ, երկու նախադասության տեսքով, հետո կապվում է, շաղկապվում:

 Իրար ետևից արագ-արագ ավելացող տողերի արանքից հստակ ուրվագծվում են հերոսներդ՝ իրենց հույզերով, առօրյայով, գալիս, լցվում են ներսդ, խառնում, փոթորկում քեզ իրենց պատմությամբ: 

Արդեն վաղվանից պիտի մտածես, տանջվես, կարոտես և ուրախանաս իրենց հետ: Երեկ դեռ գոյություն չունեցող, այսօր իրականություն մտնող և կամաց-կամաց միս ու մարմին ստացող կերպարներդ հարազատանում են, թվում է, թե արդեն տարիներ է, որ ճանաչում ես, անգամ եղել ես նրանց տանն ու մասնակիցն իրենց ընտանեկան հավաքույթների:

***

Կեսգիշերն անց է: Երեխաները քնել են վաղուց. առավոտյան շուտ պիտի դպրոց գնան: Հայաստանից լուրերն է լսում. ընտրատարածքներում ավարտում են ձայների հաշվարկը՝ «Էլի բան չի փոխվելու»: 

Ամեն անգամ Հայաստանից նորություն լսելիս սիրտը կտոր-կտոր է լինում, ու ներսը մի բան ճզմվում, ցավեցնում է` լացելու աստիճան: 

Հետո մտածում է՝ ինքն իրավունք էլ չունի բողոքելու կամ զգոնություն պահանջելու ընտրողներից, որ հերթական անգամ ընտրակաշառք վերցրին կամ չվերցրին… ու էլի ոչինչ չփոխվեց: 

Ինքն արդեն տասնվեց տարի է՝ Հայաստանից դուրս է ու բոլոր այդ տարիներին ամեն օր հույսով սպասում է, որ կկողպի էս բնակարանի դուռն ու ընտանիքի հետ կվերադառնա տուն:Մենակ նստած է, քունը չի տանում:

Չի էլ հիշում ոնց ամուսնացան: Ամեն ինչ այնքան արագ ստացվեց: Ազգականներից մեկի ընկերոջ տղան էր ապագա ամուսինը: Եկան մի օր իրենց տուն, ծանոթացան, մի քանի անգամ հանդիպեցին, իրար հավանեցին: Չհասցրեց անգամ սիրահարվել. 

Դեռ կսիրեմ` մտածեց: Ու սկսեցին արագ թղթաբանությամբ զբաղվել: Իտալիայում էր բնակվում տղայի ընտանիքը, եկել էին Հայասատանից «աղջիկ տանելու»:

 Ընկերուհիները երբ իմացան, աչքները փայլեցրին, մի քիչ էլ նախանձեցին:

-Բախտավոր մարդ ես, Ռո՛զ, Միլանը, Վենետիկը կտեսնես:

-Մեզ նկարները կուղարկես ու հատիկ-հատիկ կնկարագրես ՝ որտե՞ղ, ե՞րբ ու ո՞նց ես գնացել:

Համարյա քսան տարի է անցել: Նույն ընկերուհիները Միլանում էլ են հասցրել լինել, Վենետիկում էլ: Դե, հա՛, իրենք էլ մի քանի տարի առաջ Հռոմ այցելեցին: 

Դուստրը նորածին էր, և դա ինչ-որ չափով սահմանափակում էր իրենց զբոսանքները, բայց հրաշալի ճամփորդություն էր: 

Հիմա էլ ժամանակը չի հերիքում, և աշխատանքի բնույթը թույլ չի տալիս ճամփորդել: Երեխաներն են գնում այս կամ այն քաղաքը` էքսկուրսիա, ինքն էլ ուրախանում է

Ծնողների հետ առաջին տարիներին խոսել չէր կարողանում` երկու-երեք բառից հետո արցունքները խեղդում էին, լավ էր՝ այն ժամանակ դեռ սկայպ չկար, չէին տեսնում: Հիմա արդեն չի ստացվում. հենց տեսազրույցը չի միացնում, հայրն ասում է. 

-Ռոզ, կարողա՞ բանա եղել, չես միացնում կամերադ:

Ստիպված միացնում է, փորձում ուրախ երևալ: 

Անջատելուց հինգ րոպե անց որդու հեռախոսին զանգ է գալիս, ու պապին հեռվից խոսակցությունը բերում, հասցնում է նրան, թե «մամային հո չեք նեղացրել, «մի տեսակ» էր ձայնը»:

***

Նորովի կրկնվող պատմությունը. քաղաքական դիմակներ, խայտառակ խախտումներ, որոնցից մի քանիսն ասես աչք մտցնելու համար եթեր են հեռարձակում հերթով բոլոր հեռուստաընկերությունները, մեկը մյուսից անհեթեթ մեկնաբանությունները և ասես հատուկ ընտրված՝ անճարակ, հուսահատ մարդիկ, որոնց դեմքին տեսախցիկն ուղղելուց առաջ՝ խակ, իրեն լրագրող անվանող երիտասարդը դեռ չի էլ մտածել, ի՞նչ հարց պիտի տա, ինչո՞ւ:

