Կ. Ճշմարիտյանը՝ «Բիզնես-օմբուդսմենի» ինստիտուտի մասին
ECONOMICSՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Բիզնես-օմբուդսմենի» ինստիտուտ ձևավորելու անհրաժեշտությանը, տեսակետ հայտնեց, որ օբյեկտիվ իրավիճակից ելնելով գուցեև անհրաժեշտ է «Բիզնես-օմբուդսմենի» ինստիտուտ ձևավորել, սակայն այն շատ PR անելու անհրաժեշտություն չկա:
«Կարիք չկա, որ դրսի ներդրողները, միջազգային կազմակերպությունները դրա մասին իմանան: Իմ կարծիքով, ընդամենը այն պետք է ևս մի հարթակ լինի, որը կօգնի մեր բիզնեսմեններին իրենց շահերը պաշտպանել»,- ասաց Կ. Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, եթե երկրում գործող բոլոր պետական կառույցները կարողանան իրենց լիազորությունների շրջանակներում իդեալական ձևով աշխատել, ապա հնարավոր է, որ նման կառույց ստեղծելու պահանջ ընդհանրապես չլինի: Բայց, ելնելով օբյեկտիվ իրավիճակից, կարելի է նաև այդ կառույցն էլ ձևավորել:
«Մեծ հաշվով պետք է որ դրա անհրաժեշտությունը չլիներ, քանի որ եղած կառույցները լիազորված են այդօրինակ գործառույթներ իրականացնել: Բայց քանի որ կա օբյեկտիվ իրականություն, և մենք տեսնում ենք, որ դեռ ունենք որոշակի խնդիրներ, ապա գուցեև այն կարող է դառնալ ծագած խնդիրները լուծելու արդյունավետ հարթակ»,- ասաց Կ. Ճշմարիտյանը:
Հարցին, որ եթե օբյեկտիվ պատճառներից ելնելով եղածները չեն կարողանում լիարժեք աշխատել, ապա ինչ երաշխիք, որ ստեղծվելիք կառույցը չի դառնա հերթական կիսատ-պռատ աշխատող կառույցը, նախկին նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է, թե ինչ սկզբունքների հիման վրա կձևավորվի այն, ովքեր ու ինչպես կսկսեն աշխատել այնտեղ:
«Իրականում կան օբյեկտիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս, որ համակարգը լիարժեք աշխատի: Եթե նման կառույց ձևավորելու մասին որոշում է կայացվել, նշանակում է` դրա անհրաժեշտությունն այնուամենայնիվ կա, բայց իմ կարծիքով այն միայն տեղի բիզնեսմենների ու բիզնեսների խնդիրներով պետք է զբաղվի, ոչ թե դրսի ներդրողների»,- համոզված է Էկոնոմիկայի նախկին նախարարը:
Հիշելով թաիլանդահայ հայտնի գործարար և բարերար, երջանկահիշատակ Փոփ Գևորգյանի խոսքերը` Կ. Ճշմարիտյանն ասաց, որ բիզնեսմենի կարծիքով դրսի ներդրողի համար այնքան էլ կարևոր չեն երկրում գործող օրենքները, կամ ինչպես են աշխատում կառույցները, այլ կարևոր է, որ իր համար պարզ լինի, թե երկրում ինչպիսի խաղի կանոններ են գործում:
«Այսինքն, դրսի ներդրողին ավելի շատ հետաքրքրում է, թե որքանով են տվյալ երկրում պարզ խաղի կանոններով աշխատում: Այդ դեպքում արդեն լավ ու վատ օրենքները կամ լավ ու վատ աշխատող կառույցներն այնքան էլ էական նշանակություն չեն ունենում: Դրանից բացի, դրսի ներդրողներն ուսումնասիրում են, թե փոքր ու միջին ձեռնարկատերերն արդյո՞ք կարողանում են իրեն սեփական բիզնեսը զարգացնել: Այսինքն, ավելի շատ ուսումնասիրում են ներքին ներդրողների խնդիրներն ու վարքագիծը: Դա ավելի կարևոր է դրսի ներդրողների համար: Ինչ վերաբերում է մնացած գործոններին, ապա դրանք նպաստող են, օգտակար են, սակայն որոշիչ լինել չեն կարող»,- ասաց Կ. Ճշմարիտյանը:
Արմինե Գրիգորյան