Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրգչուհի Նաոկոն Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»։ «Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրկել է Դիանա Լոգինովային, որն առավել հայտնի է Նաոկո բեմական անունով։
Բացի այդ, «օտարերկրյա գործակալների» ցուցակում ընդգրկվել է նաև Լոգինովայի գործընկերը՝ «Ստոպթայմ» երաժշտական խմբի կիթառահար Ալեքսանդր Օռլովը։ Երաժիշտները 2025 թվականին՝ մի քանի անգամ ձերբակալվելուց հետո, հեռացել են Ռուսաստանից։
Որպես հիմնավորում՝ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պնդում է, որ Նաոկոն «հանդես է եկել հատուկ ռազմական գործողության դեմ (այսպես են Ռուսաստանում անվանում Ուկրաինայում պատերազմը), Ռուսաստանի իշխանությունների մասին կեղծ տեղեկություններ է տարածել և համագործակցել օտարերկրյա գործակալների հետ»։
Իր հերթին, Օռլովին վերագրվում է «հակառուսական ուղղվածության նյութերի տարածմանը ակտիվ մասնակցություն ունենալը»։
Գրանցամատյանում ընդգրկվել է նաև «Մալինովի Կլին՝ Անկախ Կուբան» հասարակական-քաղաքական շարժումը։ Շարժման հիմնադիրներն ու ակտիվիստները նույնպես գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս։



