Կաթնամթերքը փչանում է, թափում ենք
ECONOMICSՍյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչները հուսահատության եզրին են. գյուղացին իր արտադրանքը մեծ դժվարությամբ է սպառում:
Կաթն այստեղ վերամշակող գործարանները լիտրը 100–120 դրամով են մթերում: Շաքիի բնակիչների պնդմամբ՝ դա ձեռնտու չէ գյուղացուն: Նրանցից շատերը վերամշակող ընկերություններին կաթ չեն հանձնում:
«Պանիրն էլ մնում է՝ չի վաճառվում: Փչանում է, տոննաներով պանիր ենք թափում: Ընկերությունները կաթի փոշուց մեծ քանակությամբ կաթնամթերք են արտադրում, գյուղացու արտադրանքն էլ մնում է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին նրանք:
Կաթնամթերքի իրացման պատճառով Աղաջանյանների ընտանիքն անասնագլխաքանակն է կրճատել: Այսօր էլ թանկ անասնակերի պատճառով պատրաստվում են եղածն էլ վերացնել:
«Ամեն ինչ անում ենք՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, բայց չի ծախվում: Պանիր ենք անում, փչանում է, ում ասում ենք՝ եկեք, առեք, ասում են՝ գումար չկա»,– նեղսրտեց Լուսիկ Աղաջանյանը:
Նույն խնդրի առաջ են կանգնած մարզի մյուս համայնքները: Բալաք համայնքում տարիներ ի վեր կաթի մթերում չի իրականացվել: Այս տարի, սակայն, գործարաններն այստեղ կաթ գնելու են եկել: Անասնապահությամբ զբաղվող բնակիչների տեղեկացմամբ՝ վերամշակող ընկերությունները ժամանակ առ ժամանակ են համայնք գալիս:
«Միակ խնդիրը, որ կաթի ռեալիզացիա չկա: Փչանում է, թափում ենք»,– բողոքեցին նրանք:
Այստեղ 43 տնտեսության կա, բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն ամենաքիչը 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի:
Պատրաստած պանիրը գյուղացիներն այլ ապրանքների հետ են փոխանակում: Երևանում բարեկամներ ունեցողներն էլ այն մայրաքաղաք վաճառելու են ուղարկում:
«Գալիս են, ապրանքով են փոխանակում, բայց պանիրն էժան են հաշվում, գյուղացիները ճար չունեն, հանձնում են»,– պատմեցին նրանք:
Տեղի բնակիչները մսի իրացման խնդիր էլ ունեն: Թեև մայրաքաղաքի սուպերմարկետներում և խանութներում մսի գներն աստղաբաշխական են, բայց արտադրողն այն համեմատաբար ավելի ցածր գնով է վաճառում:
Անկեղծանում են, եթե իրացման և ապրանքների գնային քաղաքականությունը մշակված լիներ, գյուղացին երբեք դժգոհություն չէր բարձրացնի։
«Իրացումը ո՞նց է լինում՝ գալիս են, 1500–1600 դրամով միսը մսավաճառները տանում և 2600 դրամով ծախում են, դու 3 տարի պահում ես անասունը, բայց քեզ մսի մի կիլոգրամում 500 դրամ էլ օգուտ չի մնում ու ավելի քիչ ես շահույթ ստանում, քան վերավաճառողները»,– ներկայացրեցին անասնապահները:
Գյուղացիների մեծ մասը ցանկանում է հրաժարվել անասնապահությունից, քանի որ գյուղատնտեսության այս ճյուղը վաղուց իրենց եկամուտ չի ապահովում: Անասուններին միանգամից վերացնել էլ դեռ չեն շտապում:
«Չպահենք ի՞նչ պետք է անենք, ստեղ գործ չկա, ստիպված ենք անասուն պահում: Ճիշտ է՝ նախկինի նման շատ չի անասնագլխաքանակն ու գնալով կրճատում ենք, բայց մեկ–երկու հատ, այնուամենայնիվ, կպահենք, որ գոնե տանն ուտելու մածուն ու պանիր ունենանք»,– ասացին մեր զրուցակիցները: