Մխիթարյան. Միգուցե սա լավագույն պահն էր ՄՅՈւ-ից հեռանալու համար
SPORTpast.am-ը գրում է.
«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «ESPN Brasil»-ին տված հարցազրույցում խոսել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու 3 հիմնական պատճառների մասին:
«Երբեմն, իհարկե, որոշակի թարմության կարիք ես ունենում:
Քանի որ ես արդեն 29 տարեկան եմ, ցանկանում էի ավելի շատ խաղալ: Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, և ինձ համար շատ կարևոր է անունս էլ ավելի հեղինակավոր դարձնելը:
Այդ իսկ պատճառով, գուցե` սա հեռանալու լավագույն ժամանակն էր, ինչպես նաև լավագույն ժամանակն էր ինչ-որ բան փոխելու, նոր մարտահրավեր, նոր ակումբ ունենալու և ամեն ինչ զրոյից սկսելու համար»,- ասել է Մխիթարյանը:
«Իմ նախկին մարզիչներից շատ բան եմ սովորել, այդ թվում` Կլոպից և Մոուրինյուից, և ես ցանկանում եմ նաև շատ բան սովորել Արսեն Վենգերից:
Դեռ շատ վաղ է նրանց համեմատելը, ինձ դեռ ժամանակ է անհրաժեշտ Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, գալուցս ի վեր արդեն իսկ շատ բան եմ սովորել, բայց ավելին եմ ցանկանում»,- եզրափակել է իր խոսքը 29-ամյա հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` սպասվում է, որ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շվեդական «Էստերսունդի» հետ փետրվարի 15-ին կայանալիք արտագնա խաղին:
Հայ ֆուտբոլիստն այդ մրցաշարում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով: