Անչափ երջանիկ եմ եւ հուզված․ Միկայի տպավորությունները՝ Մանկական Եվրատեսիլից հետո
LIFEStyle.news.am-ը գրում է .
Սոֆիայում մեկնարկած «Մանկական Եվրատեսիլ 2015»-ն արդեն պատմություն է։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչ Դեսթինին, որը հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում ստացավ 185 միավոր (սա Մանկական Եվրատեսիլի մրցույթներում դեռեւս ամենաբարձր ցուցանիշն է)։ Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Միկան, որը ելույթ ունեցավ 11-րդ համարի ներքո՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ Իսկ երրորդում հայտնվեց Սլովենիայի պատվիրակ Լինան։

Մրցույթից հետո տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հաղթողի մամլո ասուլիսը, որում լավագույն եռյակում հայտնված փոքրիկ արտիստները ստանում են մրցանակները, ինչպես նաեւ կիսվում իրենց տպավորություններով եւ զգացողություններով։
- Մենք այս երեկոյի հերոսներն ենք, եւ ես անչափ երջանիկ եմ ու հուզված,- նշել է Միկան՝ ավելացնելով, որ իր հաջողության գրավականը վստահությունն էր։
Իհարկե, մամլո ասուլիսի ժամանակ պատվիրակները պատասխանել են նաեւ ներկա լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Միկան ապագայում չի ցանկանա մասնակցել «Եվրատեսիլին», փոքրիկ արտիստը նշել է․ «Այո, ինչու ոչ։ Ես մեծ հաճույքով կմասնակցեմ»։
Երեխաները պատմել են, թե ինչ տպավորություններ են ստացել Բուլղարիայում եւ ինչ են հիշելու այնտեղից։ Միկան նշել է, որ հիշելու է իր անցկացրած հիանալի ժամանակը, երկրորդ պատվավոր տեղը, իր մեծ երջանկությունն ու աջակից մարդկանց։

Իսկ վերջում փոքրիկ արտիստները իրենց խոսքն են ուղղել աշխարհի բոլոր մանուկներին։
- Երբեք մի հուսահատվեք եւ փորձեք հասնել ձեր երազանքներին, քանի որ մի օր դրանք անպայման կիրականանան,- ասել է Դեսթինին։
- Թող որ աշխարհում շատ սեր լինի, - նշել է Միկան։
- Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք, քանի որ դուք եզակի եք,- պատասխանել է Լինան։
Պատրաստեց՝ Յանա



