«Ծնողներս չէին ցանկանում, որ ես դերասան դառնայի». Թելման Խաչատրյան՝ «հայկական կինոյի նոր տղան»
LIFEԶուսպ, բարի, մարդկային եւ ներողամիտ՝ այսպիսին է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից Լեոն, որն արդեն հասցրել է որակվել՝ որպես «հայկական կինոյի նոր տղա»: Հենց այս կերպարի շնորհիվ հեռուստադիտողը բացահայտեց նաեւ երիտասարդ դերասան Թելման Խաչատրյանին, որը թեեւ նախկինում էլ էր ծանոթ շատերին, բայց՝ որպես հաղորդավար: Թելմանն այսօր Instagram-ում ունի տարբեր ֆան-էջեր, իսկ փողոցում նրան հաճախ ժպտում են ու հետաքրքրվում, թե ինչ զարգացումներ են սպասվում իր մարմնավորած հերոսին: Թելմանն անկեղծորեն խոստովանում է՝ ինքն էլ տեղյակ չէ սերիալի հետագա զարգացումներից, բայց NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանը մի շարք բացահայտումներ է արել իր մասին՝ պատմելով հետաքրքիր անվան ընտրության, հաղորդավար դառնալու երազանքի, Թատերական ընդունվելու դժվար ճանապարհի, գործընկերոջ՝ Կարեն Ասլանյանի հետ արտաքին համեմատության եւ հարաբերությունների, ինչպես նաեեւ՝ առօրյա նախասիրությունների մասին:
Թելման, կցանկանայի, որ զրույցը սկսեինք Ձեր հետաքրքիր անվան ընտրությունից: Ո՞վ է Ձեզ այդպես անվանել:
Իրականում այդ պատմությունը որոշել էի չպատմել, համենայն դեպս՝ ոչ հիմա (ժպտում է): Բայց լավ, պատմեմ… Պապիկիս անունն է եղել Թելման, որն, ի դեպ, ասում էր, որ պարտադիր չէ իր անունով ինձ կոչել, բայց հայրիկս հենց այդ անվամբ էր ցանկանում ինձ կնքել, պապիկս էլ ասել է՝ լավ, եթե իմ ծննդյան օրը ծնվի, այդպես էլ կանվանեք, իսկ եթե ոչ՝ այլ անուն կընտրեք: Ու այդպես հետաքրքիր բան ստացվեց՝ ես ծնվեցի հենց պապիկիս ծննդյան օրը՝ մայիսի 8-ին: Խաչատրյան Թելման Անդրանիկի՝ պապիկս էր, ու նույն անունը կրում եմ այսօր ես՝ նրա անունը, ազգանունն ու հայրանունը փոխանցվել են նաեւ ինձ…
Հավատո՞մ եք անվան նշանակությանը մարդու ճակատագրի հարցում:
Իհարկե, պապիկի անունը կրելը կարծում եմ՝ պատվավոր է եւ պարտավորեցնող: Պապիկս բավականին հաջողակ մարդ է եղել՝ թե կյանքում, թե գործում… Հուսով եմ՝ փոխանցվել է (ժպտում է):
Ընտանիքում այլ դերասաններ կա՞ն:
Չէ, ընտանքումս դերասաններ չկան: Ես առաջինն եմ ու հուսով եմ՝ կլինեն դեռ շատերը (ծիծաղում է):
Այնուամենայնիվ, փոքր տարիքում հաղորդավար եք ցանկացել դառնալ: Ինչո՞վ էր պայմանավորված այդ երազանքը:
Երբ դեռ մանկապարտեզ էի հաճախում, ստացվում էր այնպես, որ ինձ միշտ տարբեր միջոցառումների ժամանակ հաղորդավարի կերպարն էր բաժին հասնում: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էի փայլաթիթեղով բարձրախոս պատրաստում ու դրանով փորձում այդ հանդեսը վարել (ծիծաղում է): Ու դրանից հետո անգամ, երբ ճամբարում էինք հանդեսներ կազմակերպում, միշտ ես ու մեր բակից մի աղջիկ հաղորդավարներն էինք լինում: Դա շարունակվեց նաեւ քոլեջում, դպրոցում եւ համալսարանում, մինչեւ որ արդեն պրոֆեսիոնալ դաշտում հայտնվեցի:
Շարունակությունն՝ այստեղ