Yerevan, 15.September.2026,
00
:
00
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԻՇԵԼ ՓՈԼԱԴՅԱՆ

ԿԱՄԱՐԻ ՍՏՎԵՐԸ

Շատերն են գրել և կգրեն, որ գրել են, զուր են գրել Եվ կգրեն, շատ կգրեն, որ տխուր են և կգրեն, որ շատ են գրել շատերի մասին և կգրեն Նրանք, ովքեր գրել են կամ մտածել են, որ գրել են..

1963

Գարնանային Երևան... Եվ ինչ-որ անբավարարվածություն, որը, չգիտես ինչու, ստիպում է քեզ փողոց դուրս գալ:

Սկսում ես քայլել: Մի պահ քեզ թվում է, որ չմտածված քայլեր են, հենց այնպես... Մելանխոլիա... 

Բայց, քեզանից անկախ, քայլերդ գնում են ինչ-որ ուղղությամբ, քեզ ինչ-որ տեղ են տանում: Ուզում էիր անիմաստ քայլել, բայց ոտքերդ ինչ-որ տեքստ են գրում, ինչ-որ բան ասում: Այդ պահին հասկանում ես, որ մյուսներն էլ են գրում` ամենօրյա միապաղաղ տեքստ, ոմանք գուցե և ինչ-որ ողբերգություն: Իմիջիայլոց, ո՞ւր են տանում քեզ քո քայլերը: Այդքան էլ տարբերակներ չկան` Հրապարակ, Օպերա, Մոնումենտ կամ էլ Մատենադարան: 

Պարզ է՝ ամեն անգամ քայլերդ տանում են քեզ դեպի մի իմաստային կենտրոն: Կարծես թե գտնվում ես այդ կենտրոնների ձգողական ուժի ազդեցության տակ: Եվ դա անցած ճանապարհները նմանեցնում է տարօրինակ մի տեքստի: Վերջիվերջո, քայլելը նույն բանն է, ինչ գրելը: Քաղաքը, այդպիսով, դառնում է հսկայական, բազմահատոր վեպ` միլիոնավոր գործողություններով, ուր ամեն մեկը գրում է իր ճակատագիրը:

Մատենադարանը` երևանյան տարածության մեջ, անկասկած, ներկայացնում է իմաստային հանգույցներից մեկը, գուցե ամենակարևորը. կարելի է բարձրանալ դեպի Մատենադարան (ճանապարհ դեպի իմաստը), կարելի է իջնել Մատենադարանից (բաշխել իմաստը), կամ էլ Մատենադարանից նայել քաղաքին (հիանալի իմաստային հանդեսով` մտանայել): 

Սակայն Մատենադարանը նման չէ Հրապարակին (մի ուրիշ հանգույց). Մատենադարանը հագեցված է ուրիշ, յուրօրինակ իմաստով: Չէ՞ որ Մատենադարանում են գտնվում հայկական ամենահին ձեռագրերը, հայ մշակույթի և պատմության երաշխիքը, սկիզբը... Սկզբում կար Մատենադարանը:

Իսկ Հրապարակն արդեն քաղաքական, հասարակական տարածություն է, այնտեղ է գտնվում կառավարական շենքը: Հետևում, հեռու-հեռու, իր ճերմակ հսկայությամբ նստած է մի ուրիշ, միլիոն անգամ ավելի հզոր իմաստային կենտրոն` Արարատը... 

Չէ՞ որ նա է «վեպի վերջը», աշխարհի անկումը և վերածնունդը, այսինքն` Նոյի տապանը... Բայց վերադառնանք Հրապարակին: Հրապարակը գալիս է Մատենադարանից հետո: Ինչո՞ւ...

Որովհետև նա կարող է գոյություն ունենալ միայն այն ժամանակ, երբ տրված է իմաստային սկիզբ, արդարացում. Հրապարակը կա, քանի որ Մատենադարանում ինչ-որ ձեռագիր երաշխավորում է այն: 

Առաջ, քառասուն տարի առաջ մի ուրիշ բարձրության վրա գտնվում էր մի ուրիշ երաշխիք` Մանումենտը և Ստալինի արձանը, բայց այն, չգիտես ինչու (ավելի ճիշտ` գիտես) չդիմացավ ժամանակի փորձությանը: Մատենադարանը ավելի հին էր, ավելի վստահելի...

Մնում է Օպերան: Մատենադարանի և Հրապարակի միջև: Որպես աստվածային երաժշտություն (Պլատոնը իսկույն կհամաձայներ), այն կապված է Մատենադարանի հետ, իսկ որպես վոդևիլ զվարճություն, Հրապարակի հետ:

Հետաքրքիր է, որ ղարաբաղյան առաջին հանրահավաքները տեղի էին ունենում Մատենադարանի տակ (իմաստի երաշխիք), իսկ այսօր դրանք տեղի են ունենում Օպերայի դիմաց: Ուշագրավ է Մատենադարանի ճարտարապետությունը: Նախ` նրա մուտքը, որը հիշեցնում է Մովսեսի մատյանը` իր տասը պատվիրանով: 

Պատուհաններ չկան, խիստ ու տպավորիչ պատեր, պետք է պաշտպանել գաղտնիքը: Ձեռագրերը գտնվում են «քրմերի» հսկողության տակ, որոնց վճարում է...

 Հրապարակը: Տեսնել մոտիկից ձեռագրերը` կարող են միմիայն վստահելի անձինք: Լռության մեջ, ուշադրություն, սա մի հասարակ գրադարան չէ ուսանողների համար, ովքեր հաճախ չունեն ոչ մի հարգանք: Ոչ, սա գրադարան չէ. սա հայ մշակույթի դամբարանն է: Այստեղ ապրում է իմաստը:

Ամեն մի ազգ իր պարտականությունն է համարում պաշտպանել իր մշակույթի հիմքերը` ինքնապահպանման բնական բնազդ: Հարցը դա չէ, այլ հետևյալը. կարո՞ղ է, արդյոք, մշակույթն ընդհանրապես զարգանալ, բարգավաճել, երբ նրա ամեն մի քայլին առաջանում են արգելքներ` հանուն այդ նույն հիմքերի: 

Մշակույթն իր էությամբ կարիք ունի հերքումի. ժխտման, և դա ամենևին չի նշանակում հիմքերի անհետացում: Հայրը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ որդին համաձայն չէ իր հետ:

Պետք է հաշտվի, եթե ցանկանում է, որ որդին, իր հերթին, ինչ-որ բան կառուցի: Իմիջիայլոց. ահա` ինչ է գրում վերոհիշյալ ձեռագրերի պաշտպաններից մեկը. «Պահպանեք իմ գիրը, փախուստի և պատերազմի դեպքում վերցրեք այն ձեզ հետ քաղաք, թաքցրեցեք այն: Իսկ խաղաղ ժամանակ, վերադարձրեք գիրքը եկեղեցուն, կարդացեք: Մի թաքցրեք այն, մի թողեք անբաց, քանի որ գաղտնի գրքերը միմիայն կուռքեր են»:

Մատենադարանի ստվերը, եթե վերցնենք Մատենադարանը որպես Օրենք (դեռ Մաշտոցից սկսյալ), շարունակում է մինչև օրս իր սանձի տակ պահել մշակութային կյանքը. վերադարձը հին ուղղագրությանը կարող է ծառայել որպես ակնհայտ օրինակ: 

Իհարկե, հայ մշակույթի պատմության մեջ եղել են և կան այսօր գրողներ, նկարիչներ, փիլիսոփաներ, որոնք փորձել են տարբերվել, ինչ-որ կերպ ազատվել կամարի ստվերից: Անկասկած: Բայց տարբերվել ինչ ձևով: 

Արտասահմանյան մշակույթին հետևելով, մի խոսքով, արտասահմանյան ըմբոստացումը Հայաստան տեղափոխելով: Դա է գուցե պատճառը, որ արտասահմանյան մշակույթն անտեսում է նրանց:

Ի՞նչ պետք ունի ֆրանսիական ընթերցողը Տերյանի, երբ նա ունի իր սեփական Վեռլենը: Նորը հայկական մշակույթի մեջ կարող է ծնվել միմիայն հայկական Օրենքի առկայության շնորհիվ: 

Եվ սա պահանջում է վիթխարի համարձակություն. պատրա՞ստ ես գնալ ինքդ քո դեմ. քանզի Օրենքն ինչ-որ կերպ դու ես: Քանի՜-քանի դար է արդեն, որ հայ մտավորականը ենթարկվում է նույն նենգ սպառնալիքին. հա՞յ ես, թե՞ ոչ. ինչպե՞ս կարող ես քո լեզուն և քո կրոնը ոտնահարել: 

Եվ մնում է վերադառնալ Մատենադարանին, այսինքն` կրկնել Հոր խոսքը: 

Զարմանալի չէ, որ հայ մտավորականը հայտնի էր և հայտնի է հատկապես իր թարգմանչական արվեստով: Հայաստանը դառնում է կամաց-կամաց մի մեծ թանգարան, բայց կա՞, արդյոք, մեկը հասկանալու համար, որ այդ նույն ժամանակ և այդ նույն պատճառով մեռնում է հայ մշակույթը... Ահա երեկոն... 

Քայլերդ անգիտակցաբար քեզ վերադարձնում են տուն: Տանը կնստես հեռուստացույցիդ առջև և կնայես, կունկնդրես Հրապարակին... Պետք է ընտրել նոր նախագահ... Իսկ այնտեղ` հեռվում, մշուշի մեջ Նոյի տապանը շարունակում է սպասել:

 

ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ԴՈՒ ԻՆՁ ՉՆԵՐԵՍ

Դու ինձ չներես, իմ սե՛ր, անգի՜նս,

Արարատներս ո՜րբ են, անխնա՜մ,

Բոսոր է դարձել լազուր երկինքս,

Հոգիս խոցերից եղել արնաքամ: 

Դու ինձ չներես, որ սիրուս համար Ես չեմ պահանջել երկրիս ամրություն, 

Արարատնե՜րս չեմ ուզել որպես Սիրավառ սրտիդ հույժ վկայություն, 

Որ ակունքն եմ ես նոր արշալույսի, 

Բայց կորուստներիս ցա՜վն եմ մունջ կոծում, 

Որ քեզ սիրելով չեմ մղել մարտի, 

Քանի՛ Տիգրան է ոգիս բորբոքում... 

Ես ինչպե՞ս կոչվեմ սիրուհի, կին, մայր. 

Սիրառատ սիրտս քեզ չի՛ պատկանի,

Թե բազկիդ թափով չանես շանթահար Դժնի ոսոխին Մեծ Հայաստանի...

 

ԱՆՏԻԿ ԿԱՐՈՏ

Ես դեռ լսում եմ հին աստվածների աղոթքն անավարտ.

Գոյության քինոտ մարտերում ընկած՝ անթաղ ընդոծին,

Նրանց ոգեղեն պատմությունը դեռ շրջում է անպարտ,

Որ սարսուռներով բացվի մեր հոգու կո՛ւյր  մշուշներին:

Ուրվականները ե՜րբ պիտի գտնեն անդորր սրբագին.

Կրակին տրված հոգիներն անգամ դարձ են սպառնում,

Հեթանոսական այս ի՜նչ մրմունջ է իջած իմ  շուրթին,

Որի դեմ ծնկած մեղա եմ գալիս այսպես անդադրում:

Եվ ո՜ւմ հոգին է ինձ հաղորդակից դառնում  ակամա՝

Սրբած պատմության գորշ փոշիների շերտը վճռագույն Եվ հիշողության ինչ-որ անստույգ 

պատկերներ ահա 

Բերում են ի տես իմ նոր հավատի շուրթերն անհագուրդ:

... Դուք դեռ չեք սսկվել, և ես հոգուս մեջ  զգում եմ կրկին

Ինչ-որ հեռավոր մշտնջենական շշունջ ահարկու,

Ջնջե՛ք իմ կյանքի այս երգիծական

վայրկյանը չնչին,

Ճախրանքներ տվեք` ձեր մեհյաններին վերադառնալու...

***

Ի՜նչ երջանկություն, կանգնել հինավուրց

վանքերիդ առջև ու լո՜ւռ աղոթել,

աղոթել մեռած հին աստվածներին, նորին՝ աղոթել,

թարգմանիչ դառնալ լռող քարերին՝ սարսուռով պատվել,

կյանքը այս զգալ իմ երակներով հոսող արյան մեջ,

ու ալիքներին իմ մունջ մտքերի երերալ անվերջ, 

որտեղ չկայի՝ ինձ տեսնել այնտեղ,

թախիծը զգալ, որ չեմ լինելու,

և պատմությունը քարի լեզվի մեջ

բա՜րձր է հնչելու:

Ի՜նչ երջանկություն, կանգնել հինավուրց

քարերիդ առջև ու լուռ աղոթել,

և անագորույն դատը վերապրել ժամանակների,

ներկային ժպտալ ու ճանապարհել

Տիբրի մեղմահոս ալիքների հետ,

աղոթել սիրուն՝ կենաց խորհրդում,

կյանքին աղոթել...

***

Ի՜նչ ժխոր է. բառաթափը այս չարաղետ

Դատարկում է երկինքներս համբերության,

Ու մնում է աշնան շեմին մարմինս մերկ՝

Վրան գույներ՝ վառ, ճչացող անհուսության:

Մաքրում են մեր հետքերը թաց փողոցներից

(Աշուն-աղջիկ, այսքան դիեր ինչպե՞ս թողնեմ  անգերեզման)

Ես գիտեի՝ իմ բառերն են դավելու ինձ:

Տեսնես ո՜ւր է տանում ճամփան անդարձության:

Խորտակիր ինձ ծիծաղներիս ծովերում թաց,

Ափերիս մեջ էլ չի մնում գոլը վերջին:

Այսպես անգո, այսպես թափուր, անէացած

Ձեզ եմ տալիս սիրուց կառչած իմ լույս հոգին:

Մաքրում եմ ինձ երակներիս կապույտ լացից,

Շնկշնկացող լեզուներից` հրո, արյան,

Ու կախվում եմ ինձ վեր տանող այն պարանից՝

Փռփռացող լույսերի մեջ գունածածան...

***

Այնքան անգին է քեզ համար թախծել,

Նայել երկիրը լրող երկնքին,

Քո հեռուների մշուշը շոյել

Ու էլ չսպասել քո վերադարձին:

Այնքան անգին է քեզնով մեղանչել,

Միայնակ նստել սենյակում փոքրիկ,

Ոտքերս գրկած հանգիստ օրորվել,

Կարոտդ շոյել այսքան երգեցիկ:

Օդը նյութեղ է, մշուշը` մարմնեղ,

Դատարկիդ պահը ոսկեշուրթ քերթող,

Զառանցանքներս են քեզնով հեղեղվել

Թերթիս էջերին տարածվել տող- տող:

 

 

 

 

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution