Հնձում եք այն, ինչ ցանել եք. կլինե՞ն նոր «իջևաններ»
ANALYSISԻջևանում հուլիսի 17-ի երեկոյան տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Այն, ըստ էության, բացառիկ իրադարձություն է, քանի որ ցուցարարները ներկայացրել են ըստ էության անօրինական (իրենց կարծիքով՝ տրամաբանական) պահանջներ և վստահ են եղել, որ միջպետական ճանապարհը փակելով` հասնելու են իրենց պահանջների իրականացմանը:
Բողոքի ակցիա էին կազմակերպել անտառներում ապօրինի հատումներ իրականացնող մի խումբ քաղաքացիներ, նրանց ուզածն այն էր, որ թույլ տան իրենց անտառահատումներ իրականացնել։ Ոստիկանության հորդորներին՝ բացել ճանապարհը, նրանք չէին ենթարկվել, մթնոլորտը շիկացել էր այն աստիճան, որ ցուցարարները սկսել են քարեր և տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով տասնյակից ավելի ոստիկաններ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Կան ձերբակալվածներ:
Իհարկե, այս դեպքի առնչությամբ շտապեցին հայտարարություններով հանդես գալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Իջևանում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել: Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության», - ասել է Փաշինյանը: Ոստիկանապետն իր հերթին վստահեցրել է, որ կատարվածի բոլոր մեղավորները պատժվելու են։ «Մենք հանդուրժող չենք լինելու:
Երկար տարիներ շարունակ իրենք սովոր են եղել ոչնչացնել անտառները, զբաղվել են անտառի առուվաճառքով», - հայտարարեց ոստիկանապետը` հավելելով, որ թույլ չեն տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ ու ավելին՝ թելադրեն, թե ինչ անել։
Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ գործող իշխանության կողմից արդեն իսկ թույլ է տրվել այդ ամենը: Զավեշտալի է կայացած փաստից հետո պնդել, որ նման բաներ թույլ չեն տալու:
Խնդիրն իրականում շատ խորքային է և առնչվում է պետության հիմքերին: Որտեղի՞ց քաղաքացիներին այդ «դուխը» նման կերպ վերաբերվելու պետության ներկայացուցիչներին:
Որտեղի՞ց է գալիս այն համոզումը, որ փողոց փակելով՝ կարելի է հասնել սեփական նպատակների իրականացմանը: Այս հարցերին դժվար չէ պատասխանել: Վարչապետն իր թիմով իշխանափոխության հարցը լուծել է գրեթե նույն ճանապարհով, ինչ Իջևանի ցուցարարները: Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը, փողոցներ փակելը, պետական հաստատություններ ներխուժելը, հետո արդեն դատարանների դռներ փակելը մի՞թե օրինական են:
Ոչ, իհարկե: Այստեղ տարբերությունը դրված նպատակներն են, պահանջների օրինական լինել կամ չլինելը, ինչպես պնդում է անձամբ Փաշինյանը: Մի դեպքում պահանջը իշխանափոխությունն է, մյուս դեպքում` ենթադրենք՝ «թողեք ծառ կտրենք կամ ձուկ բռնենք»: Իհարկե, կա նաև մեթոդաբանական տարբերություն, թավշյա հեղափոխության պարագայում քարեր չէին նետում: Բայց ի՞նչ եք կարծում, եթե ոստիկանությունը հեղափոխության օրերին ստանար կոշտ հրահանգ ցրել ցույցերն ու բացել փողոցները, կլինեի՞ն բախումներ, թե՞ ոչ: Անխուսափելիորեն կլինեին:
Ըստ այդմ, Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է: Եվ որքան Փաշինյանի կառավարությունը դանդաղում է կոնկրետ արդյունքներ ցույց տալ, որ քաղաքացիների կյանքի որակի հետ կապված փոփոխությունը շոշափելի լինի, այնքան նման ցույցերն ու բախումները դառնալու են հաճախակի: Անկասկած՝ «իջևաններ» դեռ շատ են լինելու, եթե ամեն ինչ այս տեմպերով գնա:
Ոչ մեկին կարծես չի հետաքրքրում, թե ինչու են անտառահատները վրդովվել: Բանն այն է, որ դա է նրանց գոյության միջոցը, եթե իրենց ապրուստը ապահովելու այլընտրանք տեսնեին, գուցե ցուցարարներից շատերը նման սխալ քայլերի չդիմեին: Սա խնդրի մյուս կողմն է, որը իշխանությունն անտեսում է:
Եվ եթե շարունակի անտեսել, նման դեպքերի կրկնությունը շատ հավանական է: Պանդորայի արկղը վաղուց բացված է: Այլ բան է, երբ բողոքդ ուղղված է կոնկրետ իշխանությանը, բայց այլ բան է, երբ թքած ես ունենում պետության վրա, երբ տարրական հարգանք չես ունենում իրավապահների հանդեպ, քանի որ սովոր ես նրանց վերաբերվել որպես կամակատարների: Բայց այդպես տեսել են, այդպես սովորել: Ցուցարարները ոստիկանությանը վերաբերվել են հենց այդպես, իրենք իրենց հաշիվ չեն տվել, թե ինչ պահանջներ են ներկայացնում, նրանք ընդամենը գործել են ըստ այն կանխավարկածի, որ իրենք ժողովուրդն են, իրենց անտառն է, իրենց փողոցն է, իրենց դուռն է, ինչ ուզեն, կանեն:
Երբ հեղափոխության օրերին փակում էին արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, հետո համաներում հայտարարում խախտում կատարածներին, դա ի՞նչ ազդակ էր: Դա հենց «դուխով» ապօրինություններ անելու և մարսելու կոնկրետ կոչ էր: Եթե դա կարելի էր անել, ինչո՞ւ չի կարելի անտառ կտրել: Այս արատավոր երևույթը նոր դրսևորումներ է ունենալու, քանի դեռ գործող իշխանությունը առավելապես զբաղված է դեմագոգիայով:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