 Ամուսինը ներս մտավ: Ռոզն արագ փոխեց ալիքը: Ամուսնու նյարդերը տեղից լարված են, չի թողնում Հայաստանին առնչվող որևէ քաղաքական հաղորդում դիտել տանը: 

Հայաստանի հետ կապված ամեն ինչ նրան էլ անասելի ցավ է պատճառում: Հետո հեռախոսով (առանձին արդեն) լսում է նորությունները. երբեմն մինչև խոհանոց հասնում է զսպված հայհոյանքատիպ բացականչություն այս կամ այն քաղաքական թափթփուկի հասցեին:

 -Մա՛մ, պապան եկա՞վ,- բացվող դռան ձայնից արթնացավ հնգամյա աղջիկը:

-Ես կգնամ մոտը, - ամուսինը մտավ աղջկա սենյակ:

-Պապ, կողքիս կմնա՞ս:

Հայր ու աղջիկ սկսեցին կամացուկ զրուցել, հետո շշուկները դադարեցին:

***

Ռոզը անջատեց հեռուստացույցն ու նստեց: Մեկ-մեկ մոռանում է, որ լույսը մարել է, նստում, նայում է պատին` երեխաների նկարին: Ավելի շուտ զգում է այն: 

Կյանքը շուռ եկավ իտալական այս գյուղաքաղաք տեղափոխվելուց հետո: Սկզբում թվում էր` երազում է, շուտով երազը կավարտվի, կհայտնվի իրենց փողոցում: 

Արևից տաքացած ասֆալտը կհալվի, կկպչի կոշիկներին ու կթվա՝ քայլելիս ոտքը խմորի վրա է դնում: 

Կոշկակար Կարոն իր կրպակից դուրս կգա, ծխախոտը կկպցնի, կթքի ասֆալտին ու ամեն անցնող սիրուն աջկա հետևից մեկ-երկու գռեհիկ ռեպլիկ բաց կթողնի:

 Կարոյի կինը, որ ամբողջ օրը պատուհանից «կախված» հետևում է փողոցով գնացող-եկողին` ձեռքերը կչանչի ամունու վրա․

-Հերիք ա ծխես, ա՛յ մարդ, խիղճն էլ ա լավ բան: Առավոտից երկու պաչկա ծխել ես: Էդքան մուխ սկի պառավոզը չէր հանում ցարի ժամանակ:

-Ա՛յ կնիկ, փաստորեն դու էդքան հին ես, որ ցարին հիշո՞ւմ ես, - կատակի կտա Կարոն և կողքը կանգնած հարևան Գևորին՝ արդեն պատրաստ, տակը պադոշ խփած կոշիկը մեկնելով՝ կասի

-Գևո՛ր, էս կոշիկը քեզանից ձեռ ա քաշել, դու իրանից չէ, ոնց որ ես ու Աննմանս: Կնոջը տարբեր անուններով էր դիմում Կարոն. մե՛կ Անթառամ, մե՛կ Համեստ, մե՛կ Անգին: Անունն Ազատուհի էր: Մի անգամ, դեռ նոր ամուսնացած ժամանակ ասաց․

-Ի՜նչ Ազատուհի, ամուսնացած նամուսով կնիկ ես, էլ ոչ մի Ազատուհի: Այդ օրվանից, ըստ Կարոյի տրամադրության, Ազատուհու անունը փոփոխվում էր:

***

Անցյալ տարի վերջապես եղավ Հայաստանում: Երեխաներին թողեց սկեսուրի խնամքին ու ինքը մի շաբաթով գնաց ծնողներին տեսնելու: Հայրը կտրականապես հրաժարվում էր իրենց հյուր գալ, մայրն էլ ստիպված չէր գալիս, որ նրան մենակ չթողնի: Ծերացել էին երկուսն էլ, բայց աշխույժ և առույգ էին փորձում երևալ` իրեն նեղություն չտալու համար:

Կարոն մահացել էր: Կրպակը փակ էր, կեղտոտ լուսամուտներով, անձրևից ժանգոտած, գույնը թափած: Ազատուհին էլ, անկողնային պառկած, թոռներն էին խնամում:

-Ռոզիկ ջան, ո՞նց ես, ա՛յ բալա, էսքան հեռո՞ւ ա էդ անտեր Եվրոպան, որ քսան տարի չեկար, Կարոն ամեն անգամ հիշում էր, ասում էր` խաբին-տարան էն երեխուն:

Ռոզը նստեց անկողնու մոտ դրված աթոռին.

-Լավ եմ, Ազատուհի տատի, դու լավ լինես:

- Տատի, քեզ նվեր ա բերել Ռոզիկ ծյոծյան:

Վա՜յ, աման, խայտառակ եղանք, 

- ասաց Ազատուհին, 

- ի՜նչ նեղություն, ա՛յ բալա: 

Իբր դուք շատ մի հասցնում եք, ինձ էլ նվեր ես բերել, մորդ սրա տեղը մի բան ավել կբերեիր:

Թոռը բացեց գործած շալն ու Ազատուհու աչքերը լցվեցին.

- Ապրես, բալես: Է՜հ, ասա մինչը ձմեռ կձգե՞մ, որ դու էլ շալ ես բերում ինձ:

-Տատի, մոռացա՞ր, որ գարնանը պիտի ավարտական երեկոյիս գաս:

-Հա, բա ո՜նց, - Ազատուհու աչքերը պայծառացան, 

- գիտես, չէ՞, Ամերիկյան համալսարան ա ընդունվելու:

- Էլիզ, բալես, ո՞նց էր էդ անունը, որ պիտի դառնաս «չգիտեմ ինչ»:

-Մարկետոլոգ, տատի՛, շուկայագետ, - սուրճը բաժակների մեջ լցնելուն զուգահեռ պատասխանեց Էլիզը:

Կարոտել էր հայկական սուրճի համը: Դրսում ինչ անուն ուզում են դնեն` է՛լ ամերիկանո, է՛լ կապուչինո, մեկ է` սրա համն ուրիշ է:

Երկար չնստեց, հրաժեշտ տվեց Ազատուհուն.

Մյուս տարի երեխեքին եմ բերելու տեսնես,- ստեց ու արագ դուրս եկավ հարևանի տնից: Մոտ կես ժամ անիմաստ վերուվար արեց փողոցում, նոր մտավ տուն, որ մինչ այդ աչքերի կարմրությունն անցնի:

***

Առաջին տարիներին երեխայի ծնունդը, խնամքը խլում էր ամբողջ ժամանակը: Ապրում էին, ոնց որ շատերը, ոնց որ բոլորն օտարության մեջ` ատամները սեղմած: Ամուսինն աշխատում էր, ինքը տղային էր մեծացնում: 

Հետո ինքն էլ սկսեց աշխատել, համարյա իրար չէին տեսնում: Մի քանի տարի անց միայն զգաց, չափազանց տարբեր են. կամաց-կամաց հեռացան, փակվեցին ամենքն իր կաղապարում, օտարացան: 

Մի օր էլ մի մեծ պատ բաժանեց երկուսին: Աղջիկը տասը տարի անց ծնվեց, փոխվեց աշխարհը` արևով լցվեց իր աշխարհը, նրա աշխարհը: Պատը չվերացավ, երևի շատ ամուր էին շարել: 

Կանայք տարբեր են, ցավն էլ ամեն մեկը յուրովի է տանում. ոմանք նյարդեր հանգստացնող հաբերի մոլուցքով են սկսում տառապել, տարբեր հակադեպրեսանտներ են փորձարկում, ինտերնետային խմբերին անդամակցում ու այնտեղ գրառումներ անում: Կիսվում են իրենց դեպրեսիայի փուլի նկարագրությամբ` մյուս բախտակիցներին «օգնելու» նպատակով: 

Հետո ստանում բազմաթիվ լացակումած, թաշկինակային պատմություններ, որ կարդալուց մտածում են. իրենք երանելի վիճակում և պայմաններում են ապրում: Շարունակում են զանազան հաբեր ընդունել` այս անգամ խմբակիցներից մեկի պատմության թողած դեպրեսիվ ազդեցությունը մեղմելու համար: Ոմանք լուռ ինքնակերությամբ են զբաղվում. 

«ուրիշ տարբերակ չկա» սկզբունքով կոտրում, փշրում են իրենց ինքնասիրությունն ու դրա արդյունքում ավելի ու ավելի ստորացվում, ի վերջո լրիվ մոռացության մատնվում ու վերածվում իր սեփական տան մեջ անպետք իրի: Մյուսները դանդաղ, բայց հստակ ծրագիր են մշակում. դեմքին հանգիստ դիմակ հագած, զսպում են փոթորիկը, որը մի օր կործանելու է զոհին, հետն էլ ծրագիր մշակողին տանի, բայց դա արդեն կարևոր չի:

Ռոզն իր ձևով վարվեց: Լացեց, լացեց, աչքերն ուռելու աստիճան` ամիսներ: 

Հետո մի օր, կեսգիշերն անց, երբ կրկին մենակ էր` աչքերը սրբեց, վեր կացավ, գնաց գտավ գործիքների դարակից մուրճն ու մի հաստ մեխ ու պատի հենց կենտրոնում կախեց զավակների նկարը: Այդ օրից պատը դադարեց ցավեցնել: Հակառակը` դարձավ տան մեջ իր սիրելի, ուժ տվող մասը: Հենց հոգնում էր կամ տխրում, գալիս, նստում էր բազմոցին, նայում նկարին, ու ամեն ինչ փոխվում էր, լուսավորվում:

Բացեց աղջկա ննջարանի դուռր: Հայր ու դուստր փաթաթված քնել էին: Մոտեցավ, ուղղեց ծածկոցն ու կամացուկ հեռացավ:

2017, Իսպանիա

 

 

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей