Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


Մարդը և տիեզերքը` աստղաֆիզիկոսի աչքերով. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է աստղաֆիզիկոս, ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Դուբլինի համալսարանի պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանը

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ֆելիքս Ահարոնյանը Դուբլինի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտին կից աստղամասնիկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոնի տնօրենն է: Նաև` Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի Միջուկային ֆիզիկայի Մաքս–Պլանկ ինստիտուտի բարձրէներգիաների աստղաֆիզիկայի տեսության խմբի ղեկավարը: Միաժամանակ բարձրէներգիաների աստղաֆիզիկայի եվրոպական ասոցացված լաբորատորիայի` Գերմանիան ներկայացնող համատնօրենն է:

1980–ականների վերջին նա մի խումբ ֆիզիկոսների հետ Երևանում ձևավորեց խումբ, որի նպատակն էր դիտակների վրա գրանցել տիեզերական գամմա ճառագայթները: Անկախացման շրջանում, երբ երկիրն ընկղմվեց սոցիալ–տնտեսական դժվարությունների մեջ, նա տեղափոխվեց ու դիտակները տեղադրեց Կանարյան կղզիներում` Լա Պալմայում:

Ապա աշխատանքները շարունակվեցին հաջորդ սերնդի դեդեկտորներով: Գրանցեցին ֆանտաստիկ արդյունքներ: Գիտական աշխարհը շատ շուտ հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել: Գնահատականը ևս չուշացավ. երեք տարի անց պարգևատրվեցին Դեկարտ մրցանակով: Սա նույն Նոբելյան մրցանակն է, բայց որը տրվում է կոլեկտիվներին: Ընդ որում՝ Երևանի խումբը, ի թիվս յոթը այլ խմբերի, ևս նշված էր որպես լիարժեք անդամ:

Ֆելիքս Ահարոնյանը միակ հայ գիտնականն է, ով արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի:

– Պարոն Ահարոնյան, երբևէ մարդը կարո՞ղ է հասնել տիեզերքի ստեղծման գաղտնիքի բացահայտմանը:

– Ժամանակակից կոսմոլոգիայի հիմնական հարցերից մեկն էլ այն է, թե ինչի՞ց է կազմված նյութը: Այն, ինչ տեսնում ենք, իսկական նյութի հինգ տոկոսից էլ պակասն է: Չնայած շատ բարդ է, բայց այնուամենայնիվ այդ հարցն էլ կարելի է պարզել: Բայց, ա՛յ, այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է ստեղծվել, չեմ հավատում, որ կարելի է մինչև վերջ տալ: Որովհետև, ցինիկ ձևով ասած, Աստված այդքան հիմար չէ, որպեսզի թույլ տա իմանանք, թե ինչո՞ւ է ստեղծել տիեզերքը: Շատ բան կարելի է պարզել, բայց մի սահման գոյություն ունի, որից այն կողմ հնարավոր չէ անցնել:

– Այսինքն` գիտությունը չի կարող կանգ առնել ու ասել` սա է նյութի ամենափոքր մասնիկը, սրանից այն կողմ նյութն այլևս չի փոքրանում:

– Կարելի է գուցե և ասել. դրանք տարրական մասնիկներն են` քվարկներն են: Այսօր կարծում են, թե գիտեն նյութն ինչից է կազմված: Բայց ի՞նչ իմանաս, թե դեռ ինչքան կարելի է խորանալ: Իսկ ինչ վերաբերում է ամբողջ տիեզերքին, այստեղ էլ նույն հարցն է դրվում` որքա՞ն է այն մեծ:

– Հարցն էլ հենց այդ է, որ անսկիզբն ու անվերջը բացահայտման ենթակա չպետք է լինեն:

– Դա առավել փիլիսոփայական հարց է, և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել: Բայց, այնուամենայնիվ, տեխնիկական առումով ահավոր դժվարին են դառնում այդ փորձարկումները: Նաև սարսափելի թանկ են արժենում: Քանզի նյութի` որքան փոքր կառուցվածքն եք ուզում տեսնել, այնքան էներգիան պետք է մեծ լինի: Իսկ էներգիան մեծացնելը շատ դժվարին խնդիր է: Բայց և այնպես այսօր գիտնականները կանգնել են քվարկների գաղափարի վրա. կարծում են, որ ամեն ինչ կազմված է դրանցից: Ըստ երևույթին ավելի ցածր ստրուկտուրում ևս կա: Սակայն դրա տեսությունը գոյություն չունի:

– Գուցե պատճառն այն է, որ մարդկային ուղեղի հնարավորություննե՞րն են սահմանափակ, կամ նա իր ուղեղի շատ փոքր մա՞սն է միայն օգտագործում:

– Ուղեղը շատ հզոր է, բայց սահմանափակ է նրա կուտակելու հնարավորությունը: Ինչպես և այսօր, երբ կոմպյուտերները շատ ավելի ինֆորմացիա են կուտակում: Դրանք, իհարկե, մարդն է ստեղծում, բայց սա այն դեպքն է, երբ քանակը որակի է հանգեցնում: Այնքան են հզորացել, որ շախմատում արդեն հաղթում են ամենալավ գրոսմայստերներին:

– Դուք բարձրէներգիաների մասնագետ եք. կարելի՞ է հակիրճ ասել` ի՞նչ ասել է բարձրէներգիաներ:

– Երբ մասնիկները շարժվում են լույսին մոտ արագությամբ, դրանցից յուրաքանչյուրը պարունակում է ահռելի մեծ էներգիա: Որոնք էլ հենց բարձրէներգիաներն են: Օրինակ աշխարհի ամենամեծ արագացուցչի` Կոլայդերի միջոցով ուզում են մեկ մասնիկի մեջ ստանալ մեկ էռգ էներգիա:

– Ֆիզիկական այդ էներգիաները կարո՞ղ են ինչ–որ մի պահի հատել հոգևորի սահմանը` դառնալ հոգևոր էներգիա:

– Ես այդ մասին չեմ մտածել: Ըստ իս, դրանց մեջ կապ չպետք է, որ լինի: Չնայած այսպիսի փիլիսոփայական հարցերի դեպքում միշտ պետք է զգույշ լինել. երբեք մի ասա երբեք:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում տիեզերքի բանական լինելու թեզին:

– Օ, դժվար է ասել: Ես նախկինում շատ բացասաբար էի վերաբերվում: Բայց վերջերս, երբ տեսնում եմ, թե ինչպիսի արագությամբ է ամեն ինչ զարգանում, թե ինչ է կատարվում կոմպյուտերների աշխարհում, երբ կամպյուտերն արդեն կոմյուտեր է ստեղծում, արդեն երկմտում եմ` ո՞վ գիտե, գուցե մարդն էլ մի կոդ է` ինչ–որ տեղից գցված Երկիր մոլորակի վրա, որ ինքնազարգացմամբ առաջ է ընթանում:

– Իսկ հնարավոր չէ՞, որ ժամանակի և տարածության ինչ–որ կետում հոգևոր և ֆիզիկական ընկալումները հատվեն…

– Ես դա չեմ պատկերացնում: Բայց էլի` երբեք մի ասա երբեք: Նույնիսկ գիտության մեջ գոյություն ունի անտրոպոլոգիայի գաղափարը, որ ինչ որ մենք տեսնում ենք, մեր ընկալումների արդյունք են: Ասենք` գուցե շատ տիեզերքներ կան, բայց մենք տեսնում ենք այն տիեզերքը, որը կարող ենք տեսնել: Իհարկե, եթե մեր ինտելեկտը հզոր լիներ, ավելի շատ բան կիմանայինք: Բայց կրկին հանգում ենք նույն հարցին. գուցե մի սահմա՞ն կա, որից անդին իմանալու իրավունք չունենք:

– Իսկ Դուք չե՞ք մտածել այն մասին, թե Էյնշտեյնն ինչո՞ւ հավատաց Աստծո գոյությանը:

– Խոստովանեմ, որ մանրամասնությամբ տեղյակ չեմ Էյնշտեյնի` հավատի հետ կապված խնդիրներին: Սակայն ասեմ, որ Աստծո գաղափարը տարբեր ձևով կարելի է ընկալել: Մարդ կա` նրանում տեսնում է բարոյական սկզբունքների կոմպլեքսը: Կամ տեսնում է` Աստված որպես ռեալ իրականություն: Ես չեմ կարծում, որ Էյնշտեյնը վերջին ընկալումով հավատար: Հնարավոր է մտածեր, թե կա մի գերուժ, որը ստեղծել է տիեզերքը և մեզ թույլ տվել այն հասկանալ իր իսկ կողմից արտոնած սահմաններում: Ըստ իս, բնական գիտությունների մարդկանց համար Աստված կարող է նախ և առաջ լինել ինքը` բնությունը, տիեզերքը: Նաև մտածում եմ` բնական գիտությունների մարդկանց վերաբերյալ եթե ասում են, որ Ատծուն չեն հավատում, նույնն է թե` վերջիններս կարծում են, որ իրենք կարող են ամեն ինչ իմանալ:

– Մեծ ֆիզիկոսները, ըստ իս, նաև մեծ երևակայողներ են. տիեզերքի ռոմանտիկներն են նրանք: Առանց այդ վերացարկման, ներքին աչքերով նայելու կարողության, կարո՞ղ են մխրճվել տիեզերքի բացահայտումների մեջ:

– Անշուշտ, պետք է ունենալ մտածողության առավել լայն կերպ, ընդունված շրջանակներից դուրս գալու կարողություն: Էությամբ նաև ազատ լինել, ոչ սահմանափակ. նույն այդ «երբեք մի ասա երբեք»–ի տրամաբանությամբ: Սակայն անպայման գիտելքներ պետք է լինեն. եթե այդ ամենը հիմնված չէ գիտելիքների վրա, արդեն կարղ են և վտանգավոր, նաև` «անիմաստ» դրսևորումներ ձեռք բերել:

Ըստ իս, իրականում գիտությունն ավելի շուտ արհեստ է. արվեստը հետո է գալու: Արհեստ, երբ ամեն ինչ դու արդեն յուրացրել ես, գիտես գործող հայտնի օրենքները: Եվ ապա բախվում ես նոր մի երևույթի. ուզում ես այն բացատրել: Տվյալ երևույթին նայում ես բոլոր կողմերից, քննում ես հնարավոր ամեն ելք, ու երբ բացատրելու ոչ մի հնարավորություն այլևս չկա, առաջարկում ես քո վարկածը, որը և կարող է դառնալ հայտնագործություն:

– Իսկ ինտուիցիա՞ն ինչ դեր ունի այստեղ:

– Շատ մեծ դեր ունի: Սակայն` կրկին նույնը. ինտուիցիան ևս գալիս է գիտելիքների առկայությունից: Օրինակ՝ քվանտային մեխանիկան ստեղծվել է առաջին հայացքից շատ հասարակ մի բանից. ջրածնի գծերը չէին բացատրվում դասական ֆիզիկայով: Երկար գլուխ կոտրելուց հետո, տեսնելով, որ այլևս ուրիշ տարբերակ չի մնում, Նիլս Բորը հասկացավ, որ դրանք դիսկրետ կաղապարներ են: Սա հեղափոխություն էր. շատերի համար անհասկանալի դեռևս:

Այսինքն` ընթացքն այսպիսին է` գիտելիքների բազա կա, բախվում եք մի նոր երևույթի, ուզում եք այն բացատրել: Եթե բացատրում եք` շատ լավ. նշանակում է հաստատում եք այն, ինչ գիտեիք: Բայց և լինում է, երբ ոչ մի ձևով հնարավոր չի լինում բացատրել: Ա՛յ, այս դեպքում դուք հայտնագործություն եք անում: Իսկ հայտնագործությունից հետո արդեն ստեղծում եք տեսությունը: Եվ այսպես` շարունակ:

– Մարդն այսօր տիեզերքի բացահայտման ի՞նչ չափի է հասել` մոտավորությամբ եթե խոսենք:

– Ահագին բան է արված: Օրինակ, մարդն արդեն գիտի քվարկների մասին, որը շատ լուրջ բան է: Բայց շատ հարցեր էլ կան, որ չի հասկանում ինչն ինչոց է: Օրինակ, ենթադրվում է` պետք է ինչ–որ նոր ձևի մասնիկներ լինեն, որոնք, չգիտես ինչու, դեռ չեն հայտնվում: Կոլայդերի ամբողջ գաղափարն էլ հենց դրան է ուղղված:

Տիեզերքի մասին ևս մարդը շատ–շատ բան է հասկանում: Համարյա այլևս կասկած չկա, որ այն առաջացել է մեծ պայթյունից. պայթել է մեկ` փոքր կետից: Եվ մեծ արագությամբ լայնանում է: Հայտնի է և լայնացման արագությունը: Հայտնի է և առաջին պայթյունի ժամանակ եղած ջերմաստիճանը: Հնարավոր է անգամ հաշվել, թե ներկայումս ինչպիսի ջերմաստիճանի է իջել:

– Իսկ ի՞նչ է պայթել:

– Գուցե և այդ հարցը հանգեցնում է Աստծու գաղափարի՞ն. ֆիզիկայի օրենքներով ոչինչ չէր կարող հենց այնպես պայթել: Ընդունված է ասել` մեկը մատով պետք է մի քիչ ձեռք տար…

– Պարոն Ահարոնյան, երբ անվերջ տիեզերական հարցերի հետ եք ու նաև` տիեզերական հարցերի մեջ, դժվար չէ՞ առօրյա կյանքով ապրելը:

– Ես իմ գործին նայում եմ այնպես, ինչպես կնայեր ցանկացած մարդ իր աշխատանքին: Սա արհեստ է: Ընդ որում, որքան ծանր` նույնքան էլ հետաքրքիր արհեստ, որը հետագայում կարող է խոստանալ նաև ստեղծագործական հնարավորություն: Ինչպես նկարիչն է` ստեղծագործելուց առաջ նախ կտավն է ձգում, ամրացնում նկարակալին: Կամ Միքելանջելոն ի՜նչ դժվարություններով է իր քանդակներն արել, տարիներով է ձգվել աշխատանքը: Մեր դեպքում էլ է նույնը. սկզբից սև գործն է, հետո այդ դժվարությունները փոխհատուցվում են ստեղծագործական հաճույքով:

Միաժամանակ, քանի որ աստղաֆիզիկոսը շատ բան գիտի, կյանքն ավելի հետաքրքիր է դառնում: Իսկ այն գիտնականները, ովքեր արդյունքների են հասնում, բարեբախտություն են ունենում ընթանալ գիտական բացահայտումների հունով, պարզապես վայելք են ապրում: Վստահ եմ` շատ շատերը կնախանձեին նրանց այդ վիճակների համար, երբ ամեն օր հնարավորություն են ունենում ինչ–որ բան տեսնել, երբ կյանքն այլևս տաղտուկ չի դառնում: Եվ կարևոր էլ չէ` այդ գործը դո՞ւ ես անում, թե ոչ. կուլտուրա է, որ հաճույք ստանաս նաև ուրիշների աշխատանքից, նրանց բացահայտումներից: Եվ դա կյանքի շարունակական ընթացք է, դու ամեն օր ես այդ վիճակների մեջ:

Ֆիզիկոսները նաև ազատ են, նաև անկախ են: Նրանք կապված չեն գաղափարական ինչ–ինչ կողմնորոշումներով ու դիրքորոշումներով: Կարող են մտածել` ինչ ուզում են: Մարդիկ անգամ արվեստի ստեղծագործությունների մեջ իրենց տեսակետից` անընդունելի բաներ կտեսնեն: Իսկ գիտության մեջ նման բան գոյություն չունի: Գիտնականն ընդամենը կամ ճիշտ է, կամ` սխալ իր տեսության մեջ. կողմնորոշումներ չկան: Միայն մի վտանգավոր գայթակղություն գոյություն ունի նրանց համար. սկզբից նախ պետք է գիտելիքներ հավաքեն–ամբարեն, որպեսզի չընկնեն հեշտ հայտնագործությունների «գեղեցիկ» խաբկանքի հետևից:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution