Արցախում բնակվում են ճիշտ դաստիարակված մարդիկ. ռուս լրագրողը կիսվել է այցի իր տպավորություններով
SOCIETYՌուսական «Интересный мир» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը Արցախի Հանրապետություն կատարած այցելությունից հետո վստահ է՝ Լեռնային Ղարաբաղը աշխարհի եզակի վայրերից է, որն իրական է:
Ինչպես հաղորդում է past.am-ը, ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ նա կիսվել է այցելության վերաբերյալ իր տպավորություններով:
«Այցելելով աշխարհի շատ գեղեցիկ և էկզոտիկ վայրեր՝ Ղարաբաղը համարում եմ այն քիչ վայրերից մեկը, որը ես իրական եմ անվանում: Այո, կան ավելի բարձր լեռներ, ավելի էկզոտիկ բնություն, ավելի հարուստ երկրներ: Բայց Ղարաբաղն իրական է: Ի՞նչ եմ ներառում այդ բառի մեջ: Այստեղ բնակվում են ճիշտ դաստիարակված մարդիկ, ովքեր շատ բան են ապրել և զարմանալի կերպով այդքանից հետո ոչ թե ավելի վատ, այլ ավելի լավ մարդ են դարձել: Նրանք ոչ ոքից ոչինչ չեն խնդրում: Միակ ցանկությունն այն է, որ իրենց հանգիստ թողնեն և թույլ տան հանգիստ ապրել այն հողի վրա, որն իրենցն են համարում: Եվ այդ հարցում ես նրանց հետ լիովին համաձայն եմ: Բացի այդ, ես ոչ մի տեղ ինձ այդքան ազատ և միաժամանակ անվտանգ չեմ զգում, որքան Ղարաբաղում: Պարադոքսալ է՝ հաշվի առնելով այս երկրի դրամատիկ պատմությունն ու ոչ դյուրին ներկան, բայց փաստ»,- նշել է Շիրյաևը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին իր այցը: Լրագրողը գոհունակությամբ է արձանագրել այն, որ կնոջ հետ սիրահարների տոնը նշել են արցախյան բարձրադիր ձյունոտ բնակավայրերից մեկում:
Միաժամանակ նրան ոգևորել է այն հանգամանքը, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մարդիկ ճանաչել են իրեն՝ հայտնելով, որ նայում են իր լուսանկարներն ու կարդում հոդվածները:
Շիրյաևը նշել է, որ Արցախից վերադառնալուց հետո հավաքել է մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կմշակվեն և կհրապարակվեն հոդվածների հետ:
Նրա ֆեյսբուքյան գրառման տակ շատերն են մեկնաբանություն թողել՝ կատակելով, որ այսուհետ պետք է խուսափի Բելառուս այցելելուց: Արցախ այցից հետո Մինսկում ձերբակալված, այնուհետև Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ևս կատակել է՝ ադրբեջանական ակցենտավորմամբ ռուսերենով մեկնաբանելով, որ այցից հետո կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»: