Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումները միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և համակեցության համար պայմաններ ստեղծելու հարցում համընկնում են. Լավրով (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահը ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության բոլոր տարրերի իրականացմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
«Գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելու հանգամանքը: Այդ պայմանավորվածությունները կանգնեցրել են արյունահեղությունը և հիմք դրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա երկարաժամկետ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:
Վերջինս հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման համար պայմաններ ստեղծելու հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումներն ամբողջովին համընկնում են:
«Մեր դիրքորոշումները լիովին համընկնում են այն հարցում, որը վերաբերում է միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և հաշտության և համակեցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությանը»,- շեշտել է Լավրովը
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը դիմակայելու է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները որևէ մեկի աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով կասկածի տակ դնելու փորձերին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև
Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: