Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Ես նրա մասին չեմ երազել ու նրան չեմ սպասել, բայց... Ինգրիտ Կոկչյանն՝ ընտանիքի, սիրած տղամարդու և երկարատև լռության մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Թեև արդեն տևական ժամանակ է՝ հաղորդավարուհի Ինգրիտ Կոկչյանն էկրաններին չէ, սակայն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում հաղորդավարուհին անկեղծացել է ներկայիս հեռուստադադարի, նոր հետաքրքրությունների, հանուն անձնական կյանքի արված զոհաբերությունների, և իհարկե, ընտանիքի մասին: 

-Ինգրիտ, Ձեզ արդեն բավական ժամանակ է՝ չենք հանդիպում էկրաններին: Այդ լռությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Հիմա ես ուղղակի ապրում եմ առանց որևէ հրապարակային կյանքի ձգտող ամբիցիաների: Աշխատում եմ օրս ապրել մաքսիմալ հետաքրքիր, վերցնել աշխարհից այն, ինչ կարող եմ, փոխանցել իմ մտերիմներին: Մի խոսքով, այժմ հավաքում եմ տպավորություններ, գուցեև հետագայում բերեն որևէ ստեղծագործական արդյունքի, չգիտեմ:

-Չե՞ք կարոտում էկրանային կյանքը:

-Ոչ:

-Բայց այդ երկարատև լռությունը ռիսկային չէ՞, չե՞ք վախենում մոռացվելուց և ասպարեզից դուրս մնալուց:

- Լռությունն ընտրություն է, ժամանակավոր ընտրություն, քանի որ, իմ կարծիքով ավելի լավ է «լռել», քան առանց ասելիքի «խոսել» ու այստեղ-այնտեղ երևալ: Տարիքի հետ ես սկսեցի ավելի շատ հարգել այն ժամանակը, որն ինձ տրված է ու ծախսել այն բացառապես այնպիսի գործերի, նախագծերի վրա, որոնք և ինձ, և հեռուստադիտողին ինչ-որ բան կտան… Կտան զարգացում, կամ հետաքրքիր մարդկանց հետ շփման հնարավորություն, ինձ որևէ նոր բան կսովորեցնեն: Ինչ վերաբերում է մոռացվելուն, ապա կարծում եմ՝ այն մարդիկ, ում ես պետք եմ, այսպես թե այնպես,  կհիշեն իմ մասին: Կարճ ասած՝ սա շատ մտածված ու իմաստավորված լռություն է, որի համար ես ո՛չ փոշմանում եմ, ո՛չ էլ վախենում:

-Արդյոք նոր առաջարկներ չունեք, կամ, գուցե՝ ինքնատիպ մտահղացո՞ւմ՝ նոր կերպարով ներկայանալու:

-Իհարկե, առաջարկներ լինում են, բայց հեռուստատեսություն վերադառնալ ներկայում գործող շոու-բիզնեսի որակում՝ լինի դա դերասանուհու, թե հաղորդավարուհու կարգավիճակով՝ ես համաձայն չեմ: Իսկ մտահղացում ունեմ, սակայն ինձ որոշ ժամանակ է պետք այն կատարելագործելու համար: Այնպես որ առայժմ նախընտրում եմ լռել:

-Ի դեպ, այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ գործունեություն եք ծավալել:

- Տարիներ շարունակ աշխատել եմ որպես գովազդների ռեժիսոր, եղել եմ տարբեր գովազդային նախագծերի տնօրեն, գրել եմ սցենարներ և այն պահին, երբ շատ հետաքրքիր, շահավետ գործնական առաջարկով պիտի մեկնեի արտերկիր, հանդիպեցի ՏՂԱՄԱՐԴՈՒ, սիրահարվեցի ու մնացի իմ երկրում… Որոշ ժամանակ չաշխատեցի, իսկ հետո ստեղծեցի իմը:

-Չէի՞ք ձանձրանում:

-Ոչ, ազատ ժամանակս անց էի կացնում նախորդ տարիների գերզբաղվածության պատճառով մի կողմ դրած գրքերի ընթերցանությամբ, նոր ֆիլմեր դիտելով, հետաքրքիր ցուցահանդեսների ու համերգների  հաճախելով ու ուղղակի վայելելով ինձ համար հաճելի մարդկանց հետ շփումը՝ հանգիստ ու առանց շտապելու: Բազմաթիվ նոր բաներ սովորեցի ու արդյունքում ձևավորվեց իմ նոր հոբբին՝ փայտե զարդեր պատրաստելու գաղափարը, որով էլ հիմա զվաղված եմ` ավելի լրջացնելով իմ հոբբին ու դարձնելով այն իմ ամենօրյա գործը: Ամեն օր նոր բաներ եմ սովորում, նոր նյութերի հետ ծանոթանում, նկարում, կարդում դեկորի ու էթնիկ զարդանախշերի մասին բազում գրքեր... Մի խոսքով, գտել եմ ինձ հետաքրքիր գործ, որը հաճույքով եմ անում:

-Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է դառնալ Ձեր ապագա բիզնեսը:

-Այո, այդ գործընթացն արդեն սկսել է:

-Նշեցիք, որ հանդիպելով Ձեր տղամարդուն, մնացիք Հայաստանում. փաստորեն՝ հանուն անձնական կյանքի, երջանկության պատրաստ եք զոհաբերե՞լ Ձեր կարիերան:

-Ինձ համար միշտ առաջին տեղում է իմ ընտանիքը: Մերիլին Մոնրոն էլ ասում էր, որ կարիերան լավ բան է, բայց ցուրտ գիշերով քեզ չի տաքացնի… Միանգամայն համաձայն եմ (ժպտում է):

-Ինգրիտ, Ձեզ հանդիպել ենք նաև դերասանուհու կարգավիճակում՝ նկարահանվել եք սերիալում: Որպես «մեջի» մարդ, ի տարբերություն նախորդ տարիների, ինչպե՞ս եք գնահատում այսօր սերիալային դաշտը: Թեկուզ որպես հանդիսատես՝ հետևո՞ւմ եք վերջին շրջանի կինոարտադրությանը:

-Նախկինում միշտ հետևում էի թե՛ հայկական կինոներին, թե՛ սերիալներին: Ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են դրանք զարգանում, ինչ թեմաներ են արծարծում, ինչպիսի կերպարներ են ներկայացնում… Բայց վերջին չորս տարում 5 րոպե անգամ չեմ դիտել հայկական հեռուստաալիք:

-Ինչո՞ւ, հենց այս 4 տարո՞ւմ հեռուստաարտադրանքի որակն այդքան վատացավ:

-Պարզապես հիմա չլինելով ոլորտում՝ կարող եմ ինձ թույլ տալ չանել այն, ինչ ինձ դուր չի գալիս: Ես հեռուստացույց առհասարակ չեմ միացնում, այն բուտաֆորիկ դեր ունի իմ տանը: Ես սիրում եմ ինքս ընտրել տեղեկատվական աղբյուրները, ֆիլմերը ՝ ի՞նչ լսել, կարդալ, նայել: Ֆիլտրում եմ արտաքին աշխարհի աղբը և թույլ չեմ տալիս, որ այն առանց զտման ներխուժի իմ կյանք: Հեռուստացույցը սպանում է ժամանակը, որն ինձ այդքան քիչ է տրված…

-Հավանաբար, այս հարցին բազմիցս եք պատասխանել, բայց շատերի համար փոքր-ինչ անհասկանալի է մնում, թե ի՞նչ պատճառով Աննա Կոկչյանը վերափոխվեց Ինգրիտի: Պարզապես նախընտրությո՞ւն էր, թե՞…

- Իսկ ինչո՞ւ են առհասարակ մարդիկ դա անում. Վուդի Ալլենը (Ալլեն Կոնիգսբերգ), Ջուդի Գարլենդը (Ֆրենսիս Գամմ), Բրունո Մարսը (Փիթեր Ջին Հերնանդես) կամ Ջուլիաննա Մուրը (Ջուլի Սմիթ) և այլն… Տարիքի հետ սկսում ես ինքդ քեզ հետ նորովի ծանոթանալ ու կամաց-կամաց հղկել քո կերպարը՝ գտնում քո մազերի ձևը, այն հագուստը, որն ամբողջությամբ բնորոշ է քեզ, քո խոսելու ձևը, բնորոշ ժեստերը, ծիծաղը և այլն: Նույն կերպ մի օր կարող ես հասկանալ, որ քո անունը  բացարձակապես չի խոսում այն կերպարի, այն մարդու հետ, որը դու դարձել ես: Բնականաբար, այդ դեպքում պետք է փոխել անունը, որպեսզի ներդաշնակության մեջ մնաս ինքդ քո հետ ու այն մարդու, որին այդքան տարիների աշխատանքից հետո ստացել ես քեզնից:

-Ինգրիտ, գեղեցիկ կանանց դեպքում, երբեմն, մասնագիտական հաջողությունները կապում են նրանց արտաքինի, հաճախ նաև նպաստավոր սիրային կապերի հետ: Ձեր փորձից, ձեռք բերված հաջողություններից ելնելով՝ կպնդե՞ք, թե՞ կհերքեք այս կարծրատիպը:

- Կարող եմ ասել, որ դա զուտ կնոջ ընտրության հարցն է: Ժամանակակից կինը կարող է իրեն թույլ տալ անել ամեն ինչ՝ օգտվել սեփական արտաքինից, սեքսուալությունից ու դրա միջոցով հասնել հաջողությունների: Կամ էլ ուղղակի լինել աշխատասեր ու յուրաքանչյուր գործին մոտենալ առանց որևէ կասկածի կամ վախի, ոտք մեկնել իրենց գործում ամենաուժեղ ու մրցունակ տղամարդկանց հետ:

-Ձեր դեպքում ո՞ր գործոնն է դեր խաղացել:

-Իմ դեպքում՝ իմ արտաքին տվյալները ինձ միայն խանգարել են աշխատանքում: Երբեք չեմ խառնել գործնականը այլ հարթությունների հետ և ինչ-որ մեկի սիրուհու կարգավիճակում մեկ րոպե անգամ չեմ գտնվել:

-Հայտնի մարդկանց անձնական կյանքը չի կարող վրիպել և անտարբեր թողնել երկրպագուներին. Ինչպես նկատեցի, Ձեր կողքին արդեն իսկ կա Ձեր երազած ու սպասած տղամարդը:

-Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ես նրա մասին չեմ երազել ու նրան չեմ սպասել, բայց  մեր հանդիպման պահից մինչ այսօր՝ միասին ենք: Ես միշտ սիրում եմ առաջին հայացքից: Իսկ եթե չսիրեցի առաջին հայացքից, էլ հնարավոր չի ուշադրությունս գրավել: Այդպես էլ այս անգամ եղավ:

-Մտածո՞ւմ եք ամուսնության, հարաբերություններն օրինականացնելու մասին:

-Ինձ հետաքրքիր է, ինչո՞ւ, օրինակ, կարելի է նյարդայնանալ շենքի հին հարևանի «բա չես ամուսնանում» հարցից, բայց մտածել, որ կարելի է նույն բանը հարցնել անծանոթ կնոջը, ու նրան դա դուր կգա (ժպտում է)…

-Որպես, հաղորդավարուհի՝ Ձեզ արդեն ծանոթ ենք: Հենտաքրքիր է, ինչպիսի՞ն եք որպես մայր, չէ՞ որ 10-ամյա որդի ունեք: Խի՞ստ մայրիկ եք:

-Այո, ես խիստ մայրիկ եմ: Կարծում եմ, ծնողների գործած մեծագույն սխալներից է, երբ ծնողը երեխայի ներքին աշխարհի, հետաքրքրությունների ու զգացողությունների նկատմամբ անտարբեր լինելով՝ փոխարենը լավ կերակրում ու հագցնում է:

-Իսկ երբ ծնողը երեխայի հետ ընկե՞ր է լինում:

-Դա երկրորդ սխալն է: Երկու դեպքում էլ ծնողը կորցնում է իր դիրքերը, հեղինակությունը և ամենակարևորը՝ վստահությունը: Փոխարենը, ես մշակել եմ դաստիարակչական մի մոդել, որում յուրաքանչյուրս մեր դերում ենք: Ես շատ եմ զրուցում երեխայիս հետ, բացատրում նրան յուրաքանչյուր իրավիճակ, որում հայտվում ենք, բացահայտում մարդկանց կերպարներն՝ ում հետ առընչվում ենք: Սովորեցնում եմ նրան ամեն քայլափոխին, սովորեցնում՝ վերլուծել, լինել ազնիվ, լսել խղճի ձայնը, ճիշտ ընտրություն կատարել տարբեր իրավիճակներում, սիրել կյանքը, նկատել մանրուքներ, սիրել մարդկանց, ու ամենակարևորը՝ չվնասել մարդկանց: Նա վստահում է ինձ ու գիտի, որ իր կարծիքը ինձ համար շատ հետաքրքիր է:

-Իսկ կնոջ ո՞ր տեսակին եք պատկանում, ըստ Ձեզ:

-Կարծում եմ, վերլուծություններս ինձ չեն մոլորեցնում ու ես գտել եմ իմ տեսակի կնոջ լավագույն կերպարը. կատարյալ կինն անում է միայն այն, ինչ տղամարդն ուզում է, և այն՝ ինչը տղամարդու մտքով անգամ անցնել չէր կարող: Ամենն արվում է մայրական հոգատարության, կրքոտ սիրո, հարգանքի ու հավատարմության շրջանակներում: Ահա այս բանաձևն եմ կիրառում այսօր:

-Ինգրիտ, դուք միշտ շրջապատված եք եղել այնպիսի տղամարդկանց սիրով և ուշադրությամբ, ովքեր շատերի համար իդեալական տղամարդու կերպար են (Սոս Ջանիբեկյան, Արման Մարգարյան)… Հիմնականում, ի՞նչն է պատճառ դառնում, որ «բաց եք թողնում» նրանց: Ի դեպ, կնոջ և տղամարդու մեջ ընկերական հարաբերություններ կարո՞ղ են պահպանվել սիրավեպից հետո: 

- Բազմիցս նշել եմ, որ  որոշում եմ կայացրել չամուսնանալ. ես տղամարդուն բաց եմ թողնում հանդիպման պահից սկսած, ու երբեք չեմ ապրել չսիրված տղամարդու կողքին, դա ինձ համար կարևոր է: Իսկ ընկերություն անելը, միանշանակ, հնարավոր է… Գիտեք, ամեն ինչ շատ պարզ է, եթե մենք ուզեինք միասին լինել, ապա չէինք դադարի լինել: Ձեզ ուղիները տարբեր կողմ են տանում, ինչը ամենևին էլ չի նշանակում, որ դուք չեք կարող մարդկային, ընկերական հարաբերություններ պահպահել միմյանցից բաժանվելուց հետո: Ընդհակառակը, դա շատ հեշտ է, դուք արդեն իրար լավ ճանաչում եք, գիտեք բոլոր մանրուքները ու կարող եք, եթե ոչ լավ ընկերներ, ապա գոնե միմյանց պաշտպանը լինել՝ հարգելով այն ճանապարհը, որը միասին անցել եք: Ես հավատում եմ, որ հարաբերությունները պետք է ավարտվեն այնպես ինչպես սկսել են՝ սիրով ու հարգանքով:

-Մարդկային ո՞ր տեսակը կարող է Ձեզ գրավել և որ տեսակը՝ հիասթափեցնել:

- Չեմ սիրում իրենց խնայող մարդկանց:

-Խանդո՞տ եք բնավորությամբ:

-Խանդը համարում եմ մարդկային զգացողություններից ամենաստորը՝ նախանձից հետո, այն պարտվողների զգացողություն է: Խանդել, նշանակում է կասկածել կամ ինքդ քո, կամ՝ քո զուգընկերոջ, կամ ձեր հարաբերությունների որակի վրա: Բոլոր երեք դեպքերում էլ հարաբերությունները դառնում են անառողջ: Ես կողմ եմ բոլոր առումներով առողջ հարաբերություններին, իմ հարաբերություններում  կա համատեղ հարգանք, սեր ու վստահություն: Ինձ վիրավորում է իմ հանդեպ խանդը, ու ես երբեք խանդելու առիթ չեմ տալիս: Ինքս էլ խանդոտ չեմ, չեմ «խեղդում» կողքիս տղամարդուն ինձնով, ուղեղս էլ թույնով չեմ լցնում:

-Ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:

-Ես ամենը համեմատում եմ մահվան հետ, ինչպես Կաստանեդան... Կյանքն ընկալում եմ որպես դաժան խաղ, որի կանոններին ծանոթ չեն մասնակիցները: Հետևաբար, պիտի մարդիկ միմյանց օգնեն՝ առանց հարցեր տալու, որ գոյատևեն: Կողմ եմ պարզ մարդկային հարաբերություններին: Մեծերի ասած՝ աշխարհ, մեռնել կա…

24.11.15, 18:24

Նելլի Մարգարյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California