Ինչո՞ւ է հիլը համարվում «համեմունքների թագուհի». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Հիլը կամ կարդամոնը (Elettaria cardamomum) բազմամյա խոտաբույս է, որի սերմերը հասունանում են երրորդ տարում և ունեն կամֆորայի ուժեղ հոտ։ Դա ամենաթանկ համեմունքներից մեկն է և այդ իսկ պատճառով ստացել է «համեմունքների թագուհի» անունը։ Հիլը արտահայտված համով խտացված համեմունք է, ուստի այն օգտագործվում է փոքր քանակությամբ: Հիլի սերմերը պարունակում են 3-8 % եթերայուղ, ինչպես նաև տերպինեոլ, տերպինիլացետատ, սինեոլ, սպիտակուց: Հիլի յուղը լայնորեն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ:
Հիլը նաև ուժեղ տոնիկ է: Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում ընդունված է այն ավելացնել սուրճի և թեյի մեջ (այսպես կոչված՝ բեդվինյան սուրճ և մասալա թեյ): Ընդ որում, հիլն ու սուրճի հատիկները հաճախ աղում են միասին: Երբ հիլը զուգորդվում է այլ համեմունքների հետ, ապա, որպես կանոն, «իշխում» է դրանց համերին: Միջնադարում վերը նշված նյութերի առկայության պատճառով այն նշանակվել է ստամոքսահյութի սեկրեցիան խթանելու, ստամոքսի մկաններն ուժեղացնելու, ինչպես նաև պոտենցիայի բարձրացման համար:
Հիլի պատմությունն ընդհանրություններ ունի այնպիսի համեմունքների հետ, ինչպես պղպեղը, կոճապղպեղը և դարչինը: Հնդկաստանից է այդ համեմունքը բերվել Մերձավոր Արևելք (ներառյալ Հին Եգիպտոս): Մ.թ.ա. առաջինից երկրորդ հազարամյակում արաբ վաճառականները, որոնք երկար ժամանակ եղել են համեմունքների մատակարարման մենաշնորհատերեր, հիլ են ներմուծել Հին Հռոմ և Հին Հունաստան: Արաբներն իրենք էլ լայնորեն օգտագործել են հիլը՝ թե՛ որպես համեմունք և թե՛ որպես դեղամիջոց՝ այդպիսով ստեղծելով ժամանակակից դեղերի նախատիպերը (էլիքսիրներ, օշարակներ): Աստիճանաբար, 12-րդ դարում համեմունքը տարածվել է նաև եվրոպական այլ երկրներում: Համեմունքի ծագումը, որը մանրակրկիտ կերպով թաքցրել են մատակարարները, հաստատապես պարզել են պորտուգալացի նավագնացները, որոնք 16-րդ դարում ափ են իջել Գոայի շրջանում:
Ծովային նոր ուղիների բացումը համեմունքը դարձրել է ավելի մատչելի և էժան: Հիլի մասին տեղեկություն է պարունակում Այուրվեդի վեդական բժշկության կանոններում, որն ավելի քան 5000 տարեկան է: Այդ համեմունքը հիշատակվում է նաև հին գրություններում, որոնք գրվել են հնդկական քաղաքակրթության արշալույսին: Եգիպտական բուժիչ բույսերի գրքում (Ebers papyrus), որը թվագրված է մ.թ.ա. 1550 թվականով, առկա է վկայություն այդ համեմունքի բուժիչ հատկությունների մասին: Հին Եգիպտոսում հիլը օգտագործել են վառելու բուրումնավետ նյութեր պատրաստելու համար, որոնք կիրառվել են կրոնական արարողություններում:
Աղբյուրները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դարով, նշում են, որ հին եգիպտացիները հիլ են օգտագործել ատամները սպիտակեցնելու և մաքրելու համար՝ այն ավելացնելով համապատասխան քսուքների ու փոշիների բաղադրության մեջ: Հին Հռոմում և Հին Հունաստանում համեմունքը օգտագործել են խոհարարության, բժշկության և օծանելիքի արտադրության մեջ:
Մ.թ.ա. 3-րդ դարում հին հույն բնագետ Թեոֆրաստոսը հիլը նկարագրել է իր «Բույսերի պատմություն» աշխատության մեջ: Հետագայում՝ մեր դարաշրջանի սկզբին, հին հռոմեական բժիշկ, դեղագետ և բնագետ Դիոսկորիդեսը «Բժշկական նյութերի մասին» իր գլխավոր աշխատության մեջ և հռոմեացի գիտնական Պլինիին իր «Բնական պատմության» մեջ բացահայտել են հիլի արտասովոր ուժը: Նրանց կարծիքին համամիտ են եղել միջնադարյան Եվրոպայի բժիշկները, և հիլը դեղատներում վաճառվել է որպես անկախ դեղամիջոց, կամ խառնված այլ դեղորայքի հետ:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



















































