Yerevan, 05.October.2026,
00
:
00
BREAKING


«Գազի սակագնի միջին բարձրացումը ողջ ծավալով է կրելու ազգաբնակչությունը, ամենամեծ հարվածը ստանալու է սոցիալապես խոցելի խավը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրերին հայտնի դարձավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի միջև դեռ երկու ամիս առաջ կնքված լրացուցիչ համաձայնագրի մասին, որով 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գնի նոր սակագներ են սահմանվել: Հայտնի դարձավ նաև, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է գազի նոր սակագների առումով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ բանաձևերի տեսքով ներկայացված նոր սակագները, դրանց հնարավոր տնտեսական ազդեցությունները:

Մինչ բուն թվերին անդրադառնալը՝ Թ. Ավետիսյանը նշեց, որ գազի սակագինը միջազգային շուկաներում էապես բարձրանում է, և դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով. «Մասնավորապես, 2020-ից հետո, երբ համավարակի սահմանափակումները մեղմվեցին, միջազգային շուկաներում գազի սակագինն էապես բարձրացավ: Բայց Հայաստանը ՌԴ-ից գազը ներկրում է ոչ թե միջազգային գներով, այլ ըստ համաձայնագրի, որտեղ սահմանի վրա 1000 խորանարդ մետրի համար 165 ԱՄՆ դոլար գին էր ամրագրված: Հիմա, փաստացի, մատակարարի ու ներքին բաշխման օպերատորի միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ գազի սակագինը սահմանի վրա փոխվում է»:

Նշենք, որ, ըստ նշված լրացուցիչ համաձայնագրի, 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում, և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: «Մեծ հաշվով, սահմանի վրա գազի միջին սակագինը կդառնա մոտ 173,5 դոլար: Այսինքն, սահմանին գազի գինը կավելանա մոտ 5 տոկոսով: Եվ, ըստ էության, այս հիմքով «Գազպրոմն» արդեն հայտով դիմել է ՀԾԿՀ, որպեսզի փոխի ներքին սակագները: Ընդ որում, հստակ են թե՛ ժամկետները, թե՛ սակագների փոփոխությունները: Այստեղ հատկանշական մի քանի հանգամանք կա: Մինչև թվերին անցնելը պետք է փաստենք, որ էապես բարձրացել է անապահով խավին տրվող գազի սակագինը, որը արտոնյալ էր: Այդ արտոնությունը վերացվում է, ու մինչև 600 խմ գազ սպառողների, այդ թվում՝ սոցիալապես անապահով ու անապահովության նպաստ ստացողների համար գազի սակագինը կբարձրանա 33 տոկոսով՝ 1խմ-ն կդառնա 133 դրամ: Սա բացասական ազդեցություն կունենա այդ ընտանիքների սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, գազի սակակագնի մյուս բարձրացումները ևս շղթայական գնաճի են բերելու:

Առաջնային հարվածը հենց այդ ընտանիքներն են ստանալու, որովհետև նախևառաջ թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները, քանի որ բարձրանալու են նաև վերամշակող արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների գազի, ինչպես նաև ավտոմեքենաների սեղմված գազի մատակարարման սակագները: Մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերությունների, այսինքն՝ տարեկան 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար գազի սակագինը բարձրանում է մոտ 24 տոկոսով: Իսկ ԱԳԼՃԿ-ների՝ սեղմված գազ մատակարարողների համար սակագինը մոտ 8,5 տոկոսով է բարձրանում: Այս իրավիճակում նշված հանգամանքները, բնականաբար, հստակ գնաճային նոր ճնշումներ են: Ի դեպ, 2022-ի պետբյուջեում այս տարվա համար կառավարությունը 5,5 տոկոս միջին գնաճ էր կանխատեսել՝ հաշվի չառնելով թե՛ գազի սակագնի, թե՛ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի մոտ 4,7 դրամ թանկացման կարևոր գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ նա շեշտեց, որ 2022-ին նորից բարձր գնաճային միջավայր ենք ունենալու: Անդրադառնալով բնակիչների՝ մինչև 10 հազար խմ գազ սպառողների համար նախատեսված գազի նոր սակագնին՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Բնակիչների կամ այն անձանց համար, ովքեր իրենց բակում կամ հողամասում փոքր ջերմոցներ ունեն, գազի սակագինը մի փոքր՝ մոտ 4-5 տոկոսով նվազելու է:Մեկ խորանարդ մետրի հաշվարկով դա մոտ 5 դրամ է լինելու: Մինչդեռ վստահաբար ասում եմ՝ սա արվել է նրա համար, որ օրվա իշխանությունները, նշվածի վրա հիմնվելով, փորձեն գազի սակագնի բարձրացման իրենց ձախողումն ինչ-որ կերպ քողարկել: Միևնույն ժամանակ, եթե 4-5 տոկոս նվազումը հաշվում ենք ընդհանուր սակագնի բարձրացման ու գնաճի համատեքստում, ապա դա որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ: Գազի սակագինը մի փոքր նվազում է, բայց, ընդհանուր առմամբ, այդ մարդիկ փաստացի պետք է ավելի շատ վճարեն, քանի որ սեղմված գազը թանկանում է մոտ 8,3 տոկոսով, թանկանալու են նաև վերամշակող արդյունաբերության, նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում՝ հացը: Գազի սակագնի վերանայման հետևանքով էապես թանկանալու են նաև ջերմոցային տնտեսություններում արտադրվող գյուղատնտեսական մթերքները, որովհետև, ինչպես նշեցի, այս ճյուղերի համար գազի սակագնի մոտ 24 տոկոս բարձրացում է նախանշվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ այս ամենը կրկին գնաճի է հանգեցնելու, տնտեսության նշված ճյուղերը ևս մեծ հարված են ստանալու. «Խոսքը հատկապես վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության՝ հատկապես ջերմոցային տնտեսությունների մասին է: Խնդիրն այն է, որ հարևան երկրների համեմատ գազի սակագնի տեսանկյունից առանց այդ էլ մրցակցային չենք: Մեզ մոտ գազի սակագինը պատիկներ անգամ բարձր է: Եվ այս «թուրքական մերձեցման» ֆոնին փաստացի նշված տնտեսությունների դիրքերը ոչ միայն միջազգային շուկաներում, այլև ներքին շուկայում են տուժելու: Նրանք դուրս են մղվելու անգամ ներքին շուկայից: Ի դեպ, թե՛ ջերմոցային տնտեսությունները, թե՛ վերամշակող արդյունաբերությունն աշխատատար ճյուղեր են: Այսինքն, այստեղ խոսքը բազմահազար աշխատատեղերի, նաև ինքնազբաղվածության մասին է, որոնք ևս հարվածի տակ են դրվելու: Եթե իրենց հիմնական ծախսը բարձրանում է, ու ոչ մրցակցային են դառնում անգամ ներքին շուկայում, բնական է, կրճատվելու է նաև իրացումը, ըստ այդմ՝ նաև աշխատատեղերը: Այս սոցիալական ծանր վիճակում սա լուրջ հարված է լինելու մեր երկրի՝ առանց այն էլ հյուծվող տնտեսության համար»:

Անդրադառնալով գազի գնի շուրջ մինչ այս տեղի ունեցած բանակցություններին, երբ փոխվարչապետի մակարդակով նաև հույս էին հայտնում, թե գազի գինը չի բարձրանա, Թ. Ավետիսյանը նախ հիշեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ տապալված բանբակցությունների մասին. «Երկու բանակցություններն էլ, ըստ էության, տապալված են, որովհետև փետրվարի 1-ից թանկանալու է նաև էլեկլտրաէներգիան: Իրականում նախորդ տարի նախընտրական փուլում փորձեցին հետաձգել այս ամենը՝ պայմանավորված զուտ իրենց քաղաքական, ներխմբային շահով: Մինչդեռ հետաձգման հետևանքները մեր ազգաբնակչությունը կրելու է այս տարվանից, որովհետև հետաձգված լինելն ամենևին չէր նշանակում, որ հարցերը լուծվել էին: Հիմա սակագնային բարձրացումը ողջ ծավալով է վրա հասնելու: Ես արդեն կանխատեսում եմ այն պոպուլիստական փաթեթավորումները, որոնք բերելու է օրվա իշխանությունը: Ասելու են՝ տեսեք՝ մինչև 10 հազար խմ սպառողների համար գազի սակագինը 4,5 տոկոսով նվազել է, բայց երբեք չեն խոսելու այն մասին, որ իրականում գազի այս սակագնի միջին բարձրացումը, որն, ի դեպ, իրենց ձախողված բանակցությունների արդյունքն է, ողջ ծավալով է կրելու ազգաբնակչությունը: Բացի այդ, ամենամեծ հարվածը ստանալու են այն խավերը, որոնք արդեն առանց այն էլ սոցիալապես խոցելի են»:

Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց, որ 2022-ին չեն բարձրանալու սոցիալական նպաստները, կենսաթոշակները ևս հիմնականում նույնն են մնացել. «Նվազագույն աշխատավարձը, որն ստանում են աշխատող աղքատները, ևս չի բարձրանալու: Զուգահեռ՝ արդեն ոչ միայն ընդհանուր գներն են ավելանում, այլև այդ մարդկանց ամենօրյա ծախսերը՝ էլեկտրաէներգիայի, գազի, նաև արդեն թանկացած ջրի սակագնի տեսքով: Լուրջ սոցիալական հետևանք է ունենալու նաև սոցիալապես անապահով խավը, որի համար գազի սակագնի արտոնությունը վերանալու է, և որոնք 1խմ-ի համար 100-ի փոխարեն 133 դրամ են վճարելու: Միևնույն ժամանակ, բնակչության համար գազի սակագնի վերը նշված մի փոքր նվազումը, ըստ իս, պայմանավորված բնույթ է կրում, որ օրվա իշխանությունները գոնե խոսելու տեղ ունենան ու կարողանան ինչ-որ չափով կրկին մոլորեցնել հանրությանը:

Մեծ հաշվով, էլեկտրաէներգիայի, ջրի ու նաև գազի միանգամից թանկացումը տնտեսական, սոցիալական շատ լուրջ ու խորքային հետևանքներ է ունենալու: Գազի սակագնի բարձրացումը լրացուցիչ գնաճ է բերելու, հատկապես բարձրանալու են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Բացի այդ, նշյալ թանկացումն ապախթանիչ դեր է ունենալու տնտեսության հատկապես աշխատատար ճյուղերի համար, ինչպիսիք վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսություններն են: Ակնհայտորեն մրցունակության նվազում ենք ունենալու, որովհետև ծախսերն էապես բարձրանալու են: Ոչ մրցակցային դառնալու պատճառով տեղական արտադրողների՝ ներքին շուկաներից դուրս մղվելու հետևանքը լինելու է աշխատատեղերի կրճատումը, նաև պետական բյուջե հարկային մուտքերի նվազումը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun