Ինչու՞ նշել Սուրբ Սարգիսը, այլ ոչ թե Վալենտինը. պարզաբանում է քահանան
SOCIETYՍբ Սարգիս զորավարը մեր եկեղեցու ամենասիրված սրբերից է: Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Այս տարի Սբ Սարգսի տոնը եկեղեցին նշում է փետրվարի 11-ին: Տոնին ընդառաջ՝ Past.am-ը զրուցել է Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանի հետ:
-Ինչպես գիտենք, մոտենում է Սուրբ Սարգսի տոնը: Մի քանի բառով կներկայացնե՞ք տոնի խորհուրդը:
- Սուրբ Սարգիսը մեծ զորավար էր, ով նահատակվել է Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար, նա արագահաս սուրբ է, երիտասարդների բարեխոս: Կոնկրետ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների համար այս տոնը մեծ կարևորություն ունի, քանի որ նա այցելել է այս վայրեր, քարոզել այստեղ: Նրա սուրբ մասունքներից մեկը գտնվում է Կոթիի Սուրբ Սարգիս եկեղեցում, որը հիմա գերության մեջ է, ցավ ի սիրտ: Վստահ ենք, որ հատկապես բնակավայրի ժողովրդի համար նա մեծ բարեխոս է, առավել քան որևէ այլ տարածաշրջանի համար:
- Ինչու՞ պետք է նշել Սուրբ Սարգիսը, այլ ոչ թե Վալենտինը:
- Ես չգիտեմ՝ ով է Վալենտինը: Մենք հայ ենք, մեզ համար մեծ նշանակություն պետք է ունենա ունի հենց Սուրբ Սարգիսը, որովհետև նա մեր եկեղեցու սրբերից է: Մահվանից առաջ, երբ իրեն պետք է նահատակեին, նա աղոթք է բարձրացնում առ Աստված և խնդրում, որ իր անունով, իր բարեխոսությամբ արված աղոթքները լսելի լինեն Աստծո համար: Վստահ ենք, որ Սուրբ Սարգիսը մեր եկեղեցում է, մեր մեջ է, մեր բարեխոսն է, ինչի՞ համար Սուրբ Վալենտին նշել:
- Մի հարց է, որ Նոյեմբերյանի շրջանում պետք է նշեն այս տոնը, այլ հարց է՝ արդյոք նշու՞մ են, թե՞ ոչ: Որքանո՞վ է այդ մշակույթը ձևավորված նոյեմբերյանցիների մեջ:
- Ընդհանուր առմամբ, ընդամենը 2 տարի է, ինչ ծառայում եմ Նոյեմբերյանում: Անցյալ տարի բավականին մեծ շուքով ենք նշել, դրանից առաջ որևէ բան ասել չեմ կարող: Ողջունելի է, որ բոլորը՝ մեծից փոքր, անկախ սոցիալական վիճակից, պաշտոնական դիրքից, միահամուռ կերպով միացել էին տոնին: Հույս ունեմ, որ այս տարի նույնպես բացառություն չի լինի: Եթե մինչև այս որևէ բաց եղել է, փորձում ենք միասնաբար, Աստծո ողորմությամբ այդ բացը լրացնել:
- Ձեր կարծիքով՝ նոյեմբերյանցիները դեպի եկեղեցին, դեպի Աստված ձգտում ունե՞ն:
- Հավատքի չափն ստուգելու սարք չկա: Ժողովուրդը, կարծում եմ, ավելի շատ քիչ տեղեկացված է, կոմունիստական հասարակարգն էլ մյուս կողմից բավականին խորն է աշխատել այս վայրերում: Հիմա փորձում ենք ամեն ինչ վերականգնել՝ թե՛ տոները միջոց դարձնելով, թե՛ կիրակնօրյա դպրոցի միջոցով: Միանգամից ոչ մի բան չի լինում
- Այս տարի՞ ինչպես եք պատրաստվում նշել տոնը:
- Այս տարի Սուրբ պատարագ կմատուցի Տավուշի թեմի առաջնորդը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որից հետո մեր կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքապետարանի և մշակույթի տան հետ գեղեցիկ միջոցառում է նախատեսված, որին նաև զորամասը կմասնակցի: Տեսնենք, առաջն Աստված:
Մարիամ Նալբանդյան