Ջութակի ձայնը հաճախ համեմատվում է մարդկային ձայնի հետն. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է
Ջութակն ասոցացվում է դասական երաժշտության հետ: Այս գործիքի նուրբ ու շքեղ տեսքը բոհեմական զգացում է առաջացնում: Բայց արդյո՞ք ջութակը միշտ է այսպիսին եղել: Այդ հարցին պատասխանում է ջութակի պատմությունը՝ պարզ ժողովրդական գործիքից մինչև հմուտ արտադրանք: Ջութակի պատրաստումը գաղտնի էր պահվում և փոխանցվում անձամբ վարպետից սանին: Պատահական չէ, որ ջութակը քնարական երաժշտական գործիք է, ներկայումս այն նվագախմբում առաջատար դեր է խաղում: Ջութակի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 16 -րդ դարի սկզբի Իտալիային:
Թեև այդ տարիների ոչ մի գործիք չի պահպանվել, սակայն գիտնականներն իրենց դատողություններն անում են այն ժամանակվա նկարներից և տեքստերից: Ակնհայտ է, որ ջութակը առաջացել է աղեղնավոր այլ երաժշտական գործիքներից: Պատմաբանները ջութակի ստեղծումը կապում են այնպիսի գործիքների հետ, ինչպես հունական լիրան, իսպանական ֆիդելը, արաբական ռեբաբը, բրիտանական կրոտան և նույնիսկ ռուսական չորս լարանի ժիգոյը: Ավելի ուշ՝ 16 -րդ դարի կեսերին է ձևավորվել ջութակի վերջնական տեսքը, որն էլ պահպանվել է մինչև մեր օրերը:
Ջութակի ծագման երկիրը Իտալիան է: Այնտեղ է նա ստացել իր նրբագեղ արտաքին տեսքն ու նուրբ ձայնը: Հայտնի ջութակագործ Գասպարո դե Սալոն ջութակագործության արվեստը հասցրել է շատ բարձր մակարդակի: Հենց նա է ջութակին տվել այն տեսքը, որը մենք հիմա գիտենք: Նրա արհեստանոցի արտադրանքը բարձր է գնահատվել ազնվականների շրջանում և մեծ պահանջարկ է ունեցել երաժշտական դպրոցներում: Բացի այդ, ամբողջ 16 -րդ դարի ընթացքում մի ամբողջ ընտանիք է զբաղվել ջութակների արտադրությամբ: Անդրեա Ամատին է հիմնել Կրեմոնայի ջութակագործների դպրոցը և կատարելագործել ջութակը՝ նրան տալով նրբագեղ ձևեր: Գասպարոն և Ամատին են համարվում ջութակագործության հիմնադիրները:
Այս հայտնի վարպետների արտադրանքներից մի քանիսն անգամ պահպանվել են մինչ մեր օրերը: Սկզբում ջութակը համարվել է սովորական ժողովրդական գործիք. այն նվագել են շրջիկ երաժիշտները պանդոկներում և ճանապարհային իջևանատներում: Ջութակը եղել է նուրբ ալտայի ժողովրդական տարբերակը, որը պատրաստվել է ամենալավ նյութերից և բավականին թանկ է եղել: Ինչ -որ պահի ազնվականությունը հետաքրքրվել է այդ ժողովրդական գործիքով, որը լայն տարածում է ունեցել բնակչության տարբեր շերտերի շրջանում: Արդյունքում 1560 թվականին Ֆրանսիայի թագավոր Չարլզ 9-րդը 24 ջութակ է պատվիրել տեղի արհեստավորներին: Ի դեպ, այդ 24 գործիքներից մեկը գոյատևել է մինչ օրս և համարվում է Երկրի վրա հնագույն ջութակներից մեկը: Անտոնիո Ստրադիվարին, որը ծնվել և ապրել է Կրեմոնայում, եղել է Ամատիի աշակերտը: Սկզբում նա հավատարիմ էր Ամատիի ոճին, բայց ավելի ուշ, բացելով իր սեփական արհեստանոցը, սկսել է փորձեր կատարել:
Ուշադիր ուսումնասիրելով Գասպարո դե Սալոյի մոդելները և դրանք հիմք ընդունելով իր «պրոդուկտի» համար՝ Ստրադիվարին 1691 թվականին ստեղծել է իր սեփական ջութակի տեսակը, այսպես կոչված, երկարաձև «Long Strad»-ը: Վարպետն իր կյանքի հաջորդ 10 տարին անցկացրել է՝ կատարելագործելով այդ նշանավոր մոդելը: 60 տարեկանում՝ 1704 թվականին, Անտոնիո Ստրադիվարին աշխարհին է նվիրել ջութակի վերջնական տարբերակը, որը մինչ այժմ ոչ ոք չի գերազանցել: Ներկայումս հայտնի վարպետի մոտավորապես 450 գործիք է պահպանվել: Անդրեա Գուարներին նույնպես Ամատիի սանն է եղել, նա նաև ջութակի պատրաստման իր ավանդն է ունեցել: Նա հիմնադրել է 17-18 -րդ դարերի վերջին ջութակագործների մի ամբողջ տոհմ:
Գուարներին պատրաստել է շատ բարձրորակ, բայց էժան ջութակներ, որոնցով նա հայտնի է եղել: Նրա թոռը՝ Բարտոլոմեո Գուարներին (Ջուզեպպե), 18 -րդ դարասկզբի իտալացի վարպետը, ստեղծել է այնպիսի հրաշք գործիքներ, որ նվագել են ականավոր ջութակահարներ Նիկոլո Պագանինին և ուրիշներ: Մինչ օրս գոյատևել է Գուարների ընտանիքի շուրջ 250 գործիք: Համեմատելով Գուարների և Ստրադիվարի ջութակները՝ մասնագետները նշում են, որ Գուարներիի գործիքների ձայնը տեմբրով ավելի մոտ է մեցցո-սոպրանոյին, իսկ Ստրադիվարիինը` սոպրանոյին:
Ջութակի ձայնը մեղեդային է և հոգեհարազատ: Ջութակի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է այն նվագախմբում ուղեկցող գործիքից վերածվել մենակատար գործիքի: Ջութակի ձայնը հաճախ համեմատվում է մարդկային ձայնի հետ, քանի որ այն ուժեղ էմոցիոնալ ազդեցություն է ունենում ունկնդրի վրա:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում