Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս ադրբեջանական AzerGold ընկերությունը հրապարակել է Սոթքի ոսկու հանքավայրի այն հատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որը 2020 թվականի պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ընկերության տվյալներով՝ այդ հատվածում մնացորդային կորզվող պաշարները գնահատվում են շուրջ 1,03 միլիոն ունցիա ոսկի, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը։
AzerGold-ում նաև նշել են, որ հետախուզական աշխատանքները շարունակվում են ոչ միայն հանքավայրի հարակից տարածքներում, այլև ավելի հեռու տեղամասերում՝ ռեսուրսային բազան ընդլայնելու նպատակով։ Ընկերության ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ նախագծի զարգացումը կնպաստի Ադրբեջանի լեռնահանքային արդյունաբերության աճին և կունենա տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման վրա։
Հատկանշական է, որ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում քննադատում էր Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ այն ներկայացնելով որպես բնապահպանական վտանգ տարածաշրջանի համար։ Այժմ, սակայն, նույն երկիրը շեշտադրում է հանքարդյունաբերության տնտեսական նշանակությունն ու դրանից ակնկալվող օգուտները։
Սոթքի հանքավայրը նաև երկար տարիներ եղել է հայաստանյան բնապահպանական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Տարբեր նախաձեռնություններ և ակտիվիստական խմբեր բազմիցս բարձրաձայնել են հանքավայրերի շահագործման հետ կապված խնդիրների մասին՝ պահանջելով սահմանափակել կամ վերանայել դրանց գործունեությունը։ Նման պայքարը վերաբերում էր ոչ միայն Սոթքին, այլև Հայաստանի մի շարք այլ հանքավայրերի։
Այսօր, երբ հանքավայրի մի հատվածի պաշարները գնահատվում են միլիարդավոր դոլարներով և արդեն ծառայում են Ադրբեջանի տնտեսական շահերին, կրկին ակտիվացել են քննարկումները Հայաստանի հանքարդյունաբերության ռազմավարական նշանակության շուրջ։ Շատերի կարծիքով՝ ոլորտը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը՝ ապահովելով զգալի հարկային մուտքեր, արտահանման եկամուտներ և աշխատատեղեր։
Միաժամանակ մասնագետները նշում են, որ բնապահպանական խնդիրները չպետք է անտեսվեն։ Սակայն կարևոր է, որպեսզի քննարկումների առանցքում լինեն արդյունավետ լուծումների մշակումը, վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը և պատասխանատու շահագործման սկզբունքները, այլ ոչ թե ոլորտին վնաս հասցնող ծայրահեղ մոտեցումները։ Այդ համատեքստում Սոթքի օրինակը հաճախ ներկայացվում է որպես հիշեցում այն մասին, թե որքան կարևոր է ազգային ռեսուրսների նկատմամբ հավասարակշռված և պետական շահերից բխող քաղաքականության իրականացումը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



