Yerevan, 20.December.2025,
00
:
00
BREAKING


«Տես­նում եմ կա­յու­նու­թյան հնա­րա­վոր վտանգ­ներ թե՛ անվ­տան­գու­թյան տեսակետից, թե՛ ֆի­նան­սա-տնտե­սա­կան հա­մա­կար­գում»

INTERVIEW

Ներիշխանական պայքար, 100 փաստեր, որոնք ներկայացվում են որպես ձեռքբերումներ, և փուլ, որը կարող է վտանգավոր լինել: Նշված բաղադրիչներն ու ներքաղաքական հարցերը «Փաստը» առանձին-առանձին դիտարկել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում:

«Պարզ PR քայլ, որն էֆեկտիվ չէ». հիասթափությունից՝ ապատիա

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ ներկայացված 100 փաստերը Վ. Հակոբյանը պարզ PR քայլ է համարում:

«Մեր երկրի զարգացումն ու փոփոխությունները չունեն այն տեմպը, որ անգամ մեկ տարվա ընթացքում 100 լուրջ նվաճում կուտակվի, ու հանրությանը ներկայացվի որպես նոր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների արտացոլում:

Ինչպես մայիսին տեղի ունեցած ասուլիսից հետո էի ասել, հիմա՝ առավել ևս, կարծում եմ, որ կարելի էր սահմանափակվել 10-20 փաստով, որովհետև, այսպես, թե այնպես, ամեն առավոտ սկսում ենք վիճակագրական որևէ ցուցանիշով, որին կա՛մ հավատում ենք, կա՛մ՝ ոչ, որից կա՛մ տպավորվում ենք, կա՛մ՝ ոչ:

Այդուհանդերձ, կա թերահավատություն, որովհետև Հայաստանում իրական կյանքը և վիճակագրությունն իրար չեն համընկնում: Ի հեճուկս այն ձևավորված կարծիքի, ըստ որի՝ Հայաստանում առանձնապես ոչինչ չի փոխվում, և թիմն իր աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմով պարզ չէ, թե ինչով է զբաղված, ուզում են ներկայացնել, որ կան նվաճումներ, այդ թվում՝ փոքր: 

Այսինքն, սա պարզ PR քայլ է, որն էֆեկտիվ չէ: Երբ մեծ հաղթանակներ չկան, այլ տարբերակ չի մնում, քան ներկայացնել, այսպես կոչված, փոքր հաղթանակները»,-նշում է քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ 100 փաստերի արձանագրությունները գրեթե ուշադրության չեն արժանացել ո՛չ մամուլում, ո՛չ հասարակության կողմից:

«Ըստ իս, գալիս է մի վտանգավոր փուլ, երբ մարդիկ որոշակի հիասթափություն են ապրում, որին սովորաբար հետևում է խորը ապատիան: Այսինքն, այն, ինչը կար ՀՀԿ-ի օրոք: Հիմա ոգևորությունից, էյֆորիայից դեպի ավելի սթափ դատողության շրջան ավելի արագ են անցնում: Արդեն անցել ենք հիասթափության փուլ, իսկ եթե կտրուկ փոփոխություններ չեն լինում, դրան հետևում է ապատիան:

Դատելով նրանից, որ առկա է բավականին սառը ու անտարբեր ռեակցիա այդ 100 փաստի նկատմամբ, կարող ենք ասել, որ մենք սկսում ենք գտնվել հիասթափություն-ապատիա տրանսֆորմացիայի ֆազայում: Սա բավականին տխուր փաստ է, որովհետև հույսերը մեծ էին, իսկ շանսը, որը տրվել է, չի օգտագործվում: 

Համենայն դեպս, հասարակության ընկալման մեջ այդպես է»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Շահն ու լծակներ ունենալու ցանկությունը՝ վերադասավորումների և զիջումների հավանականության ներքո

Ինչ վերաբերում է ներիշխանական զարգացումներին, Վ. Հակոբյանը շեշտեց, որ ինքը դեռ ամիսներ առաջ էր կանխատեսել, որ ուշ թե շուտ թիմում լինելու են տարաձայնություններ, որոնք կարող են բերել թե՛ ֆրակցիոնիզմի, թե՛ տրոհման:

 Հղում անելով նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն կարծիքին, թե իրական ընդդիմությունը կարող է իշխանությունից ձևավորվել, քաղտեխնոգոլը հավելեց.

 

«Այդ ամենի պարզ անալիզը ցույց էր տալիս, որ ուշ թե շուտ իրավիճակը հանգեցնելու է այն զարգացումներին, որոնք հիմա են առկա: Թիմը բավականին բազմավեկտոր է, պատահական սկզբունքով է ստեղծվել. այն քաղաքական, հասարակական ուժերը կամ անհատները, որոնք մասնակցել են քայլելու, փողոցներ փակելու, ֆեյսբուքում գրառումներ անելու և անիծելու գործընթացներին, իրենց մասնաբաժինն են պահանջել իշխանության մեջ, և Ն. Փաշինյանն իրենց պահանջները բավարարել է»:

Մեր զրուցակցի խոսքով, թիմում մեկ ընդհանուր «իզմ» չկա և յուրաքանչյուրն ունի իր շահը:

«Ամիսներ շարունակ բավականին լուրջ պայքար կա, այսպես կոչված, քաղաքացիական սեկտորի և քաղաքական թիմի միջև: Բացի այդ, կա պրոֆեսիոնալների թև, որոնք չեն պատկանում ո՛չ քաղաքացիական սեկտորին, ո՛չ քաղաքական թիմին:

Ընդ որում՝ իր հերթին քաղաքական թիմն էլ է շատ խայտաբղետ: Այնտեղ ներգրավված են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա թիմի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ազդեցության բավականին լուրջ լծակներ են ստացել: Հիմա այդպես է ստացվե՞լ, թե՞ միտումնավոր է արվել՝ Ն. Փաշինյանի խնդիրն է:

Կարծում եմ՝ խնդիրն է՝ նաև ապագայում:

Ինչևէ, այդ թևերի միջև իշխանության լծակների համար ամիսներ շարունակ պայքար է գնում և խոսքն իրական՝ ուժային, ֆինանսական և տնտեսական լծակների մասին է: Ու այս առումով բավականին ագրեսիվ է քաղաքացիական հասարակության թևը, որն ամիսներ շարունակ պահանջում էր Արթուր Վանեցյանի, Վալերի Օսիպյանի հրաժարականները:

Երբեմն ակնարկվում է նաև պաշտպանության նախարարի հրաժարականի մասին: Որոշ ժամանակ առաջ էլ կասկածի տակ էին վերցնում ՊԵԿ-ի աշխատանքը՝ մինչև որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ 100 փաստով պարզվեց, որ այս երկրում միակ նորմալ աշխատող մարմինը, բացի ուժայիններից, ՊԵԿ-ն է, մինչև որ Ն. Փաշինյանն իր պաշտպանության տակ չառավ ՊԵԿ նախագահին:

Այսինքն, իշխանության հասարակական թևն անընդհատ ուզում է իշխանության լծակներ ստանալ: Այդ թևը դժգոհ է այն «փայից», որն իրեն հասել է թե՛ գործադիրում, թե՛ մասնավորապես խորհրդարանում:

Իրավիճակը հիմա ավելի քան սրվեց. Ամուլսարի հարցը, Ստամբուլ յան կոնվենցիան, ՍԴ-ի, ինչպես նաև ՍԴ-ի նախագահի շուրջ ստեղծվածը, Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված բավականին բարդ իրավիճակը, Արցախի իշխանության հետ հարաբերություններն ու բազմաթիվ այլ կուտակված խնդիրները սրում են իրավիճակը:

Ու քանի որ տարաձայնությունները խորացած են մասնավորապես Ամուլսարի շուրջ, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը զգում է, որ Ամուլսարի պատրվակով իր վրա ճնշում կա, որի իմաստը գուցե այդքան էլ Ամուլսարը չէ, որքան իշխանության իրական լծակներին հասնելը: 

Ու քանի որ Ն. Փաշինյանի մոտ որոշակի անվստահություն կա, պրոֆեսիոնալների և հասարակական սեկտորի միջև առկա պայքարում, նա, կարծես, ուժայինների պրոֆեսիոնալների հաշվին, այսպես կոչված, հասարակական սեկտորին զիջումներ է անում՝ հույս ունենալով, որ նրանք իրեն չեն խանգարի նույն Ամուլսարի և այլ հարցերում:

Ուժայինների շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ, ըստ էության, իշխանության մեջ լուրջ վերադասավորումներ են սկսվել, որտեղ պրոֆեսիոնալները, կարծես, իրենց տեղը զիջելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կամ նրանց հովանավորյալներին»,-նկատեց Վ. Հակոբյանը: 

Ներիշխանական պայքարի վերոնշյալ ընդհանուր տրամաբանությունից զատ քաղտեխնոլոգը չի բացառում նաև այլ գործոնների հնարավորությունը:

«Շատ ուժայիններ պատկերացնում են, թե իրենցից ինչ են պահանջում, ինչ է իրենց սպասվում, և ինչ զարգացումներ կարող են լինել:

Ամենայն հավանականությամբ, ուժայինները չեն ուզում մասնակցել այնպիսի գործողությունների, որոնք կասկածի տակ են դնելու իրենց բարձր ռեյտինգը կամ ուսադիրները:

Բացի այդ, պրոֆեսիոնալների և հասարակական սեկտորում գտնվող «իմքայլիստների» միջև երբեմն նույնիսկ քաղաքակրթական, աշխարհաքաղաքական տարաձայնություններ կան, որոնք անհամատեղելի են իրար հետ աշխատելու համար:

Այս համատեքստում պարզ էր, որ Ա. Վանեցյանի հայտարարությունը մաքուր քաղաքական հայտարարություն էր: Ես կիսում եմ այն տեսակետները, համաձայն որոնց՝ հայտարարությունը քաղաքական հայտ էր, կարելի է ասել՝ նույնիսկ քաղաքական բևեռի լիդեր դառնալու հայտ: 

Մեծ հաշվով, քաղաքական դաշտում թե՛ իշխանության, թե՛, ամենայն հավանականությամբ, նաև ընդդիմության մեջ սկսվել են մեծ վերադասավորումներ»,շեշտեց Վ. Հակոբյանը:

Կայունության վտանգներ ու վատ ազդակ

Հաշվի առնելով հատկապես ուժայինների մասով առկա իրավիճակը՝ քաղտեխնոլոգը մի շարք ռիսկեր առանձնացրեց.

«Հեղափոխությունից հետո Ն. Փաշինյանը տարբեր առիթներով ասում էր, որ իր համար ամենամտահոգիչը անվտանգության և ֆինանսա-տնտեսական բլոկում կայունության ապահովման հարցն է, որ երկիրը զերծ մնա տարբեր տեսակի կոլապսներից:

Եվ, ըստ էության, երբ իրեն մեղադրում էին՝ ասելով, թե ինչու է քայլողների փոխարեն նման կարևոր պոստերի նշանակում նախորդ ռեժիմում աշխատած մարդկանց, արձագանքում էր, ըստ էության, ասելով, որ այդ համակարգերը պետք է կայուն մնան, որ հեղափոխությունը հենց սկզբից օրորոցում չխեղդվեր: 

Կարծում եմ, այո, այսօր արդեն որոշակի վտանգներ կան: Իհարկե, կախված է նրանից, թե ո՞վ է փոխարինելու իրական պրոֆեսիոնալներին, սպաներին. նրանց, ըստ նոր օրենքի, փոխարինելու են քաղաքական դեմքեր, որոնք երբևիցե բացի ասֆալտին պառկելուց ոչինչ չե՞ն արել, թե՞ փորձ ունեցող մարդիկ, որոնք գիտեն, թե ինչի մասին են խոսում, և գիտեն, թե ինչի մասին են իրենց հետ խոսում:

Ամեն դեպքում, միտումը բավականին անորոշ է: 

Ու քանի որ փորձն էլ ցույց է տվել, որ կադրային նշանակումներում մեծ խնդիրներ կան, և քաղաքական ազդեցությունների ճոճանակը, կարծես, թեքվել է քաղաքացիական հասարակության հատված, ապա շատ բարդ և լուրջ վտանգներ եմ տեսնում

 

Տեսնում եմ կայունության հնարավոր վտանգներ թե՛ անվտանգության, թե՛ ֆինանսա-տնտեսական համակարգում, որովհետև Հայաստանը այն երկրներից է, որտեղ ուժայինների փոփոխությունը լավ ազդակ չէ բիզնեսի համար: 

Ուժայինները սովորաբար ինչ-որ ժամանակահատվածից հետո ազդեցությունների բալանս են ապահովում:

 

Ուժայինների փոփոխությունն անկայունության ազդակ է նաև բիզնեսի, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների համար, որոնք առանց այն էլ քիչ են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant International