«Թիմերի խաղամակարդակների տարբերությունը շատ մեծ էր». Սարգիս Հովսեփյան
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի կարծիքով, Ֆրանսիայի և Հայաստանի հավաքականների միջև խաղամակարդակների տարբերություն կա:
«Իմ կարծիքով ինչ-որ չափով առաջին խաղակեսը ստացվեց, ինչ որ ուզում էի տեսնել, ես տեսա: Իհարկե, ամբողջովին չստացվեց, որովհետև այդպիսի ուժեղ հավաքականի հետ խաղում կային թերություններ: Եվ դա միայն մեր տղաների մեղքը չէր, այլ չափազանց բարձր էր Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղամակարդակը, և մեր տղաները ուղղակի չէին հասցնում նրանց հետևից: Դա բնական է, որովետև Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները սովոր են բարձր մակարդակի հանդիպումներին, իսկ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ են մասնակցում նման հանդիպումների, իրենց համա ր մի փոքր անսովոր են այսպիսի բարձր որակը և արագությունները: Այս խաղում դաշտ դուրս եկան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փորձարկում ենք ապագայի համար: Պարտության պատճառը ակնհայտ է: Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր, ես շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին և ցանկանում հաջողություն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում»,- Հովսեփյանի խոսքը մեջ է բերում ՀՖՖ-ի կայքը:
Հովսեփյանի խոսքով՝ ինքը գոհ չէ խաղի արդյունքից: «Եթե Ալբանիայի դեմ խաղանք այնպես, ինչպես որ խաղացինք առաջին խաղակեսում, կարծում եմ արդյունք կունենանք, որովհետև թեև Ալբանիայի հավաքականի կազմում լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, բայց Ֆրանսիայի հավաքականի խաղամակարդակն ավելի բարձր է: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտան ֆուտբոլիստներ, որոնք չկարողացան դրսևորել իրենց: Հուսով եմ, որ այն տղաները, որոնք այսօր մեկնարկային կազմում էին, ավելի լավ կխաղան Ալբանիայի դեմ»,-շեշտել է նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում պարտվեց Ֆրանսիայի հավաքականին 0-4 հաշվով: