Քիմ Քարդաշյան. Աշխարհահռչակ հայուհին այսօր նշում է ծննդյան 35-ամյակը
LIFEStyle.news.am-ը գրում է.
Այսօր իր ծննդյան 35-ամյակն է նշում աշխարհում ամենահայտնի հայուհիներից մեկը` Քիմ Քարդաշյանը: Հանրահայտ իրավաբան Ռոբ Քարդաշյանի և հայտնի պրոդյուսեր Քրիս Ջենների դուստրը այսօր համարվում է ոճի և ճաշակի խորհրդանիշ: Քարդաշյան ազգանունը թնդում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Քիմ Քարդաշյանին սկզբում սկսեցին ճանաչել որպես Փերիս Հիլթոնի մտերիմ ընկերուհի, այնուհետև` 2006 թ-ին համացանցը պայթեցրեց Քիմի և երգիչ Ռեյ Ջեյի ինտիմ տեսագրությունը: Երկար ժամանակ Քիմ Քարդաշյան անվան շուրջ պտտվում էր այդ սեքս-սկանդալը: Սակայն ամեն ինչ մոռացվեց, երբ Քրիս Ջենները որոշեց ստեղծել ընտանիքի մասին պատմող «Keeping Up With The Kardashians» շոուն:

Դրանից հեռո Քիմը հարցազրույցների առաջարկներով սկսեց հայտնվել ամենահանրահայտ հեռուստաշոուներում, լուսակարվեց աշխարհահռչակ ամսագրերի շապիկների համար և դարձավ D-A-S-H բուտիկների ցանցի տիրուհին:
2000-2004 թ-երին Քիմն ամուսնացած էր երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի, իսկ 2011-2013 թ-երին` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսոմի հետ: Այժմ Քիմն ամուսնացած է հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, ում արդեն պարգևել է դուստր` փոքրիկ Նորթ Ուեսթին: Շուտով Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը կհամալրվի ևս մեկ փոքրիկով:

Չնայած համաշխարհային ճանաչվածությանը` Քիմը և նրա քույրերը` Քլոեն, Քորթնին, ինչպես նաև եղբայրը` Ռոբը, երբեք չեն լռել իրենց հայկական արմատների մասին: Քարդաշյանները միշտ էլ հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչերով:

Այս տարի Քիմը ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դսեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ այցելեցին Հայաստան: «Ես վերջապես կատարեցի հորս տված խոստումը»,-նշել է Քիմը:


Քարդաշյանները ոչ միայն Ծիծեռնակաբերդում հարգեցին անմեղ զոհերի հիշատակն ու իրենց արմատների հետևից այցելեցին Գյումրի, այլև «Keeping Up With The Kardashians» շոուի ամբողջական երկու թողարկում նվիրեցին Հայաստանին:






Սյունե Առաքելյան



