Ջրային կոմիտեն դրոնների օգնությամբ քարտեզագրելու է ոռոգվող հողատարածքները
ECONOMICSՋրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2017-ի սկզբին գույքագրված 88.5 հազար հեկտար ոռոգվող հողատարածքներին տարվա ընթացքում միացել է ևս 8930 հեկտարը: Սակայն դա չի նշանակում, որ ոռոգվող հողատարածքներին ավելի քան 8 հազար 900 հեկտար է ավելացել, այլ կոմիտեի աշխատանքների արդյունքում օրինական դաշտ են բերվել ապօրինի ոռոգվող հողատարածքները:
Lրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասել է, որ աշխատանքները շարունակվում են նաև 2018-ին:
«Մենք արդեն խնդրել ենք ՊՆ-ին, որ ոռոգման սեզոնին հնարավորություն տա մեզ դրոններ օգտագործել ու ամբողջովին ֆիքսել ոռոգվող հողատարածքները Հայաստանում: Հետո դա կտեղափոխենք քարտեզների վրա, որ ամեն տարածաշրջանում ունենանք իրական պատկերը»,-ասաց կոմիտեի նախագահը:
Հարցին ի պատասխան, թե ինչպիսին է հանրապետությունում ոռոգվող և անջրդի հողերի թվային պատկերը` Արսեն Հարությունյանը նշեց` ուսումնասիրություններով առանձնացրել են 26.1 հազար հեկտար հողատարածք հանրապետության տարբեր մարզերում, որտեղ ոռոգում ապահովելու համար մեծ միջոցներ են անհրաժեշտ:
Դրան զուգահեռ Արարատյան դաշտավայրում առկա է 25 հազար հեկտար ոռոգվող հողատարածք, որը ֆերմերների կողմից չի օգտագործվում:
«Պատրաստվում ենք դիմել կառավարություն և հասկանանք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել նշյալ 26 հազար հեկտարը վերականգնելու համար: Ունենք ևս 24 հազար հա չոռոգվող հողատարածք»,-ավելացրեց կոմիտեի նախագահը:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ իրենց կառույցի գերակա խնդիրներից է ջրաչափերի տեղադրումը ողջ ոռոգման համակարգում, մասնավորապես, առաջնային և երկրորդ կարգի ջրանցքներում:
«2017-ին մենք ամբողջությամբ ուսումնասիրել ենք շուկան, ակնկալում ենք, որ 2018-ին այդ սարքերը կտեղադրվեն ու մեզ մոտ ստեղծված դիսպետչերական կենտրոնում առցանց համակարգով կտեսնենք, թե ջրանցքներում ինչ ծավալի ջուր է անցնում»,-նշեց Հարությունյանը: