Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քառօրյա պատերազմի միֆերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Քառօրյա պատերազմից անցել է մոտ երկու շաբաթ: Ռազմահայրենասիրական էյֆորիան մի փոքր նվազել է, ուստի էմոցիոնալ գնահատականների տարափից հետո կարիք կա խոսել փաստերի և իրականության մասին: Հայտնի է գերմանական կայսրության երբեմնի կանցլեր Բիսմարկի հետևյալ խոսքը. «Երբեք այնքան շատ չեն ստում, որքան պատերազմի ընթացքում, որսորդությունից հետո և ընտրություններից առաջ»: Պատերազմի ընթացքում երևույթները ընկալվում են շատ սուր և դրանց վերաբերյալ տրվում են հաճախ ծայրահեղ, չափից դուրս էմոցիոնալ գնահատականներ:
 
Բայց մշտապես անհրաժեշտ է իրերին տալ իրենց իսկական անունները` հետագայում ինքնախաբեություներից խուսափելու և ճիշտ վարքագիծ դրսևորելու համար:Այս օրերի ընթացքում տարածվել են մի շարք կարծրատիպեր, որոնք որոշակի հեռավորությունից և կոնկրետ փաստերը համադրելով դիտարկելիս կարելի է պարզապես միֆեր անվանել: Ավելի հաճախ հանդիպող միֆերից են հետևյալները.
 
Միֆ 1. Ադրբեջանը անսպասելիորեն նոր պատերազմ սկսեց: Դա, իհարկե, միֆ է, որի պատճառը պատերազմ երևույթի ընկալումն է: Մարդիկ պատերազմը շփոթում են լայնածավալ ռազմական գործողությունների հետ: Պետք է հստակեցնել, որ եթե չկա խաղաղություն, չի կնքվել համապատասխան պայմանագիր, սահմանին երկու կողմից էլ զինվորները կրակում են գրեթե ամեն օր, ապա, անկախ զոհերի քանակից և կորուստներից, դա կոչվում է պատերազմ: Ուստի 22 տարի անդադար պատերազմ է:
 
Բացի դրանից` Ադրբեջանում ամեն օր են խոսում Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ սկսելու մասին: Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն սրել է լարվածությունը, մենք գրեթե ամեն ամիս ականատես էինք լինում սահմանային լուրջ բախումների` զգալի մարդկային կորուստներով, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Տարբերությունը սոսկ մասշտաբների մեջ է: Եթե նախկինում բախումները հատվածային էին, սահմանի որևէ կոնկրետ մասում, տևում էին շատ կարճ, զոհերն էլ քիչ էին, ապա այս անգամ բախումները ողջ սահմանի երկայնքով էին: Տարբերությունը նաև կիրառված սպառազինության մեջ է:
 
Միֆ 2. Ադրբեջանը բլից կրիգի փորձ արեց, բայց տապալվեց: Այո՛, Ադրբեջանի հարձակումը տապալվեց, բայց ռազմական փորձագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ դա բլից կրիգ չէր, համենայն դեպս, այդ հասկացության դասական իմաստով: Այդ տերմինը կիրառվել է 1939-ից հետո, երբ ֆաշիստական զորքերը 16 օրում գրավեցին Լեհաստանը, որի ղեկավարությունը փախավ երկրից: Հարձակումն այնքան հուժկու և կայծակնային էր, որ զորքն ու բնակչությունը լիովին կաթվածահար էին:
 
Բլից կրիգ կլիներ, եթե Ադրբեջանն իր ամբողջ ռազմական ներուժը գործի դներ, բայց այդպես չի վարվել: Գործի չեն դրվել ռազմական ողջ ավիացիան, կործանիչներն ու հեռահար հրթիռները: Բլից կրիգի, այսինքն` կայծակնային պատերազմի իմաստն այն է, որ հուժկու հարվածով թշնամին չի թողնում մոբիլիզացվել, բլից կրիգի ժամանակ առաջին հարվածը հասցվում է ոչ թե առաջին գծին, այլ թիկունքին, օդում գերակայություն հաստատելուց հետո կործանիչները ոչնչացում են ճանապարհները, շտաբերը, օդանավակայանները, կտրվում է ռեզերվի և առաջնագծի միջև կապը: Եվ երբ առաջնագիծը թուլանում է, արդեն սկսվում է զորքերի գրոհը տանկերով և այլ զինտեխնիկայով, ինչից հետո, ճեղքելով պաշտպանությունը, թշնամին ամբողջ թափով խորանում է:
 
Քառօրյա պատերազմում նման փորձ թշնամին չի արել: Եթե բախումների առաջին իսկ պահից տանկը կռվում է տանկի դեմ, հրետանին` հրետանու, իսկ հետևակը հետևակի դեմ, ապա դա բլից կրիգ չէ, քանի որ անսպասելի և կայծակնային ոչինչ չկա դրանում: Ասպիսով, Ադրբեջանի գործողությունները բլից կրիգ անվանելը, թերևս, այնքան էլ ճիշտ չէ: Ավելի իրավացի կլինի այն կոչել սովորական ռազմական ավանտյուրա: Ասվածը չի նշանակում, որ Ադրբեջանը կարող էր բլից կրիգ անել, բայց չի արել: Ո՛չ: Ադրբեջանը պարզապես ի վիճակի չէ բլից կրիգ անել, քանի որ հայկական բանակի պաշտպանունակությունն ու հակագրոհի հնարավորությունները մեծ են:
 
Միֆ 3.Ադրբեջանը փորձում էր գրավել Արցախը: Որքան էլ տարօրինակ է, սա նույնպես միֆ է: Որքան շարունակվում է հակամարտությունը, այնքան համոզվում ես, որ Արցախն Ադրբեջանին բացարձակապես չի հետաքրքրում: Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության առավելագույն նպատակը Հայաստանի ոչնչացումն է, իսկ նվազագույնը՝ մեր խաղաղ զարգացումը կանխելը: Եթե Ադրբեջանին հետաքրքրեր միայն Արցախը, ապա այդ երկրի ղեկավարը իրեն թույլ չէր տա հայտարարել այն ապուշությունը, թե ողջ Հայաստանն է պատմական ադրբեջանական տարածք, որ Հայաստան չի եղել, եղել է Իրևանի խանություն, և մի օր ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այդ հողերը: Մեկ բան է, երբ դա ասում է ադրբեջանցի ինչ-որ կեղծ պատմաբանը, մեկ այլ բան, երբ դա ասում է երկրի ղեկավարը:
 
Երբեք չդադարեցնելով պատերազմը, տապալելով խնդրի խաղաղ կարգավորումը` Ադրբեջանը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ` թուլացնել Հայաստանի ներուժը: Պատերազմող երկրում տնտեսական ներդրումներ չեն անում, պատերազմող երկրից բնակչությունը արտագաղթում է: Սա է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ: Պետք է ընդունել, որ այդ ռազմավարությունը ինչ-որ առումով գործում է: Այդ քաղաքականությանը հակազդելու համար անհրաժեշտ է մեծացնել Հայաստանի ներուժը, որը հնարավոր է միայն ժողովրդավարական կառավարում իրականացնելով և տնտեսություն զարգացնելով:
 
Միֆ 4. Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, պետք է մեզ պաշտպանի: Սա նույնպես վաղուց ամրապնդված միֆ է, որը գալիս է դեռ խորհրդային տարիներին քարոզվող գաղափարներից: Ռեալ քաղաքականության մեջ դաշնակիցներ և բարեկամներ չկան: Ազգերը կարող են լինել բարեկամ միմյանց, բայց պետական քաղաքականության հիմքում բացառապես տվյալ պետության շահն է, որը միշտ չէ, որ պետք է համապատասխանի մեր շահերին: Շահերի համընկման առումով Ռուսաստանը մեր դաշնակիցն է Թուրքիայի հարցում, բայց ոչ երբեք Ադրբեջանի: Եվ դա նորություն չէ, որը բացահայտվեց քառօրյա պատերազմի օրերին: Դա պետք է, որ հայտնի լիներ վաղուց: Ադրբեջանը հետխորհրդային հանրապետություն է, որը ռուսական քաղաքական միտքն ընկալում է որպես իր ազդեցության գոտի: Պատահական չէ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես կարևոր ռազմավարական գործընկերներ են Ռուսաստանի համար:
 
Բացի դրանից` Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միջնորդ, իսկ միջնորդն իրավունք չունի կողմնապահ լինել, պետք է կողմերի հանդեպ լինի հավասարապես չեզոք: Հիմա մենք պետք է կողմնորոշվենք: Եթե Ռուսաստանից սպասում ենք միակողմանի աջակցություն, ապա պետք է նրան խնդրենք այլևս հակամարտության կարգավորման միջնորդ չլինել, դուրս գալ և Հայաստանի հետ միասին պատերազմել Ադրբեջանի դեմ: Պատկերացնում ենք արդեն, որ դա գրեթե անհնար է: Ինչո՞ւ: Քանի որ կան շահեր:
 
Օրինակ՝ Ռուսաստանը Վրաստանի հետ ունի խնդիր: Ենթադրենք` մի օր նրանք կրկին պատերազմեն, իսկ Ռուսաստանը, որպես դաշնակից, դիմի մեզ, որ Վրաստանի վրա հարձակվենք: Մեզ շահեկան կլինի՞ դա անելը: Դժվար թե: 2008թ. ռուս-վրացական պատերազմում, չնայած Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, մենք չեզոք դիրք էինք զբաղեցրել և ճիշտ ենք արել: Ի դեպ, ասվածը չի արդարացնում Ադրբեջանին զենք վաճառելը: Ռուսաստանը, ոչ թե որպես սոսկ Հայաստանի դաշնակից, այլ որպես հակամարտության կարգավորման խաղաղ միջնորդ չպետք է զինի Ադրբեջանին հարձակողական սպառազինությամբ:
 
Այսպիսով, միֆ է, որ նոր պատերազմ է սկսվել, պատերազմը հին է:Քառօրյա պատերազմը պարզապես հերթական փուլերից մեկն է: Միֆ է, որ Ադրբեջանը բլից կրիգի փորձ էր արել, նման փորձ եթե աներ, լայնածավալ պատերազմը կլիներ անխուսափելի:Բայց լայնածավալ պատերազմ 1994-ից ի վեր դեռ չի եղել, լայնածավալ չէր նաև քառօրյա պատերազմը: Միֆ է, որ Ադրբեջանն ուզում է Արցախը հետ գրավել: Արցախն Ադրբեջանին բացարձակապես չի հետաքրքրում: Թուրք-ադրբեջանական իշխանությունների նպատակը Հայաստանի թուլացումն է, խաղաղ զարգացումը կանխելը, որպեսզի հայը սեփական կամքով լքի երկիրն ու հանձնի այն: Եվ վերջապես, միֆականացված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Եթե Թուրքիայի հարցում դաշնակիցներ ենք, ապա հաստատ ոչ Ադրբեջանի հարցում:
 
Գլխավոր հետևությունն այն է, որ Հայաստանը չունի գոյատևման այլընտրանք, քան իսկապես ժողովրդավարական երկիր լինելն է, որտեղ հզոր բանակից հետո առաջնայինը զարգացող տնտեսություն ունենալն է: Պատերազմի այս նոր փուլը պետք է դաս լինի քաղաքական էլիտայի և հասարակության համար, որ տեխնոլոգիայի դարում մարտական ոգին և պատրաստականությունից հետո կարևորը տնտեսական ներուժն է, առանց որի այդ ոգին երկար պահելը կլինի շատ դժվար:
 
Տիգրան Խաչատրյան
 
Past.am վերլուծաբան
«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան