Սվաստիկա. ի՞նչ է այն խորհրդանշում և ի՞նչ կապ ունի հայերի հետ
ЛАЙФՄենք գիտենք, որ...
Սվաստիկան եղել է հիտլերյան Գերմանիայի խորհրդանիշը և ասոցացվում է դաժանության, տանջանքների և մահվան հետ:
Իրականում այնքան էլ այդպես չէ:
Պարզվում է՝ այս խորհրդանիշը շատ հին պատմություն ունի: Անգամ հիմա շատ ժողովուրդների մոտ այն օգտագործվում է և խորհրդանշում է շարժում, կյանք, արև, Աստված, բարեկեցություն և այլն:
Սվաստիկա բառը ծագում է սանսկրիտերեն սվաստի բառից, որը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում», սա կյանքի հավերժ վերածննդի խորհրդանիշն է: Համարվում է, որ այն ներկայացնում է գալակտիկայի պարզեցված պատկերանիշը և այլաբանորեն կազմված է փայլող աստղի պտույտի շարժման հետագծով փաթաթված, ծալված ճառագայթներից։ Պտույտը՝ ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ, այսինքն՝ դեպի աջ, կամ էլ ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ՝ դեպի ձախ։ Ավելի ուշ շրջանում կորագծերի կիրառմամբ և փայլող աստղի ճառագայթների քանակի ավելացմամբ ստեղծվել է «հավերժության» խորհրդանիշը։ Նախկինում այն տարբեր ժողովուրդների մոտ տարբեր կերպ է կոչվել: «Սվաստիկա» անվանումը առաջին անգամ 1852 թվականին օգտագործել է հայտնի ֆրանսիացի գիտնական, արևելագետ Էժեն Բուրնուֆը:
Սվաստիկա պատկերանշանը հայտնի է եղել անգամ քարե դարում և հետագայում պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ և այլ) վրա: Տարածված է եղել համարյա բոլոր հին ժողովուրդների մոտ: Սա ավանդական խորհրդանշան է եղել Չինաստանում, հին Եգիպտոսում, վաղ քրիստոնեության մեջ: Այն կարելի է հանդիպել հին հունական կերամիկական իրերի վրա, հռոմեական մոզաիկաներում, Տրոյայի ավերակներում, արևել յան գորգերում և այլն: Չինաստանում այն հավերժության, անմահության և 10000 թվի նշան է: Օրինակ, չիներեն բարևը հնչում է որպես «10 000 տարվա կյանք», այդ իսկ պատճառով Մաո Ցզեդունի անվան մոտ սովորաբար սվաստիկա էին նկարում՝ այսինքն 10 000 տարվա կյանք ունենա: Ճապոնիայում սվաստիկան ծաղկման և երկար կյանքի խորհրդանիշ է: Անգամ խորհրդային Ռուսաստանում 1919 թվականին շրջանառության մեջ դրված 5 000 ռուբլիանոց թղթադրամների կենտրոնում մեծ սվաստիկա էր նկարված: 2017 թվականին ևս Ռուսաստանի կառավարությունը սվաստիկայի նկարով թղթադրամներ էր տպագրել: Կալմիկիայի կարմիր բանակի հեծելազորայինները իրենց գլխարկների վրա երկնագույն սվաստիկա ունեին նկարված: Մի խոսքով սվաստիկայի նկատմամբ կոմունիստները հեռուն գնացող մտքեր ունեին, բայց հրաժարվեցին դրանից, քանի որ ճիշտ գտան օգտագործել Սողոմոն թագավորի հնգաթև աստղը, քանի որ Եվրոպայում դա ոչ մեկը չէր օգտագործում (ԱՄՆ–ում, իհարկե, այն արդեն ընդունված էր):
Արդյունքում հին ժողովուրդների այս հին նշանը ընկավ վատ մարդկանց ձեռքը: 1919 թվականին սվաստիկան՝ գերմաներեն Hakenkreuz –ը, պաշտոնապես դարձավ Գերմանական բանվորական կուսակցության խորհրդանիշը: Վերջինս հետագայում դարձավ Գերմանիայի նացիոնալ–սոցիալիստական բանվորական կուսակցություն, որն էլ Հիտլերի ղեկավարությամբ գալով իշխանության՝ սվաստիկան դարձրեց Երրորդ ռեյխի խորհրդանիշը: Իհարկե, նացիստների կատարած վայրագություններից հետո եվրոպացիների համար այն դարձավ ամենավատ բաների խորհրդանիշ: Չնայած դրան, Ասիայում, որտեղ մարդիկ քիչ բան գիտեն նացիզմի մասին, սվաստիկան շարունակում է մնալ լույսի և երջանկության խորհրդանիշ:
Այնպես չէ, որ հայերը սվաստիկա չեն օգտագործել: Պարզվում է, որ այն Հայաստանում խորհրդանշել է Արև–աստվածը: Արև–աստվածն ու նրա խորհրդանշանները մեծ քանակությամբ պատկերված են պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղեն իրերի վրա։ Այդպիսի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել Շիրակում, Իջևանում, Տավուշում, Լճաշենում, Գարդմանում և այլ վայրերում։ Խեցեղենի վրա արևի ամենից ավելի հաճախ հանդիպող խորհրդանշաններն են խաչն ու սվաստիկան։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը