Yerevan, 12.September.2026,
00
:
00
BREAKING


«Արարատ»-ի լեգենդը. Արկադի Անդրեասյանը 70 տարեկան է

SPORT

«Արարատ-73»-ի կիսապաշտպանական գիծը՝ Արկադի Անդրեասյան, Հովհաննես Զանազանյան , Սերգեյ Բոնդարենկո, համարվում էր երկրի ուժեղագույններից մեկը։ Դրա վառ ապացույցն այն է, որ երևանցիների «հրաշալի եռյակը» ամբողջ կազմով ընդգրկվել էր ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում և մասնակցեց 1972 թվականին Մյունխենում կայացած օլիմպիական խաղերին, որտեղ արժանացավ բրոնզե մեդալների։ Տողերիս հեղինակը բազմիցս առիթ է ունեցել հանդիպելու այդ հրաշալի եռյակի տղաների հետ, նրանց մասին ակնարկներ գրել կամ հարցազրույց ունենալ նրանց հետ։ Այսօր լրանում է Արկադի Անդրեասյանի ծննդյան 70-ամյակը։ Ստորև տրվող ակնարկը Արկադի Անդրեասյանի մասին է, որը, կարծում եմ, կհետաքրքրի ոչ միայն տարեց ֆուտբոլասերներին, այլև ավելի ուշ ծնվածներին, ովքեր բախտ չեն ունեցել խաղադաշտում տեսնելու այդ հրաշալի ֆուտբոլիստին։

Անդրեասյան ազգանունը խորհրդային  ֆուտբոլի տարեգրության մեջ գրվել է տակավին անցյալ դարի երեսնական թվականների կեսերին, երբ խորհրդային ուժեղագույն թիմերը  սկսեցին վիճարկել երկրի չեմպիոնի կոչումը և ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթը։ Այն ժամանակ Մոսկվայի «Լոկոմոտիվ» թիմի կազմում հանդես էր գալիս Արկադի Անդրեասյանի հորեղբայրը՝ Հայկ Անդրեասյանը։ Հայկը եղել է ԽՍՀՄ գավաթի անդրանիկ խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակիցը, գավաթակիրներից մեկը։ Հայկ Անդրեասյանը խորհրդային  այն սակավաթիվ ֆուտբոլիստներից է, որոնց բախտ է վիճակվել կանաչ դաշտում հանդիպելու  լեգենդար բասկ ֆուտբոլիստների հետ։ Դա 1936 թվականին էր, երբ «ֆուտբոլի կախարդների» համբավ ունեցող բասկերը մի շարք մրցելույթներ ունեցան խորհրդային ուժեղագույն թիմերի հետ։ Նրանց անպարտելիության մասին պարզապես լեգենդներ էին պատմում։ Շատ բան սովորեց նրանցից երիտասարդ Հայկը ։

Ավարտելով ինստիտուտը, Հայկ Անդրեասյանը վերադառնում է Հայաստան։ Այստեղ նա երկար ժամանակ հանդես էր  գալիս Հայաստանի ուժեղագույն թիմում, իսկ հետո դարձավ նրա մարզիչը։ Հայ ֆուտբոլիստներից  շատերին է  կյանքի ուղեգիր տվել Անդրեասյան-մարզիչը։ Նրա մոտ է իր ֆուտբոլային նախնական  կրթությունը ստացել նաև Արկադին՝ «Արարատի» բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից  մեկը ։          

Արկադին շուտ է սկսել  ֆուտբոլ խաղալ։ Ծնողների վկայությամբ նա միաժամանակ է սկսել քայլելն ու գնդակին հարվածելը։ Հայրը՝ Գևորգ Անդրեասյանը, Բաքվի «Լոկոմոտիվի» խաղացողներից էր և հաճախ էր իր հետ մարզումների տանում փոքրիկ Արկադիին։ Հենց հոր մարզումների ժամանակ էլ Արկադին սովորեց ֆուտբոլային «այբուբենը»։  Սակայն, ինչպես իր հասակակիցներից շատերը, նա միայն ֆուտբոլով չէր հրապուրված։ Նա բավականին լավ  սեղանի թենիս էր խաղում, հաջողությամբ մասնակցում էր թեթևատլետների մրցումների։ Սեղանի թենիսի Ադրբեջանի պատանեկան հերթական առաջնությունում Արկադի Անդրեասյանը գրավում է երրորդ մրցանակային տեղը և ընդգրկվում է հանրապետության հավաքականի կազմում։ Մասնագետները նրան լավ ապագա են կանխատեսում այդ մարզաձևում։ Բայց Արկադին նախընտրում է ֆուտբոլը։ Եվ ոչ իզուր։ Շուտով նա արդեն Բաքվի «Նևթչիի»   պատանեկան թիմում էր։ Դա 1963 թվականին էր, երբ տակավին չէր լրացել նրա տասնվեց տարին։ Բայց մեկ տարի անց, սովորելու նպատակով, նա մեկնում է Կապան և սկսում է մարզվել տեղի «Լեռնագործ» թիմում, որի մարզիչն էր հորեղբայրը։ Մի քանի պարապմունքից հետո պատանին սկսեց հանդես գալ հիմնական կազմում։ Հետո հորեղբայրը ստանձնեց Լենինականի «Շիրակի» ավագ մարզչի պարտականությունները։ Բնական է, որ փորձառու մարզիչն Լենինական տարավ նաև իր  զարմիկին, ով լավ ֆուտբոլիստ դառնալու բոլոր  նախադրյալներն ուներ։

Օրերից  մի օր  «Շիրակի» կազմում երևաց  նիհարավուն մի պատանի։ Դա Արկադի Անդրեասյանն էր, որին լենինականցի կատակասեր ֆուտբոլասերները շուտով սկսեցին   կոչել «մեծ հորեղբոր պզտիկ զարմիկ»։  Ինչ-որ հեգնանք կար դրա մեջ։  Բայց թիմի երկրպագուներին էլ չէր կարելի մեղադրել։ Ո՞վ կարող էր ենթադրել, որ այդ պատանին մի օր հիրավի մեծ ֆուտբոլիստ էր դառնալու։  Պատանին համառ էր ու նպատակասլաց։ Մարզումների ժամանակ նա իրեն չէր խնայում,  դաշտից հեռանում էր միայն այն ժամանակ, երբ այլևս չէր կարողանում քայլել։ Տակավին պատանեկան տարիներից նա առաջնորդվում էր   «ամեն ինչ պայքարի, ամեն ինչ խաղի համար» նշանաբանով։

1966 թվականին Արկադի  Անդրեասյանին հրավիրում են Երևան՝ հանրապետության լավագույն թիմ։ Սակայն «Արարատի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը, որը ուժային ֆուտբոլի կողմնակից էր, նրան համարում է ֆիզիկապես թույլ և տեխնիկապես անպատրաստ։ Եվ այդ շնորհաշատ ֆուտբոլիստը ստիպված է լինում հեռանալ «Արարատից»։ Հաջորդ մրցաշրջանում Արկադի Անդրեասյանը հայտնվում է  Հոկտեմբերյանի «Սևան» թիմում ։ Բարեբախտաբար նա  այստեղ  երկար չի մնում։ Նոր մրցաշրջանի շեմին «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնում է խորհրդային լավագույն մասնագետներից մեկը՝ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ և վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Պոնոմարյավը։ Ինչ-որ մեկը հիշում է Արկադի Անդրեասյանի մասին և խորհուրդ է տալիս  Պոնոմարյովին՝ «տեսնել» Հոկտեմբերյանի թիմում խաղացող Արկադի Անդրեասյանին։ Պոնոմարյովը «տեսնում է» և … զարմանում իր նախորդի անխոհեմ քայլից, ով այդ շնորհալի ֆուտբոլիստին «աքսորել» էր Հոկտեմբերյան։ Իհարկե, նա անմիջապես Արկադի Անդրեասյանին հրավիրում է «Արարատ»։ Ավելին՝ անմիջապես ընդգրկում հիմնական կազմում։ «Գավառական» այդ ֆուտբոլիստն առաջին իսկ տարվանից  դառնում է թիմի առանցքային խաղացողը, նրա շարժիչն ու  նրա գրոհների  հիմնական կազմակերպիչը։ Եվ  այդ դերը  նա  ոչ մեկին չի զիջում՝ ընդհուպ մինչև  «Արարատից» հեռանալը, այսինքն՝ մինչև իր՝ որպես ֆուտբոլիստի  կարիերայի ավարտը։

… «Հրազդան» ստադիոնը լեփ-լեցուն է։  ԽՍՀՄ առաջնության օրացուցային խաղերից մեկն է։ Հանդիպումը մոտենում է ավարտին, բայց արարատցիներին չի հաջողվում գրավել մրցակցի դարպասը։ Խաղացողներից շատերն արդեն հաշտվել են ոչ-ոքիի մտքի հետ, բայց կիսապաշտպան Անդրեասյանն այդ կարծիքին չէ։ Նա իր հաշվենկատ ու «խորամանկ» փոխանցումներով առաջ է մղում հարձակվողներին։ Ահա դաշտի կենտրոնում գնդակը ստանում է վեցերորդ համարը, նա հմտորեն խաբս է տալիս մեկին, մյուսին, գնդակը փոխանցում է ընկերոջը, վերջինս մեկ հպումով այն վերադարձնում է Անդրեասյանին և… ստադիոնը ցնծում է։ Հայերս տոնում ենք սիրելի թիմի հերթական հաղթանակը։ Քանի-քանի անգամ է վեց համարը ( Արկադի Անդրեասյան) դարձել հաղթական գոլի հեղինակը կամ  համահեղինակներից մեկը։ Դա շնորհիվ այն բանի, որ նա միշտ պայքարի մեջ է մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը՝ իր ետևից տանելով խաղընկերներին։

Շուտով «Արարատի» կիսապաշտպանին հրավիրում են Խորհրդային Միության օլիմպիական հավաքական։Դա մեծ պատիվ էր նրա համար, նրա վարպետության ճանաչում, որը ձեռք է բերվել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Օլիմպիական թիմի կազմում նա շրջագայեց տարբեր երկրներում։ Մեկ անգամ էլ, դա 1970 թվականին էր, նրան Մոսկվայի «Դինամոյի» հետ տարան Անգլիա և ֆեդերատիվ Գերմանիա։ Այնտեղ՝ ֆուտբոլի հայրենիքում և ֆուտբոլային կայսրության համբավ ունեցող Գերմանիայում Արկադին այնքան լավ խաղաց, որ չվամրցումներից հետո նրան առաջարկեցին «մոսկվացի» դառնալ, խոստանալով զանազան բարիքներ, նորանոր միջազգային ելույթներ։ Բայց Արկադին մնաց այն ակումբում, որտեղ կայացել էր որպես ֆուտբոլիստ, որտեղ նրա ակունքներն էին և որտեղ այդքան ջանք էր ներդրել իր հորեղբայր Հայկ Անդրեասյանը՝ Հայաստանի ֆուտբոլի երախտավորներից մեկը։

Արդարության առջև չմեղանչելու համար պետք է  նշել, որ ոչ բոլոր մարզիչներն էին հավանում Անդրեասյանի խաղաոճը։ Իրոք, ոմանք կարծում էին, որ նրա խաղը զերծ չէր արտաքին էֆեկտներից,որ նա հաճախ խաղում էր հանդիսատեսի համար, թվում էր, թե նա չափից ավելի դանդաղկոտ է, շատ է գնդակն իր մոտ պահում։ Բայց դա միայն թվում էր։ Հարկ եղած դեպքում  Արկադին միացնում էր իր «երրորդ արագությանը» և միանգամից մի քանի պաշտպանի «պարեցնում» ու ժամանակին ու տեղին փոխանցում կատարում։ Մի առիթով Նիկիտա Սիմոնյանը, որը դեռ չէր եկել «Արարատ», Արկադիի մասին ասել էր, որ նա չունի այնպիսի բացառիկ հատկանիշներ, որոնց համար կարելի  լիներ նրան առանձնացնել մյուս խաղացողներից։ Բայց, երբ  «Արարատ»- «Դինամո» Թբիլիսի հանդիպման ժամանակ տեսավ Արկադի Անդրեասյանի խաղը, անվանի մարզիչը փոխեց իր կարծիքը.  «Հենց այսօր ես նրան տեղ կտամ «Սպարտակի» հիմնական կազմում»։ Եվ դա ասում է Մոսկվայի «Սպարտակի» մարզիչը, որի թիմի միջին գիծը, ասել կուզե՝ կիսապաշտպանությունն  ամենաուժեղն է խորհրդային ֆուտբոլում և վերջապես մարդ, ով «ուրբաթախոս»  է,   հատկապես որևէ մեկին գնահատական տալու ժամանակ։

Միայն ֆուտբոլով չի ապրում Անդրեասյանը։ Նա էլ իր շատ հասակակիցների պես սիրում է երաժշտությունը, գրականությունը։ Սովորում է ֆիզկուլտուրայի հայկական ինստիտուտում։ Պատրաստվում է մարզիչ դառնալ։ Տողերիս հեղինակի այն հարցին, թե արդյո՞ք կուռք ունի, Արկադի Անդրեասյանը պատասխանեց. « Իհարկե,  ունեմ։ ֆուտբոլում դա  տորպեդոյական  Վալերի Վորոնինն է, իսկ երաժշտության բնագավառում՝ Շառլ Ազավուրը։  Ինչ վերաբերում է  գրականությանը… սիրում եմ բոլոր լավ գրքերը»։

      -    Ի՞նչ երազանք ունեք։

      -    Ես մտովի պատկերացնում եմ վաղվա «Արարատը», որը կկարողանա ոչ միայն հավակնել, այլև անմիջական մասնակցություն ունենալ ԽՍՀՄ առաջնության մեդալների բաշխմանը։ Մենք պետք է ձգտենք դրան։ Երազում եմ ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել Մյունխենի օլիմպիական խաղերին։

       -    Ուրեմն, թող իրականան Ձեր երազանքները Արկադի, հաջողություն Ձեզ…

Այսօր, երբ լրանում է անվանի ֆուտբոլիստի 70-ամյակը, ուզում եմ հիշեցնել ընթերցողին, որ Արկադի Անդրեասյանը հուսախաբ չեղավ։ Նրա երազանքներն ի կատար ածվեցին։ Նախ, 1971 թվականին Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները նվաճեցին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալները, մեկ տարի անց  Արկադի Անդրեասյանը Մյունխենում արժանացավ  օլիմպիական բրոնզե մեդալի։ Ապա եկավ «Արարատ-73» աստեղային ժամը։ «Արարատը» Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նվաճեց երկրի բյուրեղապակյա գավաթը։

 Մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանն  անցավ մարզչական աշխատանքի, որոշ ժամանակ գլխավորեց իր հարազատ «Արարատը»։ Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկանն նրա՝ որպես մարզչի հմտությունները։  Ես՝ որպես Արմենպրեսի մարզական մեկնաբան, քանիցս եղել եմ նրա պարապմունքներին, որ նա անցկացնում էր իր իսկ մշակած գիտական մեթոդիկայով։ Այդ առումով նա Հայաստանում առաջին մարզչն էր, ով փորձում էր հեռանալ տարիներ շարունակ, արդեն կարծրացած մեթոդիկայից և նորովի պատկերացնել աշխարհի ամենահետաքրքիր խաղերից մեկը՝ ֆուտբոլը։

Հետո եկան շուկայական հարաբերություները, երբ շատ բան լուծվում էր ոչ թե կանաչ դաշտում ՝ ֆուտբոլիստների վարպետության, այլ նորաթուխ մեկենասների գրպանի պարունակության շնորհիվ։ Ցավոք,  «Արարատը» չդիմացավ մրցակցությանը…

Այսօր էլ Արկադի Անդրեասյանը  ֆուտբոլում է։ Նա կրկին գլխավորում է բոլորիս համար լեգենդ դարձած Երևանի «Արարատ» թիմը։ Նա, ի հեճուկս   որոշ մերձֆուտբոլային  ֆունկցիոներների, ովքեր լեգենդար ֆուտբոլիստին ու մարզչին որոշ «սպորտային մեկնաբանների» ձեռամբ «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել, մնում է  այդ հրաշալի խաղի  ամենահեղինակավոր գիտակներից մեկը  Հայաստանում…

Արկադի Անդրեասյանը մնում է Անդրեսյան։ Այո, հենց այդպես…           

 Լևոն Ազրոյան 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution