Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի բերքահավաքը
ECONOMICSՕգոստոսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, հացհունձն այժմ ընթանում է թե՛ գարու, թե՛ ցորենի արտերում: Մեծ Մասրիկի, Սոթքի եւ Լուսակունքի գյուղապետերի տեղեկացմամբ՝ հացահատիկի բերքը հավաքվում է ցածր արդյունքներով:
«Ունենք մոտ 900 հեկտար գարու եւ ցորենի ցանք: Արդեն մոտ 400 հեկտարը հնձվել է, սակայն՝ անչափ ցածր արդյունքներով. մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 11-12 ցենտներ: Շատ աննպաստ տարի էր բերքի համար»,-նշեց Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը:
«Գարու արտերի 1 հեկտարից ստանում ենք մինչեւ 15, ցորենի արտերից՝ մինչեւ 20 ցենտներ բերք: Յուրաքանչյուր հեկտարից նախորդ տարվա համեմատ պակաս է ստացվում ավելի քան կես տոննա բերք: Բնականաբար, պակաս է ստացվում նաեւ ծղոտը, որի կարիքն ավելի է զգացվում անասնակերի առումով դժվար այս տարում»,-իրավիճակը ներկայացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:
Բերքահավաքի արդյունքներից առավել հիասթափված են Լուսակունքում.«Ունենք մոտ 150 հեկտար հացահատիկի ցանք: Գարին այնքան գաճաճ է, որ որոշ տեղերում չի հնձվում, ցորենի արտերից այնքան քիչ բերք է ստացվում, որ անգամ ցանքի եւ մշակության վրա կատարված ծախսերը չի ծածկում: Մի կողմից ձմռան խստաշունչ ցրտերը, մյուս կողմից էլ երաշտը տեսան իրենց գործը»,-տեղեկացրեց Լուսակունքի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը:
Հացհունձը Գեղարքունիքում կավարտվի օգոստոսի երկրորդ կեսի ընթացքում:
Խոսրով Խլղաթյան