Գյուղացիների միայն 10%–ն է կարողացել ոռոգման ջրի գումարը վճարել
ECONOMICSԱրմավիրի մարզի Շենիկ համայնքի երեք բնակիչ դատարանում են հայտնվել: Նրանք հողի հարկը չեն վճարել: Համայնքապետարանն էլ անպարտաճանաչ հարկատուին պատասխանատվության առաջ է կանգնեցրել: Նրանց պարտքը 400000 դրամից է սկսում: Համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի առաջ հայտնված գյուղացիները մի քանի տարի է, ինչ հարկ չեն վճարել:
«Այդ մարդկանց երեսը չենք տեսնում: Մենք ծանուցումն ուղարկում ենք, բայց իրենք չեն բերում փողը վճարում: Այդ գյուղացիներից մեկին էլի էինք դատարան տվել, սակայն, ներեցինք: Իզուր էլ, բայց ներել ենք, անցավ էլի 3–4 տարի ու կրկին գումարը չի վճարում»,– պարզաբանեց համայնքի ղեկավարը:
Ի տարբերություն այս հարկատուների, ոռոգման ջրի հարցում համայնքի մեծամասնությունը կարող է ամեն րոպե իրավապահ մարմինների հետ գործ ունենալ: Շենիկի բնակիչներից միայն 10% է ոռոգման ջրի գումարը վճարել: Մինասյանը շտապում է ավելացնել, որ այս դեպքում հողագործն անբարեխիղճ չէ: Հողերն են անորակ, շատ ջուր են կլանում, նրանք էլ գումարի բեռի տակից դժվարությամբ են դուրս գալիս:
«Բաղրամյանի տարածաշրջանի հողերն անպիտան են, բերք ստանալու համար պետք է շատ ջրել: Մեկ հեկտար հողը ջրելու համար գումարը 100000 դրամ է կազմում, ո՞նց կարող են տալ: Պարտքն էլ 300000– 500000 դրամ է կազմում: Մեկ հեկտար ջրելու գումարն են միայն տալիս, մնացած պարտքն էլ մնում է, երբ ջրայինը ցանկանա, կարող է դատարան տալ»,– ասաց նա:
Չնայած դրան՝ Կորյուն Մինասյանին հաջողվել է սեփական եկամուտների կատարողականն 80%–ով ապահովել:
Հաջող գյուղատնտեսական տարվա դեպքում, շենիկցիներից ոչ ոք չի զլանում ժամանակին պարտավորությունները կատարել: Տարվա ընթացքում անհաջողությունների շղթան ուղեկցել է հողագործին: Նրանք դժվարին իրավիճակում են հայտվել նաև կրծողների պատճառով:
Այգիների մեծ մասն այստեղ վնասվել է: Դեռևս անցյալ տարվա աշնանից գլուխ բարձրացրած մկները ծառերի արմատները կրծել են: Գարնանն էլ պարզվել է, որ այդ ծառերը չորացել են: Շենիկում կրծողների գրոհից մատղաշ ծիրանենիները, սալորենիները ու խնձորենիներն են վնասվել:
«60–70 հեկտար այգի չորացել է` հաշվեք դրա բերքը, և եթե անգամ, քիչ քանակով էլ բերքը հաշվենք, միևնույն է, միլիոնների կորուստ ենք կրել»,– ասացին շենիկցիները:
Որոշներն էլ ցրտահարության ու երաշտի պատճառով են տուժել:
«Խաղողն է 50%–ով ցրտահարվել: Բերքը պակաս է եղել, դրանից էլ գումար չենք աշխատել»,– նշեցին մեր զրուցակիցները:
Այստեղ բնության արհավիրքներից մշտապես տուժում են: Մի տարի կարկուտ, մի տարի ցրտահարություն, և այսպես շարունակ: Տարերային աղետների պատճառով գյուղացին եկամուտ չի ստանում` հարկերն ու վարկի տոկոսներն էլ մարել չի կարողանում:
Շենիկցի հողագործն այսօր հաճախ է հիշում և հիշեցնում Թումանյանի գրական հերոսի խոսքը, թե. «Մեր ապրուստն ինչ է, մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա, երկնքից կախված...»:
Մանյա Պողոսյան