Կարեն Չիլինգարյան. «Ջրի կորուստները նվազեցնելու փոխարեն «Վեոլիա ջուր» ընկերությունը հեշտ ձև է գտել»
ECONOMICSԵկող տարվանից կբարձրանա նաև խմելու ջրի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա օրերին պատրաստվում է քննարկել հարցը: Ըստ ՀԾԿՀ–ի՝ խմելու ջրի և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայում սակագինը կազմում է 180 դրամ:
Միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Իսկ մեկ խորանարդ մետր ջրահեռացման ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նորն ուժի մեջ մտնելուց հետո կդառնա 28,7 դրամ:
«Ջրի սակագնի բարձրացումն անընդունելի է, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ծառայության որակը չի բարձրացրել»,– Past.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Հիշեցրեց, երբ Կառավարությունը պայմանագիր կնքեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ, կետերից մեկի համաձայն՝ ջրի գնի բարձրացում էր սպասվում: Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, հանրությունն այդ մասին տեղյակ չի եղել:
Բացի սա, ընկերությունը թանկացման մեկ այլ փաստարկ էլ է մատնանշում: Ջրի սպառումն է նվազել:
1 խմ ջրի՝ 14 դրամով թանկացումը «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահն անտեղին է համարում:
Փոխարենը, ըստ նրա, ընկերությունը զբաղվի ջրի կորուստների հետ կապված հարցերով, գինն է բարձրացնում:
Կարեն Չիլինգարյանը նշեց, որ երբ ընկերությունը պայմանագիր էր կնքում, Երևանում միայն ջրի կորուստը գնահատվում էր 80–85%: 2015 թվականին թիվը հասցվել է 70–75%–ի, որը միևնույն է, դարձյալ շատ է:
«Հեշտ ձև է գտել, սակագին բարձրացնել, մինչդեռ պետք է կորուստները նվազեցնել: Պատկերացնո՞ւմ եք, այդքան ջուրը որտեղ է կորչում, ստացվում է՝ այդ դեպքում Երևանը պետք է ջրի մեջ հեղեղված լինի: Միայն 20–21%–ն է սպառողին հասնում»,– շեշտեց նա:
Հաճախ նշվում է, թե Հայաստանի տարածքում խմելու ջրի ամենացածր սակագինն է գործում՝ համեմատած միջազգային գների հետ: Եվրոպական երկրների հետ համեմատվելիս, Չիլինգարյանի խոսքով, մոռանում են մատնանշել, թե միջին աշխատավարձը մյուս երկրներում քանի անգամ է գերակշռում մեր երկրում սահմանված աշխատավարձի չափին:
«Գինն էլ կախված է եկամուտներից: Այնտեղ եկամուտները բարձր են: Այնտեղ մշտապես նաև ջրի որակն է կարգավորվում՝ մաքրման աշխատանքներ են կատարվում: Մի քանի այլ տեխնիկական աշխատանքներ են տարվում մինչև ջուրը սպառողին է հասնում: Այստեղ միայն թեթև քլորացում է կատարվում»,–փաստեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը:
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ջրի թանկացումը, Կարեն Չիլինգարյանը նկատեց, որ շուրջ 8% թանկացումն արդեն իսկ ծանր բեռ է սպառողի համար: Չբացառեց, որ այն կարող է բերել շղթայական թանկացումների:
Նրա կարծիքով, սակայն, ջրի թանկացման շուրջ լուրջ ընդվզումներ չեն լինի, ինչպես տրանսպորտի և էլեկտրաէներգիայի դեպքերում:
Մանյա Պողոսյան