Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել
ECONOMICSԱդրբեջանի ֆինանսների նախարարությունը բացահայտել է 2016 թվականի պետբյուջեի մանրամասները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, եկող տարի Ադրբեջանի բյուջեի եկամուտները կկազմեն 14 տրլն 566 մլրդ մանաթ, ծախսերը' 16 տրլն 264 մլրդ մանաթ: Ընդ որում, բյուջեն ձեւավորվել է նավթի գինը մեկ բարելի դիմաց 50 դոլարի շրջանում հաշվարկով: Այսպիսով, Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն կարելի է համարել դեֆիցիտային:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի պետբյուջեի գլխավոր աղբյուր հանդիսացող Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն նախորդ տարվա համեմատ մոտ երկու անգամ փոքր կլինի:
Ըստ virtualaz.org լրատվական կայքի, Աբդուլլաեւը լրագրողներին ասել է, որ կանխատեսումների համաձայն' նավթի համաշխարհային գինը եկող տարի գտնվելու է մեկ բարելի դիմաց 50-55 դոլար մակարդակի վրա, եւ այդ պատճառով Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթը պետք է հաշվարկվի հենց այդ գնի սահմաններում:
Նրա խոսքով' նավթի գնանկման պատճառով արտահանումից ստացվող եկամուտները 2-2,5 անգամ պակասել են, ինչը նշանակում է, որ նույն չափով պակասել են նաեւ SOCAR-ից պետբյուջեին հատկացումները:
Ամերիկյան հեղինակավոր Goldman Sachs բանկի վերլուծաբաններն օրերս կանխատեսել են, որ եկող տարի միջազգային շուկաներում նավթի գինը կարող է նվազել մինչեւ 20 դոլար/բարելի, քանի որ նավթի առաջարկը շարունակում է գերազանցել պահանջարկին:
Ադրբեջանական կայքը գրում է, որ 2015 թվականի բյուջեում նավթի մեկ բարելի գինը սահմանվել էր 90 դոլար, սակայն, տարվա ընթացքում շարունակվող էժանացման պատճառով այն այժմ գտնվում է 50 դոլարի սահմաններում: Դա նշանակում է, որ SOCAR-ն այլեւս չի կարողանում կանխատեսված չափով փոխանցումներ կատարել պետբյուջե, այսինքն' 2015 թվականի բյուջեի գծով ճեղքերն անխուսափելի են: